Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

  • 12-03-2019 15:13:24   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: 
 
Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ ԳՀԽ անդամներն աղօթեցին նորոգ հանգուցեալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկայիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆեանի եւ Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբանութեան անդամ հոգելոյս Տ. Համբարձում վարդապետ Քեշիշեանի հոգիների հանգստութեան համար:
 
Այնուհետեւ Գերագոյն հոգեւոր խորհրդի  հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպէսզի Տէրն առաջնորդի ժողովականներին` արդիւնաւէտ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:
 
Հնգօրեայ ժողովի ընթացքում կը քննարկուեն Եկեղեցու վարչական, կազմակերպայ-իրաւական, կանոնական, կարգապահական, սոցիալական եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն առնչուած այլ հարցեր: Քննարկման առարկայ կը դառնան 2019 թ. որպէս Ընտանիքի տարուայ միջոցառումների, Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեաններին նուիրուած միջոցառումների ծրագրերը: Ժողովին կը ներկայացուի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2018 թուականի գործունէութեան տեղեկագիրը: 
 
Օրակարգում ընդգրկուած են նաեւ Նուիրապետական Աթոռների հետ յարաբերութիւններին, թեմերին, հայրապետական պատուիրակութիւններին եւ հովուական առաքելութեանը վերաբերող հարցեր:

 
  -   Մամլո հաղորդագրություն