Երեւանում կ'անցկացուի հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների խորհրդաժողով


Երեւանում կ'անցկացուի հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների խորհրդաժողով

  • 27-04-2011 17:44:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 28-30-ին ՀՀ Սփիւռքի նախարարութան նախաձեռնութեամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի աջակցութեամբ տեղի է ունենալու «Հայկական առեւտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցելու է 9 երկրներից շուրջ 30 մասնակից: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան հաղորդագրութեան, խորհրդաժողովի անցկացման հիմնական նպատակն է ստեղծել «Հայկական առեւտրական ցանց» ընկերակցութիւնը, որի գործունէութեան առանցքային խնդիրներից է` ձեւաւորել գործող հայկական գործարար ընկերակցութիւնների (միաւորումների) համահայկական ցանց, խթանել առեւտրաարդիւնաբերական պալատների կամ բիզնես խորհուրդների ձեւաւորման գործընթացը եւ նպաստել ծագումով հայ գործարարների ներգրաւմանը վերոյիշեալ կառոյցներում, նոր գործարար ընկերակցութիւնների ստեղծմանը Սփիւռքի այն երկրներում, որտեղ դրանք դեռ ձեւաւորուած չեն: Գործարար ընկերակցութիւնների եւ ներգրաւուած անդամների միջեւ հաղորդակցութիւնն ապահովելու նպատակով ստեղծել համագործակցութեան հարթակ` նպաստելով բիզնես նախագծերի, ծրագրերի համատեղ իրականացմանը: «Հայկական առեւտրական ցանց» ընկերակցութեան նպատակներից է նաեւ ստեղծել նոր հնարաւորութիւններ ոչ միայն Հայաստան-սփիւռք, այլեւ Սփիւռք-սփիւռք գործարար կապերը ամրապնդելու, համահայկական գործարար ցանց` համազգային նշանակութիւն ունեցող հարցերին աջակցելու համար, այլ նաեւ` Հայաստանի եւ Արցախի ներդրումային մթնոլորտի եւ նոր ներդրումային հնարաւորութիւնների վերաբերեալ` Սփիւռքի գործարար եւ համայնքային կառոյցներին տրամադրել տեղեկատուութիւն եւ առաջարկել ծրագրեր, տարբեր երկրների փորձի կիրառմամբ, աջակցել Հայաստանի բիզնես մթնոլորտի բարելաւմանը, հնարաւոր պարզեցմանը:
  -   Տնտեսութիւն