Պարզեցւում են առեւտրային կազմակերպութիւնների միջեւ քաղաքացիաիրաւական պայմանագրերից բխող վէճերի լուծման ընթացակարգերը


Պարզեցւում են առեւտրային կազմակերպութիւնների միջեւ քաղաքացիաիրաւական պայմանագրերից բխող վէճերի լուծման ընթացակարգերը

  • 28-04-2011 17:22:21   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 28-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «ՀՀ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագծին, որի ընդունման շնորհիւ ակնկալւում է արագացուած դատաքննութեան միջոցով հնարաւորինս պարզեցնել առեւտրային կազմակերպութիւնների միջեւ քաղաքացիաիրաւական պայմանագրերից բխող վէճերի լուծման ընթացակարգերը եւ առաւել սեղմ ժամկէտներում վերականգնել համապատասխան կազմակերպութիւնների իրաւունքներն ու նպաստել վերջիններիս բնականոն գործունէութեանը: Հաւանութիւն է ստացել նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Հրապարակային սակարակութիւնների մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագիծը, որի ընդունման դէպքում կը կանխուեն գոյքի հանրային վաճառքի վիճակահանութեան վարման ընթացքում ի յայտ եկող հնարաւոր թերացումները, կը պարզեցուեն հանրային վաճառքի իրականացման ընթացակարգերը: Կառավարութիւնն անյետաձգելի է համարել այս երկու օրէնքների նախագծերը: Կառավարութիւնը նաեւ հաւանութիւն է տուել «Հհ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Օպերատիւ հետախուզական գործունէութեան մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու օրէնքների նախագծերի փաթեթին, որով առաջարկուող կարգաւորումների շնորհիւ հնարաւորութիւն կը ստեղծուի սահմանափակել անհիմն ստուգումները եւ ուշադրութեան կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսավարողներին, ինչպէս նաեւ աւելի արդիւնաւէտ օգտագործել պետական ռեսուրսները: Գործադիրը հաւանութիւն է տուել «Էլեկտրօնային հաղորդակցութեան մասին» ՀՀ օրէնքում լրացում, «Վարկային տեղեկատուութեան շրջանառութեան եւ վարկային բիւրոների գործունէութեան մասին» ՀՀ օրէնքում` փոփոխութիւն եւ լրացումներ կատարելու օրէնքների նախագծերին, որոնց նպատակն է վերացնել հեռահաղորդակցութեան ոլորտում գործունէութիւն իրականացնող օպերատորների կողմից վարկային բիւրոներին տեղեկութեան տրամադրման օրէնսդրական խոչընդոտները: Կառավարութեան հաւանութիւնն է ստացել «Պետական գոյքի մասնաւորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2010թ. տարեկան հաշուետուութիւնը», որի նպատակն է առաւել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացուող մասնաւորեցման քաղաքականութիւնը եւ դրա արդիւնքները: Վերը նշուած օրէնքների նախագծերը սահմանուած կարգով կը ներկայացուեն ՀՀ Ազգային ժողով:
  -   Տնտեսութիւն