Բացուել է Վանաձորի Հայորդեաց տունը<br />


Բացուել է Վանաձորի Հայորդեաց տունը

  • 24-09-2010 16:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՎԱՆԱՁՈՐ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ Հայ Եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանների տեղի է ունեցել Վանաձորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայորդեաց տան բացման արարողութիւնը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճեանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, միաբաններ Մայր Աթոռից: Վեհափառ Հայրապետին Վանաձորի մուտքին դիմաւորել են Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարեանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամուէլ Դարբինեանը: Այնտեղից Հայրապետական շքախումբը եւ մարզային իշխանութիւնների ներկայացուցիչները ուղղուել են Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի, որը նույնպես կառուցուել է Բեդեւյան ընտանիքի բարերարութեամբ: Այստեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուել է հոգեհանգստեան արարողութիւն Բեդեւյան ընտանիքի ննջեցելոց հոգիների հանգստության համար: Եկեղեցուց Նորին Սրբութիւնը մեկնել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հայորդեաց տուն, որի հիմնարկեքը կատարուել էր 2007թ.-ի օգոստոսի 30-ին: Բեդեւյան ամուսինների ազնիւ բարերարութեամբ կառուցոուած կրթօջախի ճարտարապետն է Մարիամ Մովսիսեանը, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ա.Յակոբեան» ՍՊԸ-ն: Հայորդաց տան մուտքի մօտ Ամենայն Հայոց Հայրապետին, բարերարներին եւ բազմաթիւ հիւրերին ողջունել են Հայորդեաց տան սաներն ու բազմաթիւ վանաձորցիներ: Այնուհետեւ Նորին Սրբությունն ու տեր եւ տիկին Բեդեւյանները ծանօթացել են շէնքի պայմաններին, եղել բարեգործական ճաշարանի մասնաբաժնում եւ մանկական խաղադաշտում: Շրջայցից յետոյ Վեհափառ Հայրապետն եկեղեցական դասի հետ կատարել է նորաբաց Հայորդեաց տան օրհնութեան արարողութիւնը: Աղօթքին յաջորդել են ողջոյնի խօսքերը: Մանկավարժների եւ սաների անունից Նորին Սրբութեանն ու բարերարներին երախտագիտության խօսքով դիմել է Հայորդեաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Յովնանեանը: Այնուհետեւ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ողջունելով Վեհափառ Հայրապետին եւ բարերարներին, անդրադարձել է մանուկների կրթութեան ու դաստիարակութեան գործում նման կառոյցի կարեւորութեանը: Ձեռնարկի կարեւորութեանն անդրադարձել են նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարեանը եւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը` շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ու բարերարներին նմանօրինակ ազգօգուտ եւ հայրենանպաստ ծրագրերի իրականացման համար: Յիշարժան օրուայ առիթով ներկաներին դիմել են բարերարներ Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները: Տիկին Բեդեւյանն անդրադարձել է Վանաձորում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու եւ Հայորդեաց տան կառուցման գաղափարի մտայղացմանը` ուրախութիւն յայտնելով, որ այսօր այլեւս դրանք իրականութեան են կոչուած: Իսկ Սարգիս Բեդեւյանը երախտագիտութիւն է յայտնել Վեհափառ Հայրապետին` Հայորդեաց տների կարեւոր ծրագիրը տարիներ առաջ նախաձեռնելու եւ կեանքի կոչելու համար: Վերջում ներկաներին օրհնութեան եւ գնահատանքի իր խօսքն է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Ամէնքս հոգու բերկրանքի մէջ ենք, որովհետեւ իր դռներն է բացել մի կառոյց, ուր մեր զավակները պիտի մուտք գործեն, կրթուեն ու դաստիարակուեն: Եվ ինչպեշս չուրախանանք. չէ, որ մենք ապրում ենք մեր զավակների համար, չէ որ մեր զավակները դժուարութիւնների մէջ մեզ ուժ ու ոգի են տալիս, որպէսզի մենք հարատեւենք, յաղթահարենք մեր կեանքի ճանապարհին ծառացող իւրաքանչիւր խոչընդոտ, մեզ հոյս եւ հաւատ են ներշնչում դէպի մեր վաղուայ օրը»,- նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբութիւնը մասնաւոր իր գնահատանքն ու օրհնութիւնն է բերել տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյաններին: Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքն է յայտնել Լոռու մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին ցուցաբերած աջակցութեան համար, ինչպէս նաեւ ճարտարապետին ու շինարարներին` նախանձախնդիր եւ ջանադիր աշխատանքի համար: Հայրապետական պատգամին յաջորդել է Վանաձորի «Ս.Գրիգոր Նարեկացի» հայորդեաց տան եւ Երեւանի Նորքի հայորդեաց տան սաների համերգային ծրագիրը, որի աւարտին մանուկները բարերարներին նուիրել են իրենց ձեռագործ աշխատանքները:
  -   Հասարակութիւն