Իրանի երեք հայոց թեմերում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ


Իրանի երեք հայոց թեմերում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ

  • 26-04-2011 18:05:42   |   |  Քաղաքական
Իրանի երեք հայոց թեմերում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ: Յատկապէս լայնածաւալ միջոցառումներ են տեղի ունեցել Թեհրանում եւ Նոր Ջուղայում /Սպահանում/, իսկ Թաւրիզում, հիմնականում տեղի են ունեցել եկեղեցական բնոյթի միջոցառումներ: Նոր Ջուղայի Սբ. Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել հսկումի արարողութիւն, իսկ յետոյ մեկնարկել է աւանդական ցոյցը` մոմերով երթը: Ներկաները շարժուել են դէպի Սբ. Ամենափրկիչ վանք, որտեղ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանի մօտ տեղի է ունեցել բողոքի համահաւաք, մոմավառութիւն եւ ծաղիկների մատուցում: Բողոքի համահաւաքի ընթացքում ելոյթներ են ունեցել` Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասեանը եւ Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի ներկայացուցիչը: Բողոքի համահաւաքին յաջորդել է ,ռուբենէ երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած բաց զրուցարանը, որի ընթացքում համայնքի երիտասարդները sms քուէարկութիւններով եւ ելոյթներով իրենց տեսակէտներն ու առաջարկներն են յայտնել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով առաջացած կորուստների եւ Ցեղասպանութեան փաստն ուրանալու Թուրքիայի պատճառաբանութիւնների մասին: Ապրիլի 24-ին երեկոյեան թեհրանահայերը հաւաքուել էին Սբ. Սարգիս եկեղեցում` ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների յիշատակը, որի ընթացքում տեղի ունեցաւ հոգեհանգիստ, ծաղիկների մատուցում Նահատակների յուշարձանի մօտ, եւ երիտասարդական համահաւաք: Ծրագիրը սկսուեց հոգեհանգստեան արարողութեամբ, որը նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը. այն կատարուեց եկեղեցու բակում գտնուող Նահատակների յուշարձանի մօտ: Հոգեհանգստեան արարողութեանը մասնակցում էր Ս. Սարգիս եկեղեցու երգչախումբը: Մեծ Եղեռնի Նահատակների հոգիների խաղաղութեան համար յուշարձանի մօտ կատարուող կրօնական արարողութիւնից եւ խնկարկումից յետոյ ներկաներին իր խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդը: Սրբազան Հօր ելոյթից յետոյ սկսուեց ծաղիկների մատուցման արարողութիւնը: Ծաղկեմատոյցից յետոյ տեղի ունեցաւ երիտասարդական համահաւաք:
  -   Քաղաքական