Azatutyun. Արտասահմանեան մամուլը Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ


Azatutyun. Արտասահմանեան մամուլը Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ

  • 25-04-2011 12:04:41   | Հայաստան  |  Քաղաքական
Թուրքական, ամերիկեան ու բրիտանական մի շարք պարբերականներ իրենց հրապարակումներում անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին: Թուրքական «Հիւրիեթ»-ը գրում է, թէ ապրիլի 24-ին ընդառաջ պաշտօնական Անկարան շփումներ է ունենում Միացեալ Նահանգների վարչակազմի հետ եւ յորդորում արդար ու չէզոք դիրքորոշում որդեգրել Հայոց ցեղասպանութեան շուրջ յայտարարութիւններում: «Մենք ասում ենք ամերիկացի դիւանագէտներին, որ այդ վիճահարոյց պատմական իրադարձութեան շուրջ որոշում կայացնելը կարող է խնդիրներ առաջ բերել», - յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակը: Սրան զուգահեռ Թուրքիայի արտգործնախարարութիւնը նաեւ քննարկումներ է ունենում Շուեյցրիայի եւ Իրանի իշխանութիւնների հետ: Յիշեցնենք` ժնեւի հայ համայնքի նախաձեռնութեամբ եւ տեղական իշխանութիւնների թոյլտուութեամբ նախատեսւում է երկու տարի անց ապրիլի 24-ին քաղաքի կենտրոնական պուրակներից մէկում տեղադրել Մեծ եղեռնի զոհերին նուիրուած յուշակոթող: Իսկ Իրանում արդէն առաջիկայ կիրակի օրը` ապրիլին 24-ին, ցուցադրուելու է Տիգրան Խզմալեանի ֆիլմը` նուիրուած Ցեղասպանութեանը: Ընդ որում, ակնկալւում է, որ հայ համայնքից բացի, ցուցադրութեանը ներկայ են լինելու նաեւ իրանցի պատգամաւորները: «Մենք կապի մէջ ենք երկու երկրների դիւանագէտների հետ եւ հետեւում ենք իրադարձութիւնների զարգացմանը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակը: Մէկ այլ հրապարակման մէջ «Հիւրիեթ»-ը գրում է, թէ վերջին շրջանում Թուրքիայի դեսպանատները սպառնալից նամակներ են ստացել Հայաստանի ազատագրութեան գաղտնի բանակից` Ասալա-ից, եւ այժմ արտգործնախարարութիւնը եւ Ազգային հետախուզական ծառայութիւնը ուսումնասիրում են դրանք եւ քայլեր ձեռնարկում` արտերկրում թուրք դիւանագէտների անվտանգութիւնը ամրապնդելու ուղղութեամբ: Ըստ թուրքական թերթի, առաջինը Ասալա-ից ուղերձ է ստացել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, որում, մասնաւորապէս, ասւում է. - «Եթէ թուրքերը շարունակեն աջակցել Ադրբեջանին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հարցում, ապա Ասալա-ի ներկայացուցիչները կը շարունակեն թուրք դիւանագէտների սպանութիւնները»: Վրաստանի դեսպանատնից բացի , ըստ թուրքական աղբիւրների, նման նամակներ են ստացել նաեւ այլ երկրներում գործող մի շարք թուրքական դեսանատներ եւ խնդրել են հիւրընկալող երկրներից ամրապնդել իրենց անցվտանգութիւնը: Ամերիկեան մամուլի ուշադրութեան կենտրոնում նախագահ Բարաք Օբամայի այցն է Լոս Անջելես, որի ընթացքում հայ համայնքը ցոյց է կազմակերպել եւ յիշեցրել նրա նախընտրական խոստումը: «2009 թուականին` Կալիֆորնիայի նախընտրական հանդիպումների ժամանակ, Օբաման խոստացաւ նախագահ դառնալու դէպքում ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը», - գրում է «Լոս Անջելես Դեյլի Նիւս»-ը` յաւելելով. - «Այդուամենայնիւ, մինչ օրս նա Ցեղասպանութեանը նուիրուած իր ուղերձներում օգտագործել է «սպանութիւն», «կոտորած», «ոճիր», «Մեծ եղեռն» բնորոշումները, բայց ոչ` «ցեղասպանութիւն» բառը»: Ընդգծելով, որ այս տարի ապրիլ 24-ը համընկել է Սուրբ Զատիկի հետ` լոսանջելեսեան պարբերականը մէջբերում է հայ համայնքի ներկայացուցիչներից մէկի խօսքը. - «Քրիստոսը խաչուեց, որպէսզի մենք կարողանանք ապրել, եւ նոյն օրը մեր նախնիները զոհուեցին, որպէսզի մենք կարողանանք շարունակել մեր կեանքը»: Եւ մի ուշագրաւ հրապարակում էլ բրիտանական թերթերից. հեղինակաւոր «Գարդիան»-ը բաւական ծաւալուն յօդուած է հրապարակել Կոմիտասի վերաբերեալ, որտեղ ներկայացրել է նրա անցած դաժան ճանապարհն ու թողած անգնահատելի ժառանգութիւնը: «Ազգային երգի մոռացուած հերոս». այսպէս է վերնագել իր յօդուածը Մեծ Բրիտանիայում յայտնի երաժշտական քննադատ Մայքլ Չըրչը եւ մանրամասնել. - «Ապրիլի 24-ը Սուրբ Զատիկի օրն է, հայերի համար այն նաեւ Ցեղասպանութեան յիշատակի օրն է: Այդ օրը ամբողջ աշխարհի հայութիւնը ոգեկոչում է 1,5 միլիոն հայերի յիշատակը, որոնց մի մասը կոտորուել է Թուրքիայում, միւս մասը` զոհուել է աքսորի ճանապարհին: Եւ երբ հայերը հաւաքւում են` յիշելու անմեղ զոհերին, երգում են Կոմիտաս վարդապետի երգերը: Ինքը` Կոմիտասը, 1915-ին հետապնդումների ենթարկուեց ու թէեւ ֆիզիկապէս վերապրեց, սակայն հոգեպէս խանգարուեց այդ իրադարձութիւններից, եւ այսօր նրան Հայաստանից դուրս չգիտեն»:
  -   Քաղաքական