Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացեալ Էմիրութիւնների դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացեալ Էմիրութիւնների դեսպանին

  • 18-03-2019 16:03:55   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Արաբական Միացեալ Էմիրութիւնների արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
 
Շնորհաւորելով դեսպանին նշանակման կապակցութեամբ` Նորին Սրբութիւնը նրան մաղթեց արդիւնաւէտ գործունէութիւն ի նպաստ հայ-արաբական գործակցութեան առաւել սերտացման: 
 
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ-արաբական յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն` երախտագիտութեամբ արձանագրելով նաեւ այն փաստը, որ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ բազմաթիւ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ այսօր առկայ համագործակցութեանը:
 
Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով, խօսեց իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաեւ տեղեկացրեց, որ Արաբական Միացեալ Էմիրութիւնները 2019 թ. երկրում հռչակել են որպէս հանդուրժողականութեան տարի: 
Այս առիթով Վեհափառ Հայրապետը եւ դեսպանն անդրադարձան պետութիւնների եւ ժողովուրդների միջեւ հանդուրժողականութեան ոգու հաստատման կարեւորութեանը՝ իբրեւ խաղաղ համակեցութեան երաշխիք, ինչպէս նաեւ կրօնների դերակատարութեանը մարդկային կեանքում սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ համերաշխութեան առատացման գործում: Կարեւորուեցին այս ուղղութեամբ իրականացուող ծրագրերը:

 
  -   Մամլո հաղորդագրություն