Ապրիլի 24-ին Մոսկուայի Սբ. Յարութիւն եկեղեցու տարածքում կանգնեցուած խաչքարի մօտ տեղի ունեցաւ ծաղկեպսակ դնելու արարողութիւն


Ապրիլի 24-ին Մոսկուայի Սբ. Յարութիւն եկեղեցու տարածքում կանգնեցուած խաչքարի մօտ տեղի ունեցաւ ծաղկեպսակ դնելու արարողութիւն

  • 26-04-2011 19:47:41   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Մոսկուայի Սբ. Յարութիւն եկեղեցու տարածքում կանգնեցուած խաչքարի մօտ տեղի ունեցաւ ծաղկեպսակ դնելու արարողութիւնն` ի յիշատակ 1915թ. Օսմանեան կայսրութիւնում Ցեղասպանութեանը զոհ դարձած 1.5 անմեղ հայերի: Արարողութեանը մասնակցում էին Ռդ-ում ՀՀ դեսպանութեան աշխատակիցները` արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանի գլխաւորութեամբ, Ռդ-ում ԼՂՀ ներկայացուցչութիւնը, Մոսկուայում գործող հայկական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները, մոսկովեան բուհերի հայ ուսանողները, մշակոյթի եւ գիտութեան գործիչներն ու Մոսկուայում բնակուող հայերը: Դեսպան Եսայեանն, ուղղելով իր խօսքը ներկաներին, նշեց, որ հայերն ամբողջ աշխարհում այսօր, իրենց յարգանքի տուրքը մատուցելով 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակին, միասնաբար բարձրաձայնում են Մեծ Եղեռնի դատապարտման եւ միջազգային ճանաչման չդադարող կոչը: «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն անդարձելի գործընթաց է, որն օր օրի անընդունելի է դարձնում թուրքական պետութեան մերժողական քաղաքականութիւնը: Հայոց ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտ է ողջ մարդկութեանը եւ առաջին հերթին Թուրքիայի ժողովրդին»,- ասաց Օ.Եսայեանը: Դեսպանը նաեւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն պետութիւններին, որոնք պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել են 20-րդ դարի առաջին կէսին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը եւ, եզրափակելով իր խօսքը, նշեց, որ զոհերի յիշատակը յաւէրժացնող ամենազօրեղ յուշարձանը հայոց անկախ պետութիւնն է, որի շուրջ համախմբուելով` մեր ժողովուրդը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները: Օ.Եսայեանն, անդրադառնալով ապրիլի 24-ի այս տարուայ միւս կարեւոր խորհրդին, շնորհաւորեց մոսկուայաբնակ բոլոր հայերին Զատկի տօնի առթիւ: Ելոյթից յետոյ Սբ. Յարութիւն եկեղեցում անցկացուեց Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնին նուիրուած Սուրբ պատարագ:
  -   Քաղաքական