Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցաւ Գերմանիայի նախագահի եւ Բեռլինի հայ համայնքի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցաւ Գերմանիայի նախագահի եւ Բեռլինի հայ համայնքի հետ

  • 19-10-2017 15:25:35   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եւրոպայում Ռեֆորմացիայի 500-ամեայ յոբելեանի յիշատակութեան շրջանակներում անցկացուող պաշտօնական միջոցառումների շրջագծից ներս, Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ պաշտօնական հանդիպում ունեցաւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: 
Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս իր գնահատանքն ու շնորհակալութունը յայտնեց Գերմանիայի ժողովրդին եւ իշխանութիւններին` Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար: 
Նոյն օրը Նորին Սրբութիւնը հանդիպեց Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում: 
«Հրաշափառ»-ի արարողութիւնից յետոյ բարիգալստեան խօսքով Նորին Սրբութեանը ողջունեց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքութեան պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը, ապա հրաւիրեց Վեհափառ Հայրապետին իր հայրական օրհնութեան խօսքն ու պատգամն ուղղելու բեռլինահայ հաւատացեալներին: 
Նորին Սրբութիւնն իր խօսքում մասնաւորապէս ասաց. «Գոհունակութիւն եւ քաջալերութիւն է Մեզ համար, որ ամուր է ազգանուիրումի եւ եկեղեցասիրութեան ոգին Գերմանիայում բնակուող աստուածասէր մեր հաւատաւոր զաւակների: Ամենայն գնահատանքի է արժանի թեմի շինութեանն ու ազգային-եկեղեցական կեանքի առաջընթացին ձեր բերած նպաստը, ինչպէս նաեւ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան կարեւոր գործի հանդէպ ձեր նախանձախնդրութիւնն ու հոգածութիւնը, ազգային ոգու փոխանցումը ձեր զաւակներին, ինչի վկայութիւյնն է ձեր համախմբումը դարաւոր մեր Եկեղեցու շուրջ եւ ակտիւ մասնակցութիւնը ազգային-եկեղեցական կեանքին: 
…Եկեղեցին դուք էք, սիրելի հաւատաւոր զաւակներ, հաւատաւոր ձեր կեանքով ու աստուածահաճոյ գործերով, առաքելական խօսքի համաձայն` «տաճար Հոգւոյն Սրբոյ» էք, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի: Յիրաւի, մեր դարաւոր պատմութիւնը նման է Փրկչի երկրաւոր կեանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձութիւններ, ցեղասպանութեան գողգոթայ, բայց Փրկչի հետ հաւատքի զօրութեամբ յարութիւն է առել մեր ժողովուրդը՝ կերտելով իր վերածնուած կեանքը: Այդ յաղթանակն է, որ այսօր երեւում է Գերմանիայի տիրախնամ թեմում արձանագրուած ձեռքբերումների մէջ, արտացոլւում եկեղեցանուէր ու ազգասէր ձեր կեանքի ընթացքներում»: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմութեամբ վերյիշեց Գերմանիայի Հայոց հովուութիւնում բերած իր ծառայութիւնը, Բեռլինում մատուցած պատարագները, ինչպէս նաեւ այդ տարիներին գերմանաբնակ հայորդիների բարի աջակցութիւնը: 
Ուրախութեամբ անդրադառնալով Գերմանիայի հայ համայնքի ազգային-եկեղեցական կեանքում նկատուող դրական զարգացումներին, առաջընթացին եւ նոր ձեռքբերումներին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց համայնքի անդամների աստուածսիրութեան ու հայրենասիրութեան ոգին եւ դրանցից ծնուած բարի գործերը` յորդորելով մշտապէս զօրավիգ ու զօրակից լինել Հայրենիքին: Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց նաեւ թեմակալ առաջնորդին, հոգեւոր դասին, թեմական, համայնքային վարչութիւնների անդամներին` մաղթելով առաւել կորով ու եռանդ` Գերմանիայի հայոց թեմի ազգային-եկեղեցական կեանքը նոր իրագործումներով հարստացնելու եւ համայնքում պայծառութիւն ու բարօրութիւն յաւելելու համար:

 
  -   Մամլո հաղորդագրություն