Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ

  • 24-10-2018 14:06:24   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայրապետական այցով Իտալիայում գտնուող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցութեամբ Միլանից մեկնեց Հռոմ: 
Նորին Սրբութեանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը: 
Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին: 
«Հրաշափառ»-ի հանդիսաւոր արարողութիւնից յետոյ Նորին Սրբութեանը բարիգալստեան խօսք յղեց  Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:
Այնուհետեւ ներկաներին իր հայրապետական պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Վեհափառ Հայրապետը նշեց, որ մեր ժողովուրդը դարերի մէջ դժուարութիւններ ու փորձութիւններ դիմագրաւեց, ցեղասպանութիւն վերապրելով ցրուեց աշխարհով մէկ, բայց ամէնուր արթուն եղաւ հաւատքի մէջ, համբերեց նեղութիւնների մէջ եւ հաւատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կեանքը: 
Նորին Սրբութիւնն իր ուրախութիւնն արտայայտեց օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամեայ նշանակալի յոբելեանի հանդիսութեանը մասնակցելու առիթով` բարձրօրէն գնահատելով իտալահայերի նախանձախնդրութիւնը հանդէպ հոգեւորը եւ նախնեաց աւանդները, նրանց որդիական հաւատարմութիւնը հանդէպ հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Հայրապետական իր օրհնութիւնը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զօրեղ մնալ ազգային գիտակցութեան մէջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսաւորչի հաւատոյ կանթեղի լոյսը եւ նախանձախնդրութիւնը նախնեաց ժառանգութեան հանդէպ: 
Աղօթք բարձրացուեց նաեւ խաղաղութեան, հայրենիքի հզօր ապագայի եւ մեր ժողովրդի բարօրութեան ու նորոգ առաջընթացի համար:
Հանդիպմանը ներկայ էին Իտալիոյ հայոց հոգեւոր հովիւ եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմայ վարդապետ Խաչատրեանը, բարձրաստիճան հիւրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպէս նաեւ Իտալիայում եւ Վատիկանում հաւատարմագրուած ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ: 
Հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը հանդիպի Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն