Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփիւռքահայ ուսուցիչների հետ
24-07-2017 19:10:40 | | Մամլո հաղորդագրություն
Յուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակից սփիւռքահայ ուսուցիչներին՝ ուղեկցութեամբ Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանեանի:
Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց ծրագրին 16 երկրներից մասնակցող ուսուցիչներին՝ տեղեկացնելով, որ Սփիւռքի ամենօրեայ եւ կիրակնօրեայ ուսումնական հաստատութիւններում դասաւանդող ուսուցիչների վերապատրաստութիւնը արդէն 18-րդ անգամ է անցկացւում՝ այս տարի՝ Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի կողմից։ Ռեկտորն անդրադարձ կատարեց նաեւ կրթութեան եւ Սփիւռքի կրթական խնդիրների հանդէպ Մայր Աթոռի կողմից ցուցաբերուող ուշադրութեանը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը մանկավարժներին եւ նրանց սրբազան առաքելութեանը։
Այնուհետեւ սփիւռքահայ ուսուցիչներին ողջունեց եւ իր հայրապետական պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը, ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով, իր գնահատանքը յայտնեց ուսուցիչներին այն յանձնառութեան համար, որով, կարեւորելով իրենց աշխատանքը, ամէն տարի գալիս են Հայաստան վերապատրաստուելու։
Նորին Սրբութիւնը կարեւորեց հայրենիքի եւ ազգային կառոյցների կողմից հայցեցի կրթութեան եւ դաստիարակութեան գործին ընծայուող ուշադրութիւնը՝ ընդգծելով, որ դպրոցը ազգի ինքնութեան պահպանման ամենակարեւոր կառոյցներից է։ Այս կապակցութեամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը յայտնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը, ուսումնական կառոյցներին եւ մանկավարժներին, ովքեր, հասու լինելով Սփիւռքում ուսուցիչների կարեւոր առաքելութեանը հայ մանուկների կրթութեան ու դաստիարակութեան, ինչպէս նաեւ հայ ինքութեան պահպանութեան գործում, պատասխանատուութեամբ եւ նախանձախնդրութեամբ իրականացնում են սփիւռքահայ մանկավարժների վերապատրաստման ծրագիրը։
Կարեւորելով հայ դպրոցի առաքելութիւնը ազգային կեանքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւով նշեց, որ Սփիւռքում այսօր նահանջ է ապրում հայեցի կրթութիւնը։ Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց, որ հայ դպրոցի միջոցով է փոխանցւում ազգային ոգին, այնտեղ է կերտւում հայորդին եւ ձեռք բերում ազգային սրբազան արժէքների, պատմութեան ու հայոց մեծերի ճանաչողութիւնը, գիտելիքներ, որոնք նպաստում են ազգային ինքութեան ու գիտակցութեան զօրացմանը՝ այդպիսով երաշխաւորելով նաեւ յետագայ ներգրաւումը ազգային կեանքից ներս։
Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ հովուապետական իր տարբեր այցերի ընթացքում թեմակալ առաջնորդների եւ հոգեւոր դասի հետ քննարկել է մտահոգիչ այս խնդիրը՝ շեշտելով եկեղեցիների կողքին հայ դպրոց ունենալու անհրաժեշտութիւնը՝ անվտանգ պահելու հայ ինքնութիւնը։ Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ առաջիկայ տարի Մայր Աթոռում եւս կը սկսուի իրականացուել նմանօրինակ վերապատրաստման ծրագիր՝ զօրակցելու Սփիւռքում ազգային կրթական հաստատութիւնների եւ Հայոց Եկեղեցու հովանու ներքոյ գործող դպրոցների մանկավարժներին։
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց ուսուցիչներին կենսագործել դարերի խորքից փոխանցուած աւանդները եւ կոչման բարձր գիտակցութեամբ շարունակել իրենց ծառայութիւնը ազգին՝ մաղթելով, որ Աստուած օրհնի, զօրացնի եւ արդիւնաւոր դարձնի նրանց ջանքերը։
Հանդիպմանը ներկայ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանն իր հերթին ուսուցիչներին ներկայացրեց կրթական ոլորտում կենտրոնի կողմից իրականացուող ծրագրերը։ Սրբազանը մասնաւորապէս անդրադարձաւ հանրակրթական ոլորտում ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Մայր Աթոռի միջեւ սերտ համագործակցութեանը, ինչպէս նաեւ Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող երկու դպրոցների, մանկապարտէզի եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունէութեանը։ Վարդան եպիսկոպոսը նաեւ տեղեկացրեց Հայաստանի 140 կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստման եւ ի զօրակցութիւն Սփիւռքի թեմերի կիրակնօրեաների նախանշուող ծրագրերի մասին։ Ուսուցիչներին հանգամանօրէն ներկայացուեց Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ ութ հայորդեաց տների օգտաշատ կրթայ-դաստիարակչական առաքելութիւնը։