Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտուայի Սեյմասի խօսնակ Վիկտորաս Պրանցկետիսին

04-10-2019 16:51:08   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանու
մ ընդունեց Լիտուայի Հանրապետութեան խորհրդարանի` Սեյմասի խօսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ ԱԺ փոխխօսնակ Լէնայ Նազարեանի եւ Լիտուայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեանի:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց նման մակարդակի փոխայցելութիւնները, որոնք միտուած են նպաստելու երկու երկրների միջեւ առկայ յարաբերութիւնների առաւել զարգացմանն ու գործակցութեան ոլորտների ընդլայնմանը, եւ ողջունեց այս ուղղութեամբ երկուստէք ձեռնարկուող քայլերը: 
 
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ Հայաստանը եւ Լիտուան մշտապէս ունեցել են բարեկամական կապեր` վերյիշելով լիտուացիների զօրակցութիւնը հայ ժողովրդին Հայաստանի անկախութեան հռչակման եւ արցախեան գոյապայքարի սկզբնաւորման օրերին: 
Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց քրիստոնէական հաւատքին եւ հայոց պատմութեան ընթացքում փորձութիւնների յաղթահարման գործում դրա կարեւոր դերակատարութեանը` մասնաւորապէս խօսելով Հայոց Եկեղեցու առաքելութեան մասին: 
 
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Լիտուայի իշխանութիւններին Հայոց ցեղասպանութեան ընդունման եւ դատապարտման առնչութեամբ` կարեւորելով դա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարութեան վերականգնման, այլեւ մարդկութեան կեանքում նման ոճիրների կանխարգելման տեսանկիւնից:
 
Լիտուայի խորհրդարանի նախագահն իր հերթին անդրադարձաւ պատուիրակութեան առաքելութեանը եւ երկկողմ յարաբերութիւնների առաւել արդիւնաւորման անհրաժեշտութեանը` վերահաստատելով պատրաստակամութիւնը Լիտուայի հարուստ փորձառութեամբ տարբեր հարցերում աջակցելու Հայաստանին: Պրն. Վիկտորաս Պրանցկետիսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաեւ Լիտուայի Հանրապետութեան կրօնական խճապատկերը, խօսեց արժեհամակարգի մասին: 
 
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լիտուայի Սեյմասի խօսնակը անդրադարձան նաեւ երկու երկրներին ու ժողովուրդներին յուզող խնդիրներին, տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան վերահաստատման անհրաժեշտութեանը եւ այդ համատեքստում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ ձեռնարկուող քայլերին: Նորին Սրբութիւնը ներկայացրեց նաեւ այս կապակցութեամբ Հայոց Եկեղեցու կողմից գործադրուած խաղաղարարական ջանքերը:
 
Հանդիպման աւարտին Լիտուայի Սեյմասի խօսնակի գլխաւորած պատուիրակութիւնն այցելեց նաեւ «Ալէք եւ Մարի Մանուկեան» Գանձատուն։  

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 135 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին