Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայի վարչապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայի վարչապետին

  • 13-10-2018 16:12:19   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրիւդոյին` ուղեկցութեամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի:
Նորին Սրբութիւնը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտօնական այցը Հայաստան` յոյս յայտնելով, որ այն աւելի պիտի խթանի հայ-կանադական յարաբերութիւնները եւ նպաստի առկայ գործակցութեան առաւել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի բարեյաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձաւ տարբեր երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, նոր կապերի եւ գործակցութեան հաստատման: Նորին Սրբութեան խօսքով, այն հնարաւորութիւն ընձեռեց ֆրանկոֆոնիայի կազմակերպութեան անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին եւ հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրաւել է դարերի դժուարութիւններն ու փորձութիւնները, կրել նոյն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով եւ տեսիլքներով: Նորին Սրբութիւնը մասնաւորապէս անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան եւ խորհրդային տարիների հետեւանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին եւ ներկայում Եկեղեցու կողմից տարուող գործունէութեանը տարբեր ոլորտներում` վստահութիւն յայտնելով, որ նոր իրողութեան պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանայ առաւել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր վերազարթօնքի կերտման ու միասնականութեան ամրապնդման գործում: 
Գարեգին Բ. Կաթողիկոսը նաեւ գնահատանքով արձանագրեց այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանութիւնների կողմից մշտապէս դրսեւորւում է հանդէպ հայ համայնքը եւ նրա ազգային-հոգեւոր կեանքը: Այս առիթով Նորին Սրբութիւնը նկատեց, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զօրացման եւ զարգացման համար:
Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախութիւնն արտայայտեց հանդիպման կապակցութեամբ` ընդգծելով, որ երեք տասնամեակ անց մեծ հաճոյք է վերստին այցելել Հայաստան եւ մեծ պատիւ` հիւրընկալուել հայոց հոգեւոր կենտրոնում, ինչպէս նաեւ նպաստել երկու երկրների միջեւ կապերի խորացմանը: 
Պրն. Ջասթին Տրիւդոն, խօսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնաւորապէս նշեց, որ Կանադան պէտք է շնորհակալութիւն յայտնի երկրում հաստատուած կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կեանքի տարբեր ասպարէզներում: Անդրադառնալով հայ-կանադական յարաբերութիւններին` վարչապետը շեշտեց, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել եւ շարունակելու է գործակցութիւնը տարբեր հարթութիւններում:
Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր իր այցելութեան տպաւորութիւնները:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ պրն. Ջասթին Տրիւդոն խօսեցին խաղաղ, բարօր եւ ապահով աշխարհի կերտման գործում միջկրօնական երկխօսութեան կարեւորութեան մասին: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրաւուածութիւնը միջկրօնական եւ միջեկեղեցական երկխօսութիւններում, ինչպէս նաեւ տեղեկացրեց ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած հոգեւոր առաջնորդների ջանքերի մասին: 
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց քաղաքական գործիչների կարեւոր պատասխանատուութեանը մարդկային կեանքում ողբերգութիւնների կանխարգելման, անարդարութեան եւ տառապանքների յաղթահարման, աղքատութեան վերացման գործում: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը վստահութեամբ ընդգծեց, որ Կանադայի երիտասարդ եւ եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կը բերի խաղաղ աշխարհի կառուցմանը:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանը եւ թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

 
  -   Մամլո հաղորդագրություն