Ըստ «Ժառանգութեան», եթէ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգայ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը <br />


Ըստ «Ժառանգութեան», եթէ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգայ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը

  • 24-08-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին «Ժառանգութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը եւ կուսակցութեան նորընտիր փոխնախագահ Ռուբէն Յակոբեանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են կուսակցութեան տեսակետները ՌԴ նախագահ Մեդւեդեւի հայաստանեան այցի, ՌԴ-ի ռազմակայանների տեղակայման ժամկէտի եւ լիազօրութիւնների ընդլայնման մասին համաձայնագրի վերաբերեալ: Ըստ Ռ.Յակոբեանի, իշխանութիւնները պարտաւոր են մեկնաբանել, թէ ինչու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին S-300 հակահրթիռային պաշտպանութեան համակարգեր վաճառում, եւ դա այն դէպքում, երբ Հայաստանը Ադրբեջանին համարում է իր թշնամին: Պայմանագրին վերաբերող յաջորդ հարցը, որին, ըստ նրա, Հայաստանի իշխանութիւնները պատասխան չեն տալիս, այն է, թէ ինչու՞ որոշում կայացուեց ռուսաստանեան ռազմակայանի տեղակայումը երկարաձգել ժամկէտից շուտ եւ 49 տարով: Ռ.Յակոբեանի կարծիքով, քանի դեռ այս հարցերին պատասխան չի տրուել, այն կարելի է մեկնաբանել ռազմավարական գործընկերների` Հայաստանի եւ Ռուսաստանի, միջեւ գոյութիւն ունեցող փոխադարձ անվստահութեամբ: Ըստ Ս.Սաֆարեանի, եթէ հաստատուի այն փաստը, որ իսկապէս Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է հակահրթիռային համակարգեր, ապա առաջ կգայ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Նրա խօսքերով, եթէ «Ժառանգութեան» կողմից բարձրացուած հարցերին յստակ պատասխաններ չտրվեն, խմբակցութիւնը Ազգային Ժողովում այդ արձանագրութեան վաւերացմանը դէմ կքվեարկի: Յիշեցնենք, որ նշուած արձանագրութիւնը անցած շաբաթ ստորագրուել է Երեւանում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Արձանագրութեամբ փոփոխութիւններ կատարուեցին Հայաստանում տեղակայուած ռուսաստանեան ռազմակայանի մասին 1995 թուականի մարտի 16-ի պայմանագրում, որի գործողութեան ժամկէտ սահմանուեց 49 տարին` նախկին 25-ի փոխարէն: 1995 թուականին կնքուած պայմանագրի գործունէութեան ժամկէտը լրանում էր 2020 թուականին: Ամրագրուեց նաեւ, որ ռուսաստանեան ռազմակայանը, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանութիւնից, նաեւ ապահովելու է Հայաստանի անվտանգութիւնը:
  -   Քաղաքական