Բացուեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութեան նոր համալիրը


Բացուեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութեան նոր համալիրը

  • 14-09-2017 16:37:03   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ տիար Սերժ Սարգսեանի, տեղի ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութեան նոր շէնքի բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Միջոցառմանը ներկայ էին դպրոցի բարերար տիար Էդուարդոյ Էօրնեկեանը, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Արմաւիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանը, Էջմիածնի քաղաքապետ Կարէն Գրիգորեանը, պաշտօնատար այլ անձիք, օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ,  կազմակերպութիւնների ղեկավարներ, բարերարներ, պատուաւոր հիւրեր, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ եւ ծնողներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութիւնը հիմնադրուել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ազնիւ բարերութեամբ Էդուարդոյ Էօրնեկեանի՝ ի յիշատակ բարերարի ծնողների` տէր եւ տիկին Փանօս եւ Սրբուհի Էօրնեկեան ամոլի: 2012 թուականին Վեհափառ Հայրապետի նախաձեռնութեամբ եւ տիար Էդուարդոյ Էօրնեկեանի հովանաւորութեամբ սկսուեցին «Էօրնեկեան» հանրակրթական ուսումնական հաստատութեան նոր շէնքի կառուցման աշխատանքները (ճարտարապետ Արտակ Ղուլեան, շինարար Արամայիս Ոսկանեան): Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող կրթահամալիրն ունի 27 դասասենեակ, 8 լաբորատորիայ, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսութիւնների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցութիւնների եւ հանգստի սենեակներ: Ներկայումս դպրոցում գործում են 1-12-րդ թուով 32 դասարաններ՝ 471 աշակերտներով, որոնց դասաւանդում են 58 արհեստավարժ եւ հմուտ մանկավարժներ:
Դպրոցի մուտքի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին, ՀՀ նախագահին եւ բարերարին դիմաւորեցին շեփորահարներն ու թմբկահարները, ապա երկու էօրնեկեանցիներ նրանց մատուցեցին աղ ու հաց, որից յետոյ սկսուեց բացման պաշտօնական արարողութիւնը: 
Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը, որի ներքոյ բարձրացուեցին ՀՀ եւ Հայրապետական դրօշները:
Դպրոցի սաներ Գոռ Յարութիւնեանի (10-րդ դասարան) եւ Գոհար Աղաջանեանի (11-րդ դասարան) ողջոյնի խօսքերից յետոյ կատարուեց «Հրաշափառ» շարականը, որով եւ սկսուեց դպրոցի նորակառոյց շէնքի օրհնութեան կարգը` նախագահութեամբ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Արարողութեան աւարտին Նորին Սրբութիւնը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց բարերար Էդուարդոյ Էօրնեկեանին, ապա Վեհափառ Հայրապետը եւ բարերարը հատեցին դպրոցի մուտքի ժապաւէնը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ շրջայց դպրոցում: Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն, դպրոցի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը Նորին Սրբութեանը, ՀՀ նախագահին եւ բարերարին ներկայացրեց կրթական գործընթացի արդիւնաւէտ կազմակերպմանը, գեղագիտական եւ բարոյական դաստիրակութեան զարգացմանը նպաստող` դպրոցում ստեղծուած պայմանները: Բարձրաստիճան հիւրերն այցելեցին ժամանակակից տեխնիկայով յագեցած լսարանները, սարքերով եւ անհրաժեշտ նիւթերով կահաւորուած առարկայական` քիմիայի, կենսաբանութեան, ֆիզիկայի, ինֆորմատիկայի լաբորատորիաները, լինգաֆոնային դասասենեակը, որոնք ամուր հիմք են ստեղծում խոր եւ կայուն գիտելիքներ, հմտութիւններ եւ կարողութիւններ ձեռք բերելու համար:
Շրջայցից յետոյ նորակառոյց շէնքի դահլիճում տեղի ունեցաւ հանդիսութիւն:
«Էօրնեկեան» դպրոցի օրհներգից յետոյ ներկաներին իր խօսքն ուղղեց Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը: «Կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, կառուցում ենք վանք ու եկեղեցի, կառուցում ենք տնտեսութիւն եւ հիմքն ենք դնում առողջ ընտանիք կառուցելու նախաքայլին, որը հայորդիներիս համար եղել է սրբազան պարտաւորութիւն, որը չի սահմանափակուել միայն նիւթական հասկացողութեամբ, այլեւ հոգեւոր եւ իմացական կառուցումով, որով ապահովել ենք մեր ազգի գոյութիւնն ու յարատեւութիւնը: 
Հայ կեանքի կենտրոնը միշտ եղել եւ մնում է մարդը ու նրա կրթական նկարագիրը: Ազգային հայ դպրոց կառուցելով` մեր հաւատն ենք կառուցում՝ մեր զաւակների միջոցով յաւիտենականացնելով հայի տեսակի ինքնութեան ամբողջական նկարագիրը. այն դպրոցը, որը ոսկեդարից մինչեւ մեր ժամանակները մեզ երբեք չդաւաճանած հաւատի հիմնասիւնն ու ճշմարտութեան լուսաճառագ աղբիւրն է եղել», - ասաց Վարդան Սրբազանը` ընդգծելով, որ դպրոցական սեղանի ետեւում սովորած ճշմարիտ արժէքներն են, որ մեր ազգի մեծերին սխրանքների են ուղղորդել:
Ապա ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած ֆիլմը դպրոցի հիմնադրման, արձանագրած յաջողութիւնների եւ նոր ժամանակակից համալիրի կառուցման մասին:
Դպրոցի բացման առիթով իր խօսքն ասաց նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը` նշելով, որ Հայաստանի Հանրապետութիւնը ստանում է շատ գեղեցիկ նուէր, որը կարող է լուրջ դերակատարութիւն ունենալ տարածաշրջանում եւ Հանրապետութիւնում մեծ ծրագրերի իրականացման գործում: ԿԳ նախարարը շնորհակալութիւն յայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` կրթական համակարգի կողքին եւ նրան մասնակից լինելու, ինչպէս նաեւ Վեհափառ Հայրապետին` կրթութեան նկատմամբ դրսեւորուող հոգածութեան համար: Պրն. Լեւոն Մկրտչեանը նաեւ իր երախտագիտութիւնը յայտնեց ազգային բարերարին երկրի սրտում` Սուրբ Էջմիածնում, հրաշք դպրոցը ստեղծելու առիթով` յաւելելով, որ դա, իսկապէս,  օրինակ կարող է դառնալ շատ եւ շատ այլ բարերարների համար:  
Երախտագիտութեան խօսք ասաց նաեւ դպրոցի տնօրէն տիկին Սուսաննայ Վարդանեանը, ապա երգչախմբի կատարմամբ հնչեցին «Ես իմ անուշ Հայաստանի» եւ «Աշխարհն առանց պատերազմների» երգերը:
Հանդիսութիւնն ամփոփուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով:
«Տօնական օր է այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աշակերտներին  եւ մանկավարժներին ընդունելու համար իր դռներն է բացում Էօրնեկեան դպրոցի նորաշէն, մեծ ու գեղեցիկ այս շէնքը: Կրթօջախն այսուհետ կը գործի մայրավանքի տարածքում, որտեղից եւ սկիզբ է առել հայկական գիրն ու դպրութիւնը: 
Մեր Եկեղեցին սկզբնաւորման օրից ի վեր առանձնակի ուշադրութիւն է դարձրել ուսմանն ու գիտութեանը, որպէսզի մեր ժողովրդի լուսաւորուած միտքն ու հոգին ճանաչի աշխարհը եւ նրա Արարչին: Եկեղեցին եւ դպրոցը մեր կեանքի դիմագիծն են: Ամէնուրեք, որտեղ էլ ապրել է մեր ժողովուրդը, առաջին գործ որպէս՝ կառուցել է լուսաւորութեան այս օրրանները, որոնք եղան նաեւ ազգապահպանման կենսական աղբիւր եւ ապահով պատուար: 
Այսօր՝ տիեզերքի ճանաչողութեան, գիտատեխնիկական աննախադէպ նուաճումների մեր օրերում, անհրաժեշտ է, որ մարդկութիւնը հետ չմնայ նաեւ հոգեւոր կեանքի օրէնքները ճանաչելու մէջ, այլապէս կոյր սիրտը դէպի ու՞ր պիտի առաջնորդի մեր դարի գերունակ մարդու կարողութիւնները: Առաքեալը պատուիրում է՝ «ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն» (Եփ. Գ 19), քանզի չար բան չի խորհում եւ չարը չի գործում: 
Մեր զաւակներին բարու մէջ հաստատելու, հոգեւոր արժէքներով սնուցանելու եւ ամէն անհրաժեշտ գիտելիքները փոխանցելու գործում անփոխարինելի է մնում դպրոցի դերը, որտեղ երեխաները անցկացնում են իրենց կեանքի կարեւոր շրջանը՝  ուսման ու հասունացման աւելի քան մէկ տասնամեակ: 
Աճող սերնդի նկարագրի հիմերը, արդարեւ, պիտի կառուցենք ժայռի վրայ, որը, ինչպէս մեր Տէրը օրինակ բերեց, կանգուն է մնում հողմերի ու յորձանքների յանդիման, որպէսզի նրանք կարող լինեն դիմակայելու դժուարութիւններին եւ ունենան ներուժը արարելու, կեանքը բարեփոխելու եւ զարգացնելու: Այսօր գնահատանքով ենք արձանագրում, որ Էօրնեկեան դպրոցի պատասխանատուները եւ մանկավարժները, աջակցութեամբ մեր Եկեղեցու Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի, ջանում են կրթել համակողմանի զարգացած, հոգեւոր-բարոյական արժէքներ ունեցող անհատներ, պատասխանատու զաւակներ մեր ժողովրդի եւ հայրենիքի համար: Սէրը սաների նկատմամբ եւ ուսման մէջ պահանջկոտութիւնը պայմանաւորել են այն յաջողութիւնները համապետական օլիմպիադաներում, միջազգային մրցոյթներում, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում, մշակութային փառատօներում, որոնք գրանցել են, եւ հաւատում ենք, պիտի շարունակեն ձեռք բերել մեր դպրոցի սաները: 
Աստաւածաշունչը մեզ ուսուցանում է.  «Ով սիրում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ» (Սիրաք Լ 2). արդարեւ, սիրելի սաներ Էօրնեկեան դպրոցի, դուք ձեր աշխատասիրութեամբ ու ժրաջանութեամբ այդ երանութիւնը պիտի շնորհէք Մեզ, յարգարժան պրն. Էօրնեկեանին, որպէսզի աստուածաշնչական վկայութեամբ՝ պարծենանք ձեզանով, ոչ միայն մենք, այլեւ՝ ամէնքը, նաեւ օգտակար լինէք մեր երկրին՝ այս դպրոցից ձեր ստացած մէկի փոխարէն բերելով երեսուն, վաթսուն եւ հարիւր արդիւնք», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբութիւնը վերյիշեց, թէ ինչպէս ազգային բարերար Էդուարդոյ Էօրնեկեանը մեծ հոգածութեամբ ստանձնեց դպրոցի հովանաւորութիւնը` յանձն առնելով նաեւ նոր շէնքի կառուցումը: Աղօթք բարձրացնելով Փանօս եւ Սրբուհի Էօրնեկեանների հոգիների հանգստութեան համար` Հայոց Հայրապետը նշեց, որ տիար Էդուարդոյ Էօրնեկեանի ծնողասիրութիւնը, հայրենասիրութիւնը, ազգային ու հայրենական կեանքում բարեգործութիւնները,  անձնական յաջողութիւնները լաւագոյն օրինակ են դպրոցի սաների եւ բոլոր հայորդիների համար: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց պետական աւագանու ներկայացուցիչներին ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, հիւրերին եւ դպրոցի բոլոր բարեկամներին: Խորին շնորհակալութեան զգացումներով Վեհափառ Հայրապետն իր լաւագոյն մաղթանքները բերեց տիար Էդուարդոյ Էօրնեկեանին, նրա ընտանեաց անդամներին, նրան գործակից անձնակազմին, որոնց ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ իրագործել այս ամէնը:
Նորին Սրբութիւնն իր հայրական օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց նաեւ դպրոցի տնօրէնին, անձնակազմին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, ծնողներին, աշակերտներին եւ Մայր Աթոռի բոլոր այն կառոյցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի կայացման, նաեւ՝ նոր շէնքի կառուցման գործում:
Գարեգին Բ. Հայրապետը հայցեց Բարձրեալն Աստծուն խաղաղութեան մէջ պահպանել հայրենիքն ու ժողովրդին, լուսաւոր պահել հայոց կրթօջախները, պայծառ՝  Առաքելական Սուրբ Եկեղեցին: 
Վերջում դպրոցի բակում կատարուեց ծառատունկ: Վեհափառ Հայրապետը, ՀՀ նախագահը եւ Էդուարդոյ Էօրնեկեանը տնկեցին մշտադալար եղեւնիներ` ի նշանաւորումն դպրոցի նոր շէնքի բացման: 
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատութեան նոր կրթահամալիրի բացման արարողութիւնն աւարտուեց էօրնեկեանցի աշակերտների շուրջպարով:
  -   Մամլո հաղորդագրություն