Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատուիրակութիւնը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին<br />


Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատուիրակութիւնը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 17-09-2010 21:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտօնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատուիրակութեանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը: Հանդիպմանը ներկայ էին ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի եւ ԷԿԼՈՖ հիմնադրամի ներկայացուցիչներ, Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի պաշտօնէութիւնը: Ամենայն Հայոց Հայրապետի անունից Հովակիմ Սրբազանը ողջունել է պատուիրակութեան այցը Մայր Աթոռ եւ գոհունակութիւն յայտնել Մայր Աթոռի եւ Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի միջեւ ձեւաւորւող յարաբերութիւնների կապակցութեամբ: Ապա Սրբազանը ներկայացրել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութիւնը աշխարհասփիւռ հայ ժողովրդի կեանքում, անդրադարձել ներկայիս գործունէութիւնը: Էստոնական պատուիրակութեան անունից շնորհակալական խօսք է ասգլ Տ. Լազար եպիսկոպոս Գուրկինը: Հանդիպման ընթացքում քննարկուել են մի շարք հարցեր յետագայ յարաբերութիւնների առաւել սերտացման, փորձի փոխանակման եւ սոցիալական դիակոնիայի ոլորտում համագործակցութեան հաստատման վերաբերեալ: Սրբազան Հոր ուղեկցութեամբ Խորհրդի անդամները շրջել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, ծանօթացել նրա պատմութեանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ` ծանօթանալով հայ հոգեւոր մշակոյթի գանձերին եւ սրբություններին: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, նոյն օրը պատուիրակութիւնն այցելել է Սուրբ Գայեանէ եւ Սուրբ Հռիփսիմէ վանքերը, հանդիպումներ ունեցել վանահայրերի հետ: Օրուայ վերջում Խորհրդի անդամներին հիւրընկալել են Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսչական կազմը եւ ուսանողությունը: Տեսչության անունից հիւրերին ողջունել է փոխտեսուչ Տ. Տիրան աբեղայ Պետրոսեանը, ով ներկայացրել է Ճեմարանի պատմութիւնը եւ առօրեան: Հանդիպման ընթացքում պատուիրակները ճեմարանականներին պատմել են Էստոնիայի եկեղեցիների հոգեւոր կեանքի ու գործունէութեան մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:
  -   Հասարակութիւն