Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին

  • 04-06-2019 11:58:45   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանին:
 
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիար Սեդրակեանը անդրադարձան Հայաստանում, Արցախում ու Սփիւռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրութիւն դարձուեց Հայոց Եկեղեցու եւ տարբեր ազգային հաստատութիւնների կողմից ձեռնարկուող նախաձեռնութիւններին, շարունակուող սոցիալական, կրթական եւ զարգացման ծրագրերին: Մասնաւոր քննարկման առարկայ դարձան Մայր Հայրենիքի զարգացման ներկայ փուլում Սփիւռքի ներուժի արդիւնաւէտ օգտագործմանն ուղղուած գաղափարները։
Անդրադառնալով աշխարհասփիւռ հայութեան կեանքում Եկեղեցու առաքելութիւնն առաւել աշխուժացնելու եւ հզօրացնելու ուղղութեամբ տարուող աշխատանքներին` Հայոց Հայրապետն ընդգծեց հոգեւորականների պատրաստութեան ու վերապատրաստութեան կարեւորութիւնը։ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համայնքներում հոգեւոր հովիւների պակասը լրացնելու առումով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը փոխանցեց ի դէմս տիար Սեդրակեանի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանը` հոգեւոր կրթօջախների գործունէութեանը աջակցելու, ինչպէս նաեւ եկեղեցականների յետագայ կրթութիւնն արտերկրի համալսարաններում ապահովելու համար: 
 
Զրոյցի ընթացքում յատկապէս կարեւորուեց Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգութեան աշխատանքներին աշխարհասփիւռ հայութեան, ազգային ու համայնքային հաստատութիւնների մասնակցութիւնը` իբրեւ միասնականութեան խորհրդանիշ։ Մտքեր փոխանակուեցին Մայր Տաճարի հոգատարութեան եւ անխաթար պահպանման նուիրական գործում ազգային-եկեղեցական կեանքին իրենց մշտական զօրակցութիւնը ցուցաբերող բարերար հայորդիների, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու իւրաքանչիւր հաւատաւոր զաւակի աջակցութիւնն ապահովելու վերաբերեալ։ 
 
Հայաստանում Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքոյ գործող բազմատեսակ ծրագրերի շարքում առանձնացուեց դպրոցահասակ երեխաների ու պատանիների համար Հայաստանի տարբեր քաղաքներում Հայորդեաց տների գործունէութիւնը: Ներկայումս ՀԲԸՄ աջակցութեամբ իրականացւում է Երեւանում Մալաթիայի Հայորդեաց տան հիմնանորոգութեան ծրագիրը:
 
ՀԲԸՄ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացնելով տարբեր համայնքներում իր հանդիպումների` ներառեալ օրերս Լիբանան կատարած այցելութեան մասին, շնորհակալութիւն յայտնեց Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքի համայնքներում հայապահպանութեանը եւ հայկական մշակոյթի պահպանութեանն ուղղուած ՀԲԸՄ բոլոր ձեռնարկներին Հայոց Եկեղեցու սպասաւորների մշտական աջակցութեան համար։ 
Տիար Սեդրակեանը Վեհափառ Հայրապետի ուշադրութեանը ներկայացրեց նաեւ Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերի մանրամասները։
 
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին` բարձրօրէն գնահատելով Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերին Միութեան կողմից ցուցաբերուող շարունակական զօրակցութիւնը։

 
  -   Մամլո հաղորդագրություն