Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուէդիայի Խորհրդարանի պատգամաւորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուէդիայի Խորհրդարանի պատգամաւորներին

  • 26-04-2011 13:26:36   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 23-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուէդիայի Թագաւորութեան Ռիկսդագի պատգամաւորներ, Շուէդիա-հայաստան բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին եւ խմբի անդամ Ֆրեդերիկ Մալմին: Պատուիրակութեանն ուղեկցում էին ԱԺ պատգամաւոր Արամ Սաֆարեանը, Շուէդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արա Այվազեանը եւ շուէդահայ համայնքների համադրող կենտրոնի խօսնակ Վահագն Աւետեանը: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ի դէմս Անելի Էնոքսոնի եւ Ֆրեդերիկ Մալմի, երախտագիտութիւն յայտնեց Շուէդիայի Խորհրդարանին հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունման, ցուցաբերուած արի եւ մարդասէր ոգու համար` վստահութիւն յայտնելով, որ մարդկային կեանքում այսօր էլ տեղ գտնող ոճիրներից ու ողբերգութիւններից աշխարհը կարող է զերծ մնալ միայն նման մարդասէր մարդկանց եւ երկրների շնորհիւ: «Այս նուիրական օրերին մեծ մխիթարութիւն է մեր կողքին ունենալ հայոց բիւրաւոր նահատակներին իրենց յարգանքը մատուցող աղօթակից օտարազգի բարեկամների», - իր խօսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բերելով իր աղօթքն ու բարեմաղթանքները, որ Տէրը պահի ու պահպանի Շուէդիան ու նրա ժողովրդին սիրոյ, առաջընթացի եւ բարօրութեան մէջ: Վեհափառ Հայրապետը կարեւորեց նաեւ երկու երկրների միջեւ ձեւաւորուած բարեկամական սերտ յարաբերութիւնները եւ փոխադարձ այցելութիւնները, որոնք առաւել մէկտեղելու են ջանքերը յանուն խաղաղ, արդար աշխարհի կայացման: Շուէդ պատգամաւորները խորին շնորհակալութիւն յայտնեցին ընդունելութեան համար` կիսելով իրենց ջերմ զգացողութիւնները Հայաստանում եւ մասնաւորապէս Մայր Աթոռում գտնուելու համար:
  -   Հասարակութիւն