Հասունացել է Հայոց ցեղասպանութեան հատուցման ժամանակը

Երկու գերպետութիւններ` Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը

14-11-2019 10:12:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
 
Հայոց ցեղասպանութիւնը դատապարտել են․ 
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին հանդէս են եկել երիտթուրքական կառավարութեան սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանութիւնը դատապարտող յատուկ յայտարարութեամբ, որտեղ 1915 թ. ապրիլեան կոտորածները որակել են որպէս «Թուրքիայի նոր ոճիրը մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: 
 
Փաստացի` Օսմանեան կայսրութիւնը առաջիններից մէկն է, որ դատապարտել է Հայերի ցեղասպանութիւնը: Կոստանդնուպոլսի Ռազմական յատուկ ատեանը 1919 – 1920 թթ. իրականացրել է երիտթուրք պարագլուխների դատավարութիւնը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշելու եւ կայսրութեան հպատակ հայ քաղաքացիների կոտորածները, ցեղասպանութիւնը ու բռնագաղթը կազմակերպելու եւ իրականացնելու համար: 
 
Հայերի ցեղասպանութիւնը ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ի անդամ 39 պետութիւններ, այդ թւում` ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի ու Եւրոպայի առաջատար պետութիւններ, ՄԱԿ-ի մի քանի յանձնաժողովներ, Եւրոպայի Խորհուրդը, Եւրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ժողովուրդների մշտական դատական ատեանը եւ այլ: 
 
Յիշեցնենք նաեւ, որ հայերի 1894-1896 թթ. Համիդեան կոտորածները դատապարտել էին ժամանակի առաջադէմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յօհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ: 
 
Ռուսաստանի Դաշնութեան Պետական Դումայի 14 ապրիլ 1995 թ․ ընդունած «1915-1922
թթ. հայ ժողովրդի ցեղասպանութեան դատապարտման մասին» յայտարարութեան մէջ նշուած է․ 
«Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային Ժողովի Պետական Դուման յենուելով անհերքելի պատմական փաստերի վրայ, որոնք վկայում են Արեւմտեան Հայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին, հետեւելով «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնուենցիայի ոգուն ու տառին, «Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» 1968 թ. նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի ընդունած Կոնուենցիային, ձգտելով վերածնել ռուսական պետութեան մարդասիրական աւանդոյթները, յիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնութեամբ եւրոպական մեծ տէրութիւնները դեռ 1915 թ. հայ ժողովրդի հանդէպ թուրքական կայսրութեան գործողութիւնները որակել են որպէս «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարուել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922 թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքն է յայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր»: 
 
ԱՄՆ Կոնգրէսի 29 հոկտեմբեր 2019 թ․ ընդունած «Հաստատելով Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ Նահանգների արձանագրութիւնները» բանաձեւի մէջ նշուած է․
«Քանի որ Միացեալ Նահանգները պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը` 1951 թ. մայիսի 28-ին Միացեալ Նահանգների Կառավարութեան կողմից «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնուենցիայի վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարան ուղարկուած գրաւոր յայտարարութեան, նախագահ Ռոնալդ Ռեյգանի` 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 յայտարարութեան եւ ԱՄՆ Կոնգրէսի երկու պալատների` 1975 թ. ապրիլի 8-ի №148 եւ 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձեւերի միջոցով,
Քանի որ Էլի Վիզելի` «Ցեղասպանութեան եւ վայրագութիւնների կանխարգելման մասին» 2018 թ. օրէնքով վայրագութիւնների կանխարգելումը սահմանւում է որպէս Միացեալ Նահանգների ազգային շահ, ինչպէս նաեւ հաստատւում է, որ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է Միացեալ Նահանգների կառավարութեան մակարդակով իրականացնել ռազմավարութիւն, որն ուղղուած է հնարաւոր վայրագութիւնների բացայայտմանը, կանխմանն ու արձագանքմանը` «Դիւանագիտական արձագանքի եւ արտաքին օգնութեան արդիւնաւէտ օգտագործումն ուժեղացնելու միջոցով` համապատասխան անցումային արդարադատութեան միջոցառումներին աջակցելու, ներառեալ նախկին ոճրագործութիւնների համար քրէական պատասխանատուութեան ենթարկելու նպատակով»:
Արձանագրելով վերոնշեալը` հաստատում ենք, որ 
Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացեալ Նահանգների քաղաքականութիւնն է` 
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանութիւնը` այն պաշտօնապէս ճանաչելու եւ յիշատակելու միջոցով,
2) մերժել Միացեալ Նահանգների կառավարութեանը` Հայոց ցեղասպանութեան կամ որեւէ այլ ցեղասպանութեան ժխտման մէջ ներգրաւելու, ներառելու կամ որեւէ այլ կերպ առնչելու փորձերը, եւ
3) խրախուսել Հայոց ցեղասպանութեան փաստերի` ներառեալ մարդասիրական օգնութեան գործում Միացեալ Նահանգների դերի եւ մարդկութեան դէմ ներկայումս իրականացուող յանցագործութիւնների ու Հայոց ցեղասպանութեան միջեւ առնչութիւնների վերաբերեալ կրթութիւնը եւ հանրային իրազեկուածութիւնը»: 
 
Յիշատակենք նաեւ 1918 - 1920 թթ․ միջազգային հանրութեան կողմից հայերի իրաւունքների վերաբերեալ ընդունուած որոշումները, պայմանագիրը, Իրաւարար վճիռը․ 
- Ռուսաստանի Կառավարութեան Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 11 յունուար 1918 թ., 
- Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 յունուար 1920 թ., 
- Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչումը, Փարիզ, 11 մայիս 1920 թ., 
- Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախութեան մասին» Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ., 
- ԱՄՆ Սենատում կայացած 1920թ. մայիսի 29-ից յունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ Ամն-ն դէ ֆակտոյ (de facto) ճանաչել է Հայաստան պետութեան իրաւունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղեալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանեան կայսրութեան իրաւունքն ու տիտղոսը, 
- Սեւրի խաղաղութեան պայմանագիրը, 10 օգոստոս 1920 թ., 
- ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ, 22 նոյեմբեր 1920 թ.: 
 
Այս նկատառումներից մեկնած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) 2018 եւ 2019 թթ․ ՄԱԿ-ին ուղղեց հետեւեալ դիմումնագրերը. 
1) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) դիմումը` ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերեալ, 25 մայիս 2018 թ.:
2) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) դիմումը` կեանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռով սահմանազատուած տարածքի վրայ, 29 մայիս 2018 թ.: 
3) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) դիմումը` Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետութեան բռնազաւթիչ ուժերը
դուրս բերելու վերաբերեալ, 20 նոյեմբեր 2018 թ.: 
4) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութեան) դիմումը` Հայաստան պետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերեալ, 7 օգոստոս 2019 թ․: 
 
Իրականում, սոյն դիմումնագրերը վերաբերում են հայ ժողովրդի իրաւունքների մասով միջազգային հանրութեան կողմից արդէն իսկ կայացուած որոշումներին, որոնք կայացուել են, սակայն մինչեւ օրս կեանքի չեն կոչուել: 
 
Մէջբերուած բոլոր այս փաստերը հաստատում են` Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 2-րդ նստաշրջանի ընդունած 19-ը հոկտեմբերի 2014 թ. «Հայերի ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) ռազմավարութեան մասին» յայտարարութեան այն եզրակացութիւնը, համաձայն որի` «պարզապէս, պէտք է ընդունել, որ Հայերի ցեղասպանութեան ճանաչման պարտադրուած գործընթացն աւարտուած է եւ պէտք է անցում կատարել Հայերի ցեղասպանութեան միջազգային դատապարտման եւ հատուցման գործընթացինէ: 
 
Ըստ այդմ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) ողջունում է ԱՄՆ Կոնգրէսի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստն ու բանաձեւը եւ կարծում է, որ այժմ իսկապէս հասունացել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման փաստից վճռական անցում կատարելու Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման, այլ կերպ ասած, հատուցման, այլ կերպ ասած, Հայկական Հարցի վերջնական, արդարացի ու ամբողջական լուծման հարցերին: 
 
Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ 
 
08․11.2019 թ.
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին