Արա Կարապետեանը հերքում է Արմէն Աւետիսեանի տան վրայ աւազակային յարձակման եւ միւս դրուագներին իր առնչութիւնը<br />


Արա Կարապետեանը հերքում է Արմէն Աւետիսեանի տան վրայ աւազակային յարձակման եւ միւս դրուագներին իր առնչութիւնը

  • 13-07-2010 20:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մաքսային պետական կոմիտէի նախկին նախագահ Արմէն Աւետիսեանի տան վրայ աւազակային յարձակման գործով յուլիսի 13-ի դատական նիստում ցուցմունք տվեց ամբաստանեալ Արա Կարապետեանը: Ըստ մեղադրական եզրակացութեան, Ա.Կարապետեանը եւ Երեւանի Խորհրդային տարածքի ոստիկանութեան բաժնի պետի նախկին տեղակալ Արմէն Նիկողոսեանը տարբեր կարգի հանցագործութիւններ կատարելու նպատակով կազմակերպել են յանցաւոր խումբ: «Ես ոչ մի հանցագործութիւն չեմ կատարել եւ ինձ ոչնչում մեղաւոր չեմ ճանաչում»,- ասաց Ա.Կարապետեանը, յաւելելով, որ որեւէ առնչութիւն չունի ԱՄՆ-ում խանութներից ոսկերչական իրերի գողութիւնների հետ: Ըստ նրա, այս գործում յայտնուել է միայն այն պատճառով, որ հանգամանքների բերումով իր մօտ է յայտնուել Ա.Աւետիսեանի տանից գողացուած ապրանքը` 45 մլն դրամ ընդհանուր արժէքով, որն ինքը միջնորդաւորուած վերադարձրել է Ա.Աւետիսեանին: Իրեն ներկայացուած մեղադրանքը Ա.Կարապետեանը որակեց որպէս շինծու եւ սարքած: «Միգուցէ ես կամ իմ բիզնեսները խանգարում էին ինչ-որ մարդկանց, չգիտեմ»,- ասաց ամբաստանեալը, ով երեւանեան «Աս» սուպերմարկետի եւ «Կօշիկի քաղաք» խանութի սեփականատէրն է: Նա նշեց, որ թէ' ԱՄՆ-ում, թէ' Երեւանում յաջողակ գործարար է եղել, մասնաւորապէս, Երեւանում ամսուայ կտրուածքով իր ամենավատ ցուցանիշը եղել է 82 հազար ԱՄՆ դոլար եկամուտը, իսկ 2007թ.-ի սեպտեմբերից մինչեւ 2009թ.-ի սեպտեմբերը պետբիւջէ է մուծել 1 մլն դոլարի չափով հարկեր: Ամբաստանեալը գտնում է, որ Ազգային անվտանգութեան ծառայութեան քննչական վարչութեան կողմից քննված գործը լի է իրար եւ տրամաբանությանը հակասող ցուցմունքներով, սակայն նախաքննական մարմինը հարկ չի համարել առերես հարցաքննել հակասական ցուցմունքներ տուած անձանց: 12 հատորանոց գործում, ըստ Ա.Կարապետեանի, թեկուզ մի տող չկայ, որն ապացուցի իր` խմբի կազմակերպիչ լինելու հանգամանքը: Ա.Կարապետեանը յայտարարեց, որ քննչական մարմնի կողմից իր նկատմամբ խախտուել են Սահմանադրութեան 20, 21 եւ 22 յօդուածները, այն է` իր ընտրութեամբ պաշտպան ունենալու իրաւունքը, անմեղութեան կանխավարկածի սկզբունքը, օրէնքի խախտմամբ ձեռք բերուած ապացոյցների օգտագործում:
  -   Հասարակութիւն