Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնութեան խօսք յղեց հայագիտական միջազգային գիտաժողովին

28-06-2018 13:42:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում ակադեմիկոս Լեւոն Խաչիկեանի ծննդեան 100-րդ տարեդարձի առիթով կազմակերպուած հայագիտական միջազգային գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնութեան խօսքը, որում ասւում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հիմնադիր տնօրէն ակադեմիկոս, բարեյիշատակ Լևոն Խաչիկեանի ծննդեան 100-րդ տարեդարձի առիթով Հայագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը՝ նուիրուած միջնադարեան Հայաստանի պատմութեանն ու մշակոյթին, հայկական ձեռագրական ժառանգութեանը: 
 
Մեր երկրի ու ժողովրդի կեանքում արդիւնաշատ վաստակ ունի անուանի հայագէտ, ակադեմիկոս Լևոն Խաչիկեանը: Որպէս Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հիմնադիր տնօրէն, նա իր ողջ կեանքը նուիրեց Մատենադարանի արդիւնաւոր գործունէութեանը, որտեղ խորհրդային տարիներին տեղափոխուեցին մեր վանքերի լուսաւոր յարկերի ներքոյ դարեր ի վեր ստեղծուած ու խնամքով պահպանուած ձեռագիր մատեանները: Վաստակաշատ ակադեմիկոսի ղեկավարութեան ներքոյ Մատենադարանը կարճ ժամանակում դարձաւ գիտական հզոր կենտրոն, որ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Հայաստանից դուրս: Մատենադարանի յարկի ներքոյ համախմբուեցին գիտութեան բազում նուիրեալներ, ովքեր իրենց անդուլ, քրտնաջան աշխատանքով նոր զարգացում պարգևեցին հայագիտութեանը՝ իր բոլոր ճիւղերով ու ոլորտներով:   
Պահպանուող հոգևոր գանձերով Մատենադարանը եղել և շարունակում է հարազատօրէն կապուած մնալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, և այսօր առանձնակի գնահատանքով ենք անդրադառնում, որ տակաւին Լևոն Խաչիկեանի ղեկավարութեան տարիներից ձևաւորուել է սերտ համագործակցութիւն Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև՝ ի նպաստ հայ գիտութեան զարգացման: 
Մեծ ու գնահատարժան է նաև Լևոն Խաչիկեանի գիտական ժառանգութիւնը։ Մայր Հայրենիքում ու նրա սահմաններից հեռու լայնօրէն ծանօթ են նրա գրքերն ու ուսումնասիրութիւնները, որոնք լոյս են սփռում մեր ժողովրդի պատմութեան էջերին: Նա կարևոր մասնակցութիւն բերեց Հայկական հանրագիտարանի և «Հայ Ժողովրդի պատմութիւն» բազմահատորեակի կազմման, մեծաթիւ մատենաշարերի խմբագրման ու հրատարակութեան գործում: Նրա վաստակը արժանապէս գնահատուած է գիտական ամենաբարձր կոչումներով ու պարգևներով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր յաջողութիւններ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ հայ գիտական մտքի զարգացման ու առաջընթացի:
Բարի ընթացք ու յաջողութիւններ գիտաժողովի աշխատանքներին»:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 274 անգամ

 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին