Պաշտօնական ընդունելութիւն Մելբուռնում ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Պաշտօնական ընդունելութիւն Մելբուռնում ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

  • 11-02-2019 16:36:43   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Աւստրալիա կատարած հովուապետական այցի առիթով փետրուարի 10-ին Մելբուռնում տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն եւ ճաշկերոյթ: 
Ճաշկերոյթին ներկայ էին թեմի հոգեւոր սպասաւորներ, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական եւ ծխական խորհուրդների անդամներ, Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ եւ հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
 
Ընդունելութեան ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա շքախմբին ողջունեցին թեմական խորհրդում Մելբուռնի ներկայացուցիչ տիար Ժակ Յօդագործեանը եւ Մելբուռնի Ս. Աստուածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Խաչեր քահանայ Յարութիւնեանը: 
Հովուապետական այցի առիթով աւստրալահայութեան անունից իր երախտագէտ զգացումները եւ որդիական սէրը Հայոց Հօրը փոխանցեց Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարեանը` վերստին ընդգծելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը սփիւռքի համայնքներ մեծ խանդավառութիւն եւ նոր լիցքեր է հաղորդում հայրենիքից հեռու բնակուող հայորդիներին:
Պաշտօնական ճաշկերոյթի աւարտին մելբուռնահայութեանն իր պատգամն ու օրհնութիւնը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Նորին Վեհափառութիւնը նշեց, որ այցի ընթացքում ունեցած հանդիպումները, միասնական աղօթքը Սիդնեյի եւ Մելբուռնի հաւատաւոր հայորդիների հետ, կազմակերպուած միջոցառումները անհուն ուրախութիւն եւ քաջալերութիւն պարգեւեցին իրեն` ընդգծելով, որ կրկին զգաց իր հոգեւոր եւ ազգային արժէքների, իր ինքնութեան, մայր հայրենիքի եւ Սուրբ Էջմիածնի հանդէպ աւստրալիաբնակ մեր ժողովրդի սէրը, որը միաւորում է համայն հայ ժողովրդին ի սփիւռս աշխարհի:
«Արդարեւ, որտեղ էլ ապրում է մեր ժողովուրդը՝ հայեացքն ուղղուած է դէպի իր հաւատքի ակունքը՝ Սուրբ Էջմիածինը եւ իր բնօրրան հայրենիքը, որտեղ Արարատի հայեացքի ներքոյ ձեւաւորուել է իբրեւ ժողովուրդ եւ ապրել հազարամեակները իր պատմութեան: Ասում են՝ հայերի ամենասիրած նկարները Արարատի եւ Մայր Տաճարի պատկերներն են: Եւ դա ճշմարտութիւն է ու բնական է, քանի որ այդ պատկերները նաեւ մեր ժողովրդի հոգում են՝ իբրեւ դրոշմ մեր ինքնութեան, հոգեւոր եւ ազգային մեր արժէքների, որոնք միաւորում են մեզ մայրցամաքից մայրցամաք, համախմբում եկեղեցիների գմբէթների ներքոյ ու ազգային կեանքի մէջ: Որքան էլ տարբեր երկրներում մեր ժողովրդի զաւակները տարբեր մտածողութեան, կրթութեան ու դաստիարակութեան կրողն են, նրանց մէջ բաբախում է սիրտը հայկականութեան, կոչնակը ազգային ինքնութեան: Իրօք, ի՞նչն է այստեղ բնակուող հայորդուն մղում ամենօրեայ իր հոգսերից բացի մտածելու մայր հայրենիքի դժուարութիւնների մասին, հայրենիքում կամ սփիւռքի մէկ այլ համայնքում բնակուող իր ազգակցի կարիքների մասին, եթէ ոչ մեր ժողովրդի լուսաւոր գալիքի տեսիլքը, հոգեւոր եւ ազգային արժէքների կարեւորութեան գիտակցումը եւ որպէս ազգի ու Եկեղեցու զաւակ՝ որդիական պատասխանատուութիւնը:
Սիրելիներ, քրիստոնեայ եւ ազգային մեր ինքնութիւնը պահպանելու այդ ներքին կոչնակն է ամէնուր ղօղանջել հայ համայնքի ունկերին՝ առաջնորդելով յաճախ զրկանքների գնով ձեռնամուխ լինելու նախ եկեղեցու կառուցմանը եւ ապա կողքին՝ հայկական դպրոցի հաստատմանը, որպէսզի երաշխաւորուի հաւատքի եւ ազգային ոգու յարատեւութիւնը: Տասնամեակներ առաջ այս օրհնեալ երկրում հաստատուած հայորդիները, ձեր հայրերն ու մայրերը, նոյնպէս իրենց սրտի ձայնին ունկնդիր, իրենց հոգու մղումով ստանձնեցին ազգաշէն այդ առաքելութիւնը, որի շնորհիւ աշխարհի այս մասում նոյնպէս վեր յառնեցին հայկական եկեղեցիներ եւ ազգային հաստատութիւններ, հռչակուեց նաեւ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեմը, որի յիսնամեակը լրացաւ 2018 թուականին: Սիդնեյում նոր Առաջնորդարանի բացումը նաեւ ընծայ է այդ յոբելեանին, հոգեւոր եւ ազգային կեանքը զօրացնելու հրաւէր ողջ աւստրալիաբնակ հայ համայնքին», - ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այցի ընթացքում գոհունակութեամբ ականատեսն եղաւ համայնքի գովարժան ձեռքբերումներին:
Նորին Սրբութիւնը հաստատեց, որ քաջատեղեակ է նաեւ այսօրուայ հրամայականներին եւ նաեւ հայորդեաց նուիրեալ ջանքերին, որոնցով, ինչպէս ողջ սփիւռքը, ջանում են յաղթահարել ազգային ինքնութեան, մայրենի լեզուի ու արժէքների պահպանութեան մարտահրաւէրները: «Ժամանակը, արդարեւ, աւելին է պահանջում, առաւել ջանքեր, համախմբում: Մենք կարիքն ունենք ազգային եւ եկեղեցական կեանքի մէջ մեր ժողովրդի զաւակների առաւել ներգրաւման, ազգային միասնականութեան ամրապնդման եւ լաւատես հոգով ներշնչուն գործունէութեան ծաւալման:
Հայրապետիս յորդորն է, սիրելիներ, որ ամուր հաւատքով ու վառ յոյսով նախանձախնդիր մնաք ձեր եկեղեցական եւ ազգային կեանքի հանդէպ: Շարունակէք պայծառացնել ձեր համայնքը, ձեր զաւակներին դարձրէք աշակերտներ Աւետարանի, որպէսզի լինեն Աստծոյ օրհութեան ու շնորհների ներքոյ եւ կառուցեն իրենց երջանիկ կեանքը: Նրանց կրթէք եկեղեցասիրութեամբ, հայրենասիրութեամբ, որպէսզի մեր ժողովուրդը որդոց որդի շարունակի կրել հոգում՝ որպէս նուիրական խորհուրդ, Արարատի ու Սուրբ Էջմիածնի պատկերը եւ հոգեւոր ու ազգային իր արժէքներով իրագործի իր իղձերը եւ կերտի իր ապագան», - ասաց Հայոց Հայրապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին խօսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութեան եւ ի սէր հայրենիքում եւ սփիւռքում հոգեւոր եւ ազգային կեանքի զօրացման ծաւալուող ամենօրեայ գործունէութեան: 
Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց նաեւ հայրենիքում ընթացող փոփոխութիւններին եւ զարգացման հեռանկարներին` կարեւորելով այդ գործընթացում սփիւռքի համայնքների ներդրումը, որպէսզի հայրենիքով միաւորուած՝ բարձրանայ ազգային մեր կեանքը ի սփիւռս աշխարհի:
Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Հայկազուն Սրբազանին, նրան լծակից հոգեւոր սպասաւորներին՝ ժողովրդի հոգեւոր կեանքի հանդէպ դրսեւորած նախանձախնդրութեան համար, նաեւ բարձրօրէն գնահատեց թեմական խորհրդի, եկեղեցական վարչութիւնների անդամների, ազգային կառոյցներում ներգրաւուած հայորդիների նուիրեալ ծառայութիւնը ի նպաստ թեմական ու համայնքային կեանքի պայծառութեան: Հայրապետական օրհնութեան արժանացաւ նաեւ ճաշկերոյթի կազմակերպիչ յանձնախումբը: 
Վերջում Վեհափառ Հայրը աղօթք բարձրացրեց առ Աստուած, որ Տէրը Իր ամենախնամ Աջի հովանու ներքոյ խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահի Աւստրալիան եւ այստեղ բնակուող մեր ժողովրդի զաւակներին, պայծառ՝ մեր եկեղեցիները, մեր ազգային հաստատութիւնները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Երկնաւորը խաղաղ պահի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը, հաւատքով ամուր՝ մեր ողջ ժողովրդին ի սփիւռս աշխարհի եւ օրհնի բոլոր ջանքերը ի սէր հայոց կեանքի առաջընթացի ու բարգաւաճման, Եկեղեցու յաւէտ պայծառութեան:

 
  -   Մամլո հաղորդագրություն