ՀՀ Սփիւռքի նախարարը կոչ է անում հայ ճարտարապետներին<br /> միաւորուել Շանհայ Էքսպո-2010 ցուցահանդէսում Հայաստանի նախագծի<br /> շուրջ<br />


ՀՀ Սփիւռքի նախարարը կոչ է անում հայ ճարտարապետներին
միաւորուել Շանհայ Էքսպո-2010 ցուցահանդէսում Հայաստանի նախագծի
շուրջ

  • 01-10-2009 17:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը բաց նամակով կոչ է անում հայ ճարտարապետներին մասնակցել Շանհայ Էքսպո-2010 համաշխարհային խոշոր ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ներկայացնում է "The City of the World" (Աշխարհի քաղաքը) նախագիծը: Նախարարի բաց նամակի տեքստը ստորեւ ներկայացւում է ամբողջութեամբ: «Յարգելի հայ ճարտարապետ, 2010 թուականին մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետութիւնում տեղի կունենայ Շանհայ Էքսպո-2010 խոշորագոյն համաշխարհային ցուցահանդէսը, որի խորագիրն է «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կեանք»: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի 192 երկրներ եւ աւելի քան 50 միջազգային խոշորագոյն կազմակերպութիւններ: Սպասւող այցելուների թիւը կկազմի մօտ 100 մլն.: Բացի այդ, համաշխարհային Էքսպո ցուցահանդեսների պատմութեան մէջ առաջին անգամ բոլոր ֆիզիկական տաղավարները կառուցուելու են նաեւ վիրտուալ տարածքում, որի շնորհիւ աշխարհի գրեթէ իւրաքանչիւր քաղաքացի հնարաւորութիւն կունենայ այցելել ցուցահանդէսը: Էքսպո-2010 ցուցահանդէսում Հայաստանը ներկայացնում է "The City of the World" նախագիծը: Նախագծի հիմնական գաղափարն է Հայաստանում` Արարատեան դաշտավայրում, ստեղծել նոր քաղաք, որտեղ աշխարհի երկրները կներկայացուեն իրենց ազգային թաղամասերով: Նախատեսւում է իւրաքանչիւր թաղամասում կառուցել 5-7 բազմաբնոյթ բովանդակութեամբ ֆունկցիոնալ գօտիներ` բնակելի /հյուրանոցներ, առանձնատներ/, առեւտրի, հանգստի, առողջարարական, մշակոյթային: Սա ապագային ուղղուած մի նախագիծ է, որը լաւագոյնս կարտայայտի հայ ճարտարապետական միտքը եւ բացառիկ հնարաւորութիւն կընձեռի հայերին կրկին ներկայանալու աշխարհին որպէս արարող ազգ: Աշխարհի քաղաքը, համադրված վիրտուալ տարածութեան մէջ եւ իրականացուած իրական տարածութեան մէջ, կդառնայ քաղաքակրթությունների փոխգործունէութեան տարածութիւն, ազգային մշակոյթային նուաճումների յուսալի պահապան, կեանքի նորագոյն տեխնոլոգիաների ներդրման բարենպաստ միջավայր, աշխարհի իւրաքանչիւր քաղաքացու համար ապրելու յարմարաւետ վայր: Յարգելի' պարոն ճարտարապետ, իմ լաւ բարեկամ, հրաւիրում ենք Ձեզ մասնակցել Աշխարհի Քաղաքի ազգային թաղամասերի նախագծմանը` բերելով Ձեր նպաստը այս վերին աստիճան ազգանուէր եւ կարեւորագոյն նախագծին: Նախագծին մասնակցելու ցանկութեան դէպքում խնդրում ենք ստորեւ նշուած հասցեներին ուղարկեք հաստատման նամակ /ministry@mindiaspora.am; info@mindiaspora.am; contact@mindiaspora.am/: Ուղարկուած բոլոր նախագծերը կմիաւորուեն «Աշխարհի պատկերասրահ» խորագրի ներքոյ եւ Շանհայ էքսպո ցուցահանդէսի աւարտից յետոյ կտեղափոխուեն Հայաստան, որտեղ կցուցադրուեն մշտական եղանակով: Բացի այդ քաղաքի կառուցման որոշումը կայացնելուց յետոյ նախագծին մասնակցած իւրաքանչիւր ճարտարապետին կընձեռվի հնարաւորութիւն ղեկավարել իր իսկ կողմից նախագծուած թաղամասերի կառուցապատման ամբողջ գործընթացը: Հայրենակիցնե'ր, Շանհայի ցուցահանդէսում նման նախագծի ներկայացումը հիանալի հնարաւորութիւն է ամբողջ հայկական աշխարհի համար ոչ միայն եւս մէկ անգամ ապացուցելու հայ ազգի ստեղծագործ եւ արարող էությունը, այլ նաեւ կառուցելով Հայաստանի հողում աշխարհի երկրների ազգային թաղամասերը, յուրօրինակ երախտագիտության արտայայտութիւն` որպէս ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ազգի ներկայացուցիչներին այդ երկրների կողմից դրսեւորած գթասիրտ վերաբերմունքի դիմաց: Վստահ եմ, որ ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցները, միւս հայ ճարտարապետները եւս կմասնակցեն այս փայլուն ծրագրին, եւ այն իր յուրօրինակությամբ պէտք է դառնայ լավագույններից մէկը Շանհայում: Յուսով եմ, որ Ձեր կողմից կստանանք արագ եւ դրական արձագանք` մասնակցելու այս նախագծին»:
  -   Հասարակութիւն