«Հրաշափառի» արարողութիւն Մելբուռնի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցում


«Հրաշափառի» արարողութիւն Մելբուռնի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցում

  • 11-02-2019 10:35:52   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրուարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցութեամբ Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարեանի եւ իր շքախմբի, Սիդնեյից մեկնեց Աւստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն:
 
Փետրուարի 9-ի առաւօտեան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մելբուռնի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցաւ «Հրաշափառի» արարողութիւն:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեծ խանդավառութեամբ դիմաւորեցին այս օրհնեալ առիթով եկեղեցում համախմբուած Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ` առաջնորդութեամբ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Խաչեր քահանայ Յարութիւնեանի եւ եկեղեցու ծխական խորհրդի: 
Աղ ու հացի արարողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետը, օրհնելով ժողովրդին, թափօրով, «Հրաշափառի» ներքոյ առաջնորդուեց եկեղեցի, ուր կատարուեց համատեղ աղօթք: 
 
Այնուհետեւ ներկայ հաւատաւոր ժողովրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ եւ, մասնաւորաբար, Մելբուռն ողջունեց Հայկազուն Սրբազանը` ընդգծելով Հայոց Հօր այցերի կարեւոր նշանակութիւնը հայ համայնքի համար եւ հրաւիրելով Նորին Սրբութեանն իր օրհնութիւնն ու պատգամը բերելու բարեպաշտ ժողովրդին: 
 
Դիմելով հաւատաւոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութիւն յայտնեց, որ Աստծոյ կամօք վերստին այցելել է նրանց՝ բերելու իր հայրական սէրը, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնութիւնները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ ուրախութեան նոյն զգացումով օրեր առաջ հանդիպել է Սիդնեյում բնակուող հայորդիներին, նրանց հետ միասնաբար աղօթել եկեղեցու խնկաբոյր հարկի ներքոյ, այցելել կրթական եւ բարեսիրական հաստատութիւններ, հանդիպումներ ունեցել երիտասարդների, տարէցների, ազգային կառոյցների եւ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, հաղորդ դարձել աւստրալիահայ համայնքում արձանագրուած ձեռքբերումներին ու յաջողութիւններին:
 
Նորին Սրբութիւնը նշեց, որ Աւստրալիայում թեմական ու ծխական կեանքի աշխուժութիւնը, հոգեւոր-եկեղեցական անդաստանի բարեզարդութիւնը Աստծուց օրհնեալ պտուղներն են Աւստրալիայում բնակուող մեր ժողովրդի զաւակների աստուածսիրութեան ու ազգանուէր կեանքի:
 
«Սիրելիներ, Ձեզ հետ միասնական աղօթքի այս խորհրդանշական պահին Սրբազան Պատարագի աղօթքն ենք բարձրաձայնում՝ հայցելով Տիրոջ բարիքներն ու պահպանութիւնը մեր ժողովրդին. «Տէր Աստուած մեր, կեցո՛ զժողովուրդս Քո, եւ օրհնեա զժառանգութիւ՛նս Քո. զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա՛»: Աստծոյ Սուրբ Աջի պահպանութեան ներքոյ է եղել դարերի մէջ ընթացքը մեր ժողովրդի, որ դժուարութիւններ է կրել, փորձութիւններ յաղթահարել, սակայն իր հաւատքի շնորհիւ միշտ մնացել է տոկուն ու յուսառատ եւ ձեռքբերումներով զարդարել իր կեանքը: Հայրենիքից հեռու սփռուելով մեր ժողովրդի զաւակները շէն ու պայծառ համայնքներ են կերտել՝ բարեզարդ եկեղեցիներով, կրթարաններով, ազգային ու մշակութային հաստատութիւններով: Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները, յիրաւի, մեր ժողովրդի ինքնութեան նուիրական օրրաններ են, որոնք իրենց իւրայատկութեամբ ու աւանդոյթներով հարստացնում են մեր ժողովրդի պատմութիւնը եւ իրենց բերած նպաստով սատար լինում նաեւ մեր հայրենիքի առաջընթացին ու զօրացմանը: Այս իրականութեան առջեւ տեսանելի է, որ մեր ժողովրդի կրած նեղութիւնները, ողբերգութիւնները փոխհատուցւում են երկնաշնորհ ձեռքբերումներով, քանզի Տէրն օրհնում ու ապրեցնում է Իրեն հաւատարիմ ժողովրդին», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` յաւելելով, որ աստուածային զօրակցութեամբ եւ իրենց հաւատքի, ազգասիրութեան ու եկեղեցասիրութեան շնորհիւ է, որ հայրենիքից հեռու կարողանում են պահպանել ազգային ինքնութիւնը, շէն պահել հայ համայնքը, եկեղեցիները եւ ազգային կառոյցները:
 
Նորին Սրբութիւնը կոչ արեց կեանքում առկայ մարտահրաւէրները յաղթահարել Տիրոջ հանդէպ հաւատարմութեամբ: «Ձեր ու ձեր զաւակների ազգային եւ եկեղեցական կեանքը անսասան կը լինի մեր հայրերի հաւատքին, սրբազան արժէքներին հաւատարիմ բարեպաշտ ընթացքով՝ ամենայն յարգանքով հանդերձ այլ ժողովուրդների եւ նրանց մշակութային առանձնայատկութիւնների հանդէպ:
 
Մեր Սուրբ Եկեղեցին իր իւրաքանչիւր զաւակի յոյսի ապաստանն է, մեղքի քաւարանը, մշտական բաշխողը աստուածային ողորմութիւնների, երկնային անսպառ օրհնութիւնների ու շնորհների: Մեր Եկեղեցու հովանու ներքոյ է ամուր մնում ձեր հաղորդակցութիւնը հոգեւոր արժէքներին, հայրենիքին, ազգային արմատներին ու պատմութեանը: Հոգեկերտ այդ ակունքներից սնուելով՝ դուք համայնքում պիտի շարունակէք արդիւնաւորել մեր մանուկներին կրթող հաստատութիւնների, ազգային, մշակութային կազմակերպութիւնների գործունէութիւնը, նաեւ նախանձախնդրօրէն ձեր աւանդը բերել հայրենական մեր կեանքին: Այն մեծ տարածութիւնը, սիրելիներ, որ բաժանում է ձեզ Հայաստանից, երբեք չի կարող բաժանել ձեր սրտերը հայրենիքից, հայրենի հողից եւ հայրենեաց ժառանգութիւնից, մեր հոգեւոր նուիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 
 
«Ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն» (Մատթ. Զ 21),- ասում է մեր Տէր Յիսուս Քրիստոս: Եւ ձեր սէրն ու մտահայեացքը, արդարեւ, ուղղուած են դէպի մեր հոգեղէն գանձերը, դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստան հայրենի մեր երկիրը, որտեղ ձեր եղբայրներն ու քոյրերը հաւատքով համախումբ, յոյսով ու լաւատեսութեամբ, քաջարի սրտով արարում եւ կերտում են մեր նոր կեանքը, լուսաւոր ապագան մեր ժողովրդի: Արդ, սիրելիներ, միշտ ապրէք պայծառ հաւատքով, հաստատուն պահէք ձեր հայրնանուիրումն ու ազգասիրութիւնը եւ շարունակէք գովարժան ընթացքով ու գործերով մասնակցութիւն ու ներդրում բերել հայրենիքի առաջընթացին ու բարգաւաճմանը՝ մնալով հարազատ ու արժանաւոր զաւակները մեր ժողովրդի եւ Առաքելական մեր Մայր Եկեղեցու», - նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: 
 
Նորին Սրբութիւնը իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարեանին, բարեջան հոգեւոր դասին եւ նրանց առաքելութեանն աջակցող թեմական ու ծխական խորհուրդների, կրթական, ազգային, մշակութային հաստատութիւնների պատուարժան անդամներին  ու աշխատակիցներին: 
 
Հայոց Հայրապետը իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց նաեւ թեմական խորհրդին եւ բոլոր այն նուիրեալ անձանց, ովքեր միասնաբար ու նուիրումով աշխատանք տարան հովուապետական այցելութիւնը Աւստրալիա ու հաւատաւոր հայորդիների հետ հանդիպումը կազմակերպելու համար:
 
Վերջում առ Աստուած աղօթքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ պայծառ ու շէն լինի Աւստրալիայի հայ համայնքը, առատանայ նորանոր ձեռքբերումներով, եկեղեցաշէն ու ազգանպաստ յաջողութիւններով եւ աստուածային օրհնութիւններն ու երկնահեղ բարիքներն անպակաս լինեն հայորդիներից եւ նրանց ընտանիքներից:
 
Հայրապետական «Պահպանիչ» աղօթքից յետոյ ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ համբուրելու Վեհափառ Հօր Աջը եւ նրանից ստանալու նուէր խաչիկներ իբրեւ օրհնութիւն Ս. Էջմիածնի:
 
«Հրաշափառի» արարողութեան աւարտին, եկեղեցու կից սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ «Ակինեան» եւ Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» մէկօրեայ վարժարանների աշակերտների հետ: 
 
Երկու կրթօջախների տնօրէնների բարիգալստեան ջերմ խօսքերից յետոյ աշակերտները հանդէս եկան փոքրիկ գեղարուեստական յայտագրով:  
Այնուհետեւ մանուկներին իր հայրական օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` պատգամելով լինել մեր սուրբ նախնեաց արժանաւոր ժառանգները, իրենց բարեջան եւ ուշիմ ուսումնառութեամբ դառնալ ազգի նուիրեալ զաւակներ` կերտելու հայոց բարօր ու պայծառ կեանքը: 
Նորին Սրբութիւնը նաեւ իր օրհնութիւնը բերեց վարժարանների տնօրէն կազմին եւ մանակավարժներին` բարձրօրէն գնահատելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեան գործում իրենց կողմից ներդրուող անդուլ ջանքերը, յանձնառութիւնն եւ նուիրումը: 

 
  -   Մամլո հաղորդագրություն