Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

17-01-2019 17:31:02   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յունուարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցութեամբ ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւնների եւ ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն, ԵՀԽ Հայաստանեան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը եւ Կլոր Սեղան հիմնադրամի տնօրէն Կարէն Նազարեանը:
Հանդիպման սկզբում տիար Կարէն Նազարեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց պրն. Շարփի գլխաւորած պատուիրակութեանը՝ մասնաւոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի համագործակցութեանը Մայր Աթոռի կառոյցների եւ Կլոր Սեղան հիմնադրամի հետ եւ դրա հեռանկարներին:
 
Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախութիւնը յայտնեց նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Վերջինս Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի կողմից ծաւալուող գործունէութիւնը տարբեր ոլորտներում` ուղղուած արժանապատիւ կեանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրաւունքների պաշտպանութեանը, երկրի առջեւ ծառացած խնդիրների յաղթահարմանը: Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենեակի եւ Հայոց Եկեղեցու առաքելութեան ընդհանրութիւնը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալութիւն յայտնեց ՄԱԿ-ի գործակալութիւնների եւ եկեղեցական կառոյցների միջեւ ձեւաւորուած գործակցութեան առիթով` պատրաստակամութիւն յայտնելով էլ աւելի ընդարձակելու այն: ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարութեան երախտագիտութիւնը Հայոց Եկեղեցու` միջկրօնական երկխօսութեան մէջ հետեւողական ներգրաւուածութեան եւ տարածաշրջանում խաղաղութեան վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցութեամբ:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի լայնածաւալ գործունէութեանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւնների, հիմնադրամների եւ ծրագրերի արդիւնաւէտ համագործակցութիւնը Մայր Աթոռի կառոյցների, թեմերի եւ Կլոր Սեղան հիմնադրամի հետ: 
Նորին Սրբութիւնը հիւրերին հանգամանօրէն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառոյցների գործունէութիւնը մասնաւորապէս
կրթայ-դաստիարակչական եւ սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկայ ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ 2019 թուականին, Ընտանիքի տարուայ շրջանակներում, Մայր Աթոռի եւ թեմերի կողմից կազմակերպուելու են հասարակութեան մէջ ընտանեկան արժէքների ամրապնդմանն ուղղուած միջոցառումներ, իրականացուելու են նաեւ աջակցութեան զանազան ծրագրեր:
Զրոյցի ընթացքում խօսուեց առկայ գործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնների մասին:
Վերջում Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի գրասենեակի պատասխանատուին եւ ներկայացուցիչներին մաղթեց արգասաւոր գործունէութիւն:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 206 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին