Նիդերլանդների բանկի նախագահ Նուտ Վելլինկը հանդիպեց ՀՀ ԿԲ նախագահի եւ խորհրդի անդամների հետ


Նիդերլանդների բանկի նախագահ Նուտ Վելլինկը հանդիպեց ՀՀ ԿԲ նախագահի եւ խորհրդի անդամների հետ

  • 21-04-2011 22:27:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Աշխատանքային երկօրեայ այցով Հայաստանում գտնուող Նիդերլանդների բանկի նախագահ դոկտոր Նուտ Վելլինկն այսօր հանդիպել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի եւ Խորհրդի անդամների հետ: Դոկտոր Նուտ Վելլինկի այցելութեան առթիւ Կենտրոնական բանկում կազմակերպուել էր բանկային վերահսկողութեան թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին ԱԺ Ֆինանսավարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը եւ յանձնաժողովի անդամ Արեգ Ղուկասեանը, Ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանը եւ փոխնախարար Վարդան Արամեանը, բանկերի գործադիր տնօրէններ, ԿԲ վարչութեան պետեր: Ըստ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, ներկայացուել է «ՀՀ ֆինանսական համակարգի եւ վերահսկողական մոդելի պատմական զարգացումները» զեկոյցը, որից յետոյ դոկտոր Նուտ Վելլինկը հանդէս է եկել «Վերահսկողական ճարտարապետութեան նոր միտումները կենտրոնական բանկի կառուցուածքում, թէ՞ դրանից դուրս» թեմայով ելոյթով: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգի վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին, որ վերահսկողական եւ մոնետար գործառոյթները մէկ տանիքի ներքոյ միաւորելը ներկայ դրութեամբ լաւագոյն մոդելն է, քանի որ մի քանի երկրներում առանձնացուած վերահսկողութիւնը ձախողուել է: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերի կողմից անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականութիւն, որը հնարաւորութիւն կ'ընձեռի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վերահսկողութեան ոլորտում: ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը շնորհակալութիւն յայտնելով հիւրին, նշել է, որ Նիդերլանդների բանկն երկար տարիներ աջակցել եւ օգնել է Հայաստանի կենտրոնական բանկին ֆինանսական վերահսկողութեան զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը հետաքրքրուած է ապահովագրական ընկերութիւնների եւ կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողութեան ոլորտում Նիդեռլանդների փորձով եւ ցանկանում է այն ուսումնասիրել:
  -   Տնտեսութիւն