Գարեգին Բ-ն շնորհաւորել է «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» բարեգործական հիմնադրամին գործունէութեան 25-ամեակի առիթով


Գարեգին Բ-ն շնորհաւորել է «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» բարեգործական հիմնադրամին գործունէութեան 25-ամեակի առիթով

  • 24-07-2017 11:08:00   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Յուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարներին, ակնաբուժներին եւ բարերարներին:
Բարեգործական հիմնադրամի հայաստանեան գրասենեակի պատասխանատու Նունէ Եղիազարեանն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նախագծի սկզբնաւորման պատմութիւնը եւ անցնող քսանհինգ տարիների գործունէութիւնը, խօսեց Կապանում մարզային ակնաբուժական կենտրոնի բացման մասին:
 
Հիմնադրամի հիմնադիր-նախագահ ակնաբոյժ Ռոջեր Օհանեսեանն իր հերթին եւս անդրադարձաւ բարեգործական ծրագրի մտահղացմանը՝ երախտագիտութեամբ յիշելով ծրագրին մասնակից բոլոր բժիշկներին եւ անհատ բարերարներին: Նա նաեւ ընդգծեց, որ ծրագրի բարեյաջող իրականցմանը մեծապէս նպաստել է այն, որ ի սկզբանէ հիմնադրամը ստացել է Հայոց Եկեղեցու օրհնութիւնը եւ մշտապէս համագործակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ:
Այնուհետեւ հիմնադրամի գործունէութեան 25-ամեակի առիթով ներկաներին շնորհաւորեց եւ իր օրհնութիւնը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ծրագրի առաջին օրուանից քաջ ծանօթ է հիմնադրամի գործունէութեանը, որը, տիար Ռոջեր Օհանեսեանի նուիրեալ ջանքերի շնորհիւ, հայրենիքի կեանքի դժուարին ժամանակաշրջանից սկսած առ այսօր օգնում է տեսողութեան խնդիրներ ունեցող հայորդիներին՝ հասնելով նրանց բնակութեան ամենահեռաւոր շրջաններն ու վայրերը:
Մեծապէս կարեւորելով հայրենակիցների եւ, մասնաւորապէս, սոցիալապէս անապահով քաղաքացիների առողջութեանն ու ակնաբուժական խնամքին  ուղղուած բարեգործական այս նախագիծը՝ Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց հիմնադրամի պատասխանատուներ՝ պրն. Ռոջեր Օհանեսեանին, տիկ. Նունէ Եղիազարեանին, ինչպէս նաեւ բոլոր այն բարերար անձանց ու ակնաբոյժներին, ովքեր մաս եւ բաժին ունեն այս օրհնեալ ծառայական գործում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդիւնաւէտ գործունէութիւն ու բարի ընթացք մաղթեց հիմնադրամին եւ Հայկական ակնաբուժութեան նախագծի կողմից ձեռնարկուած բոլոր նոր ծրագրերին:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն