Հայ գրի, թարգմանական եւ ինքնուրոյն գրականութեան պատմական նշանակութիւնը քաղաքակրթութիւնների երկխօսութեան տեսանկիւնից


Հայ գրի, թարգմանական եւ ինքնուրոյն գրականութեան պատմական նշանակութիւնը քաղաքակրթութիւնների երկխօսութեան տեսանկիւնից

  • 13-05-2010 12:55:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Զեկոյց` կարդացուած «Քաղաքակրթութիւնների երկխօսութիւն» համաշխարհային հասարակական համաժողովում, Հռոդոսեան համաժողով, VII ամենամեայ նստաշրջան, 2009թ. հոկտեմբերի 8-12, Հռոդոս (Յունաստան): Միջքաղաքակրթական շփումների կարեւոր գործօն է գիրը` թարգմանական եւ ինքնուրոյն գրականութեան միջոցով: Հայոց բազմադարեայ գրաւոր ժառանգութիւնը համաշխարհային մշակոյթի գանձարանում զգալիօրէն նպաստում է համաշխարհային քաղաքակրթութեան անվտանգութեան երաշխիքի` քաղաքակրթութիւնների երկխօսութեանը: Գրի սկզբնաւորումն ու զարգացումը մարդկութեան պատմութեան մէջ պայմանաւորել են հոգեւոր արժէքների բանաւոր պահպանումն ու գրաւոր փոխանցումն ապագայ սերունդներին: Գրաւոր աղբիւրներն առաջնային նշանակութիւն ունեն պատմութեան` որպէս քաղաքակրթութեան պատմութեան ուսումնասիրման գործում, դրա համար էլ «գիր ունեցող հանրութիւններն իրենցից յետոյ անհամեմատ աւելին են թողել, քան չունեցողները»: Հոգեւոր-մշակութային, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական հասկացութիւնների հանգուցակէտում փիլիսոփայութեան ընդհանուր համակարգում «քաղաքակրթութիւն« եզրը գիտական շրջանառութեան մէջ մտցուեց XVIIIդ.` մարդկութեան պատմութեան որոշակի դարաշրջանների առումով : Քաղաքակրթութեան հիմնական բաղադրիչների հետազօտութիւնը թոյլ է տալիս քաղաքակրթութիւնների երկխօսութիւնը դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացների արդի միտումների համատեքստում: Քաղաքակրթութիւն հասկացութիւնում մշակոյթին` որպէս մարդկային գործունէութեան կարեւոր ստեղծարար ոլորտի, առաջնային նշանակութիւն է տրւում: Օսուալդ Շպենգլեր. «Իւրաքանչիւր մշակոյթ սեփական քաղաքակրթութիւնն ունի... Քաղաքակրթութիւնը մշակոյթի անխուսափելի ճակատագիրն է»: Վիլ Դիւրան. «Քաղաքակրթութիւնը սոցիալական այն կարգն է, որը նպաստում է մշակութային արարմանը: Այն կազմում են չորս տարր. տնտեսական վիճակը, քաղաքական կառուցուածքը, բարոյական աւանդոյթները եւ գիտելիքների ու արուեստների ձգտումը: Քաղաքակրթութիւնն սկսւում է այնտեղ, որտեղ աւարտւում են քաոսն ու անյուսալիութիւնը»: Առնոլդ Թոյնբի. «Մշակութային տարրերը քաղաքակրթութեան էութիւնն են»: Ն.Վ. Կլեագին. «Քաղաքակրթութիւն հասկացութիւնը կարող է նոյնացուել մշակոյթ հասկացութեան հետ»: Մշակոյթները` որպէս քաղաքակրթութիւնների հիմնական բաղադրիչներ, կամուրջ են նետում դրանց միջեւ` ստեղծարար սկզբունքից ելնելով: Մինչդեռ, քաղաքակրթութեան մասին արդի որոշ տեսութիւնների համաձայն, ներկայումս աշխարհում մշակոյթների հակամարտութիւնն այնքան է հասունանում, որ քաղաքակրթութիւնների բախման վերաճելու միտում է ստանում : Սակայն աւերիչ ուժերը ծնւում են ոչ թէ մշակութային գործօնից, այլ, ընդհակառակը` դրա բացակայութիւնից: «Մշակոյթի իրաւունքների հռչակագրում» Դմիտրի Սերգէեւիչ Լիխաչովը, մշակոյթը համարելով մարդկային պատմութեան հումանիզացման գլխաւոր աղբիւրը, գրում է. «Մշակոյթը անձի եւ հասարակութեան ստեղծարար ներուժի իրացման որոշիչ պայմանն է, ժողովրդի իւրօրինակութեան հաստատման ձեւն ու ազգի հոգեւոր առողջութեան հիմքը, հումանիստական կողմնորոշիչն ու մարդու եւ քաղաքակրթութեան զարգացման չափանիշը: Մշակոյթից դուրս ժողովուրդների, էթնոսների եւ պետութիւնների ներկան եւ ապագան զրկւում են իմաստից»: Ըստ Ս.Ն. Իկոննիկովայի, միայն հումանիտար մշակոյթը կարող է դառնալ էթիկայի, բարոյականութեան հիմքը : Ջագդիշ Չանդրայ Կապուրը ժողովուրդների խաղաղ ապագան տեսնում է մշակութային արարման եւ համագործակցութեան մէջ` ազգային ինքնատիպութեան պահպանմամբ , դրանով իսկ «Մարդկային ապագան» դիտարկելով որպէս քաղաքակրթութիւնների երկխօսութեան հիմք: «Մշակոյթի իրաւունքների հռչակագրի» 6-րդ յօդուածում ասւում է. «Իւրաքանչիւր ժողովրդի մշակոյթ իրաւունք ունի մասնակցելու ողջ մարդկութեան հումանիստական զարգացմանը: Աշխարհի ժողովուրդների մշակութային համագործակցութիւնը, երկխօսութիւնը եւ փոխըմբռնումը արդարութեան եւ ժողովրդավարութեան գրաւականն են, միջազգային եւ միջէթնիկ հակամարտութիւնների, բռնութեան եւ պատերազմների կանխման պայմանը»: Մշակութային-պատմական ժառանգութեան` որպէս «մարդկութեան համընդհանուր հոգեւոր փորձի ամրապնդման եւ փոխանցման ձեւի» (Յօդուած 1այ), մէջ գիրը կարեւոր նշանակութիւն ունի: Աշխարհի գրաւոր լեզուների զարգացման պատմութեան մէջ հայ գիրը, որպէս հայ ժողովրդի ստեղծագործ արարման միջոց եւ ազգային ինքնատիպութեան երաշխիք, որոշակի աւանդ ունի մշակոյթի համաշխարհային գանձարանում, ինչը բարձր է գնահատուել արեւմտաեւրոպական, ինչպէս նաեւ ռուս գրականութիւնում եւ պատմագրութիւնում: Դոմ Աւգուստին Կ'ալմեն (1672-1757) գրում է. «Հայաստանը քաղաքակրթութեան օրրանն է» : Ջորջ Գորդոն Բայրոնը 1816թ. այցելել է Սուրբ Ղազար կղզու հայկական միաբանութիւն եւ, ոգեշնչուած հայ մշակոյթով ու, մասնաւորապէս, գրական ժառանգութեամբ, սկսել ուսումնասիրել հայոց լեզուն: Հայերի ու Հայաստանի մասին նա նշում է. «Ինչպիսին էլ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն դառն է եղել, ինչ էլ որ նրանց սպասի ապագայում, նրանց երկիրը միշտ պէտք է լինի երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մէկը, եւ գուցէ նրանց լեզուն միայն աւելի մեծ ուսումնասիրութիւն է պահանջում... Դա հարուստ լեզու է... Եթէ Սուրբ Գիրքը ճիշտ է մեկնաբանւում, դրախտը Հայաստանում է գտնուել... Հայաստանում է առաջինը ջրհեղեղը նահանջել եւ աղաւնին նստել» : Սերգեյ Նիկոլաեւիչ Գլինկան (1776-1847) Հայաստանի պատմութիւնն ընկալել է մարդկային քաղաքակրթութեան ակունքների հետ նրա առնչակցութեան ոգով: Նա գրում է. «Հայկական լեռների գագաթներին է, եւ՛ ըստ աստուածաշնչեան աւանդութիւնների, եւ՛ ըստ ժողովրդական աւանդութիւնների, կանգ առել մարդկային ցեղի երկրորդ օրրանը»: Դաւիդ Մարշալ Լանգը նոյն ոգով գրում է. ,հնագոյն երկիր Հայաստանը տեղադրուած է բարձր լեռներում... Թէեւ Միջագետքն է իր հնագոյն` Շումերի եւ Բաբելոնի քաղաքակրթութիւններով, Եգիպտոսի հետ մէկտեղ, սովորաբար համարւում քաղաքակրթական կեանքի հիմնական աղբիւրն արդի ընկալմամբ, Հայաստանը նոյնպէս կարող է որակուել որպէս մարդկային մշակոյթի օրրաններից մէկը: Նախ, ինչպէս Ծննդոց գրքում է ասւում, Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին, Հայաստանի հէնց կենտրոնում... Անկախ այն բանից` ինչ-որ կարեւորութիւն տալի՞ս ենք արդեօք Ծննդոց գրքին` որպէս պատմական սկզբնաղբիւրի, թէ՞ ոչ, ոչ ոք չի կարող ժխտել Նոյեան տապանի մասին նրա հաղորդածի խորհրդանշական կարեւորութիւնը, որը յիշողութեան մէջ պահպանում են ողջ աշխարհի հաւատացեալներն ու անհաւատները: Բացի այդ, Հայաստանը մեր ուշադրութիւնն է պահանջում որպէս հնագոյն մետաղագործութեան հիմնական օջախներից մէկը, որը սկիզբ է առնում, առնուազն, հինգ հազար տարի առաջ: Աւելի ուշ Հայաստանը դարձաւ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունած առաջին մեծ թագաւորութիւնը` հանդիսանալով եկեղեցական ճարտարապետութեան այն ոճի սկզբնաւորողը, որը մեր սեփական` արեւմտեան գոթիկայի կանխագործումն էր» : Հայոց լեզուի (որպէս հնդեւրոպական լեզուաընտանիքի առանձին ճիւղի)1 եւ գրի ծագման եւ զարգացման արմատները Հայաստանում հազարամեակների խորքն են գնում: II-IIIդդ. անտիկ հեղինակները որոշ տեղեկութիւններ են հաղորդում հայ գրերի մասին: Յոյն սոփեստ եւ հռետոր Լուցիոս Փլաւիոս Փիլոստրատոսը (մօտ 170-247թթ.) նշում է. «Ասում են, թէ մի անգամ Պամփիւլիայում բռնում են մի յովազ, որի ոսկէ վզնոցին հայերէն տառերով գրուած էր. «Արշակ թագաւորը Նիւսայի աստծուն»: Հռոմէացի աստուածաբան եւ գրող Հիպպոլիտոսը (IIIդ.) հայերին յիշատակել է դպրութիւն ունեցող ժողովուրդների (յոյներ, հրէաներ, հռոմէացիներ, մարէր եւ այլք) թւում: Մեծ Հայքի թագաւոր Տրդատ III-ի հովանաւորութեամբ սբ. Գրիգոր Լուսաւորչի կողմից հայերի մկրտութեամբ քրիստոնէութիւնն աշխարհում առաջինը պետական կրօն հռչակուեց Հայաստանում (301թ.): Երկրում հիմնւում են դպրոցնէր, որոնցում դասաւանդւում էին յունարէն եւ ասորերէն, ինչպէս ժամերգութիւնների ընթացքում Աստուածաշնչի, այնպէս էլ արքայական դիւանատուն մտնող փաստաթղթերի բանաւոր թարգմանութիւնն ուսուցանելու նպատակով: IV դարի վերջին Մեծ Հայքի Վռամշապուհ արքան, Հայ Առաքելական եկեղեցու6 կաթողիկոս Սահակ Պարթեւը, Մեսրոպ Մաշտոցը (361-440) եւ հայ եպիսկոպոսները, ըստ Մովսէս Խորենացու (V դար), ժողով էին գումարել` «հոգալ զգիւտ դպրութէան Հայոց»: Դանիէլ եպիսկոպոսի` Միջագետքում գտնուած նշանագրերով մանուկներին ուսուցման ընթացքում պարզուեց, որ դրանք բաւական չեն հայերէն լեզուի բոլոր վանկերն (զսիւղոբայս զկապս) արտայայտելու համար, «մանաւանդ զի եւ նշանագիրքն իսկ եայլոց դպրութէանց թաղէալք եւ եարուցէալք դիպեցան»: V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցու վկայութեամբ, Մաշտոցը մտածում էր հայ գրերի գոյութեան մասին: Հայ գրերը որոնելու ընթացքում Մաշտոցն իր աշակերտների մի խմբին ուղարկում է Սամոսատ, միւսին` Եդեսիա` Սբ. Գրքի յունարէնից եւ ասորերէնից թարգմանութեանը պատրաստուելու նպատակով: Վարդապետ Կորիւնը եւ Մովսէս Խորենացին գրում են, որ սբ. Մեսրոպ Մաշտոցի գործը սրբագործուել է Աստծոյ Աջով: Ըստ Կորիւնի` Մաշտոցը շատ նեղութիւններ քաշեց իր ազգին մի բարի օգնութիւն գտնելու համար: «Որում պարգեւէր իսկ վիճակ եամենաշնորհողէն Աստուծոյ, հայրական չափուն ծնէալ ծնունդս նորոգ եւ սքանչելի` սուրբ Աջովն իւրով, նշանագիրս հայերէն լեզուին: Եւ անդ վաղվաղակի նշանակէալ եւ կարգէալ, յօրինէր սիղոբայիւք կապօք»: Գալով Սամոսատ` Մաշտոցը գտաւ հելլէնական դպրութեան մի գրագիր, Հռոփանոս անունով, «որով զամենայն ընտրութիւնս նշանագրացն զնրբագոյնն եւ զլայնագոյնն, զկարճն եւ զերկայնն, զառանձինն եւ զկրկնաւորն, միանգամայն յօրինէալ եւ եանկուցէալ, ի թարգմանութիւն դառնայն հանդերձ արամբք երկուք, աշակերտօքն իւրովք, որոց առաջնոյն Եօւհան անուն կոչէին, յեկեղէաց գաւառէն, եւ երկրորդին Եօւսէփ անուն` ի Պաղանական տանէն»: Հայոց լեզուն, հազարամեակների ընթացքում իր զարգացման շնորհիւ, V դարի շեմին հասաւ այնպիսի կատարելութեան, որ հայերէն այբուբենի ստեղծումից յետոյ (405թ.) սբ. Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ձեռնամուխ եղաւ Աստուածաշնչի` հին յունարէնից գրաբար թարգմանութեանը, որը նրանք սկսեցին Սողոմոնի առակների գրքից, եւ առաջին նախադասութիւնն էր. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վերադառնալով Հայաստան` Մաշտոցն իր աշակերտներիհետ միասին Հին Կտակարանից յետոյ թարգմանում է Նոր Կտակարանը: Հայ գրերի գիւտը նոր դարաշրջան բացեց հայ մշակոյթի պատմութեան մէջ: Հին հայերէնն այնքան հարուստ էր, եւ մեսրոպեան այբուբենով ստեղծուած թարգմանական եւ ինքնուրոյն գրական ժառանգութիւնն` այնքան կատարեալ, որ V դարը համարւում է հայ մշակոյթի պատմութեան ,ոսկէ դարէ: Հայաստանի լուսաւորչական կեանքն ընթանում էր «Լաւ է կոյր աչօք, քան` կոյր մտօք» կարգախօսով: Սերգեյ Գլինկան, ուշադրութիւն դարձնելով Մեսրոպ Մաշտոցի աստուածային տեսիլքի մասին Կորիւնի եւ Մովսէս Խորենացու հաղորդած տեղեկութիւններին, նշել է. «Ասես ոգեշնչումով սբ. Մեսրոպն ստեղծեց հայերէն տառերը...»: Յիշատակելով Մ.Լակրոզի (1661-1739) բարձր գնահատականը, որը Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնն անուանել է ,թարգմանութեանց թագուհիէ, Սերգեյ Գլինկան կարծում է, որ թարգմանօթեան ճշգրտութեանը, «անշուշտ, նպաստել է նաեւ հայերէն խօսքի ուժը»: Վալերի Բրիւսովը (1873-1924), խօսելով մինչեւ Մաշտոցի գրերի գիւտը հայերէնի զարգացման բարձր մակարդակի մասին, գրում է, որ գրերի գիւտից յետոյ մայրենի լեզուով ազգային գրականութեան արագ զարգացումը ,ստիպում է ենթադրել, որ դրան նախորդել են հայ գրողների ստեղծագործութիւնները ոչ միայն օտար լեզուներով: Ժամանակակից գիտութիւնը հրաժարւում է ընդունել, թէ միեւնոյն դարը կարող է տեսնել եւ՛ հայ գրերի ծնունդը, եւ՛ դրա հարուստ ծաղկումը, որն արտայայտուել է Սբ. Գրքի գերազանց թարգմանութեամբ... եւ դրան յաջորդած հայ գրականութեան «Ոսկէ դարով»: Ուստի, ենթադրում են, թէ դեռ գրերի գիւտից առաջ գոյութիւն են ունեցել հայ գրաւոր խօսքի սաղմեր... Բայց այդ հնագոյն գիրը վերացել է, եւ մեզ համար հայ գրականութիւնն սկսւում է ոչ շուտ, քան V դարից»: V դարում Հայաստանում ծաղկում է հայ թարգմանական եւ ինքնուրոյն գրականութիւնը, ազգային դպրոցի հիմնարար զարգացմամբ: Թարգմանութիւնների բարձր մակարդակն ապահովուում էր հայ գիտնականների ջանքերի շնորհիւ, որոնք փայլուն տիրապետում էին մայրենի լեզուին եւ իրենց գիտական եւ աստուածաբանական կրթութիւնը շարունակել էին յունարէն եւ այլ լեզուներով անտիկ գիտութեան եւ մշակոյթի յայտնի կենտրոններում` Աթէնքում, Ալեքսանդրիայում եւ այլուր [24, с. 142-143]: Յունարէնից հայերէն թարգմանուեցին Դիոնիսիոս Թրակացու ,քերականական արուեստըէ, Փիլոն Ալեքսանդրացու 14 աշխատութիւնները, Կ'եղծ-կալիսթենեսի «Պատմութիւն վարուց Աղեքսանդրի»-ն, Իրենէոսի «Ցոյցք առաքելական քարոզութէան»-ը եւ «Ընդդէմ հերձուածոց»-ը, Թէոն Ալեքսանդրացու «Եաղագս ճարտասանական կրթութէանց»-ը, Տիմոթէոս Էլուրոսի «Հակաճառութիւն առ սահմանէալսն ի ժողովոյն Քաղկեդովնի»-ն, Պորփիւրի «Ներածութիւն»-ը, Արիստոտէլի «Ստորոգութիւնք»-ը («Կատեգորիաներ») եւ «Եաղագս մեկնութէան» եւ այլ աշխատութիւններ : Հէնց միայն թարգմանական գրականութեան ցանկը վկայում է անտիկ ժառանգութեան հանդէպ հայ փիլիսոփայական եւ պատմագիտական մտքի լայն ճանաչողական հետաքրքրութեան մասին, ինչը հիմք է տուել, որպէսզի հայ թարգմանիչներին համարեն յունաբան դպրոցի ներկայացուցիչներ: Թարգմանական գործունէութեան ընթացքում տեղի էր ունենում որոշակի եզրերի , եւ տեքստերի ստեղծագործական իմաստաւորում եւ կիրառում հայերէնի բառապաշարի հիման վրայ: Հայերէն թարգմանութիւնների շնորհիւ են պահպանուել Եւսեբիոս Կեսարացու ,ժամանակականքըէ, Արիստիդէս Աթենացու ,քրիստոնէական հաւատի ջատագովութիւնըէ, Փիլոն Ալեքսանդրացու 7 աշխատութիւնները, Հերմէս Եռամեծի «Սահմանք».-ը, Մեթոդիոս Ողիմպիացու «Ազատ կամքի մասին»-ը, Եպիփան Կիպրացու «Ընդդէմ հերձուածոց»-ը եւ այլն, որոնց հին յունարէն բնագրերը ժամանակի ընթացքում կորսուել են: V դարում թարգմանական գրականութեան հետ մէկտեղ զարգանում էր ինքնուրոյն գրականութիւնը` պատմագրութիւնը եւ փիլիսոփայութիւնը, որոնք ներկայացուած են Ագաթանգեղոսի, Փաւստոս Բուզանդի, Կորիւնի, Մովսէս Խորենացու, Եղիշէի, Ղազար Փարպեցու, Դաւիթ Անյաղթի, Եզնիկ Կողբացու եւ իրենց ժամանակակից միւս հեղինակների աշխատութիւններով: «Ոսկէ դարի» հայ մտածողների եւ գիտնականների համաստեղութեան ստեղծագործական ժառանգութիւնը կարեւոր աղբիւրագիտական նշանակութիւն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպէս նաեւ հարեւան երկրների եւ ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար: Սբ. Գրիգոր Լուսաւորչի կեանքի եւ հայերի մկրտութեան մասին է պատմում Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմութիւն» գրքում: Կորիւնը «Վարք Մաշտոցի» երկում մանրամասն նկարագրել է իր ուսուցչի` սբ. Մեսրոպ Մաշտոցի կեանքն ու գործունէութիւնը: Փաւստոս Բուզանդն իր ,հայոց պատմութիւնէ երկում ներկայացրել է Մեծ Հայքի թագաւորութեան` IV դարի առաջին տասնամեակներից մինչեւ Հայաստանի պարսկա-հռոմէական բաժանումը (նոյն դարի 80-ական թթ. կէսեր) ընկած ժամանակաշրջանի պատմութիւնը: Հայ պատմագրութեան պսակն է Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն» երկը, որը բաղկացած է երեք մասից եւ պարունակում է հայ ժողովրդի պատմութիւնը հնագոյն ժամանակներից մինչեւ Vդ. 40-ական թթ. սկիզբը: Մովսէս Խորենացին իր գիրքը գրել է Հայոց պետականութեան բուն էթնիկ արմատների, հայ ժողովրդի ազատասէր ոգու խոր իմացութեամբ` արտացոլելով նրա հաւատարմութիւնը ազգային եւ քրիստոնէական հոգեւոր արժէքներին: Եղիշէն հեղինակն է մի քանի աշխատութիւնների, որոնցից առաւել յայտնին ,վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմիե-ն է (450-451թթ.): Ղազար Փարպեցին իր ,հայոց պատմութիւնէ աշխատութիւնը նոյնպէս նուիրել է հայ ժողովրդի ազատագրական պատերազմին` Վարդան Մամիկոնեանի, իսկ յետոյ` Վահան Մամիկոնեանի գլխաւորութեամբ (481-484թթ.): Յենուելով հայկական սկզբնաղբիւրների վրայ` Սերգեյ Գլինկան օտար նուաճողների գաղափարախօսութեանը հակադրում է հայերի` Հայրենիքի պաշտպանութեան բարոյական հիմքերը, քանզի «ըստ իրենց բարոյական յատկանիշների բուն ոգու... Հայրենիքի պաշտպանութիւնը, հարազատ անկախութեան պաշտպանութիւնը, արտաքին բռնութեան ոտնձգութիւններին դիմակայելը. ահա նրանց սպառազինումների գլխաւոր նպատակը»: IV դարում մեծ հեղինակութիւն էր վայելում հայ մտածող, ճարտասան եւ մանկավարժ Պարոյր Հայկազնը: Փիլիսոփայ եւ աստուածաբան` Հայ Առաքելական եկեղեցու դաւանաբա-նութեան ջատագով Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» երկում, պաշտպանելով քրիստոնէական հաւատքը, մանրամասն դիտարկում է անտիկ հեղինակների փիլիսոփայական հայեացքները, ինչպէս նաեւ քննադատական վերլուծութեան ենթարկում զրադաշտական կրօնը (որը Սասանեանները վերածել էին իրենց նուաճողական քաղաքականութեան գաղափարախօսական սպասարկուի) եւ տարբեր աղանդները: Դաւիթ Անյաղթը V դարի հայ փիլիսոփայական մտքի նշանաւոր ներկայացուցիչն է: Նրա աշխատութիւններից ամենայայտնին ,սահմանք իմաստասիրութէաննէ է: Բնութագրելով իմաստասիրութեան սահմանումները` Դաւիթ Անյաղթն անդրադարձել է նաեւ գիտութիւնների դասակարգմանը` բնափիլիսոփայութիւն, մաթեմատիկա, աստուածաբանութիւն: Բնութեան ճանաչման լաւագոյն միջոցն Անյաղթը համարել է փիլիսոփայութիւնը, քանի որ նրա գլխաւոր խնդիրն այն ճանապարհների բացայայտումն է, որոնց հետեւելով հնարաւոր է մերժել չարը եւ ընտրելով բարին` հասնել հոգեւոր կատարելութեան` առաքինութեան: Դարեր շարունակ Դաւիթ Անյաղթի փիլիսոփայական հայեացքները հիմնարար նշանակութիւն են ունեցել հայ փիլիսոփայական մտքի զարգացման գործում: «Ոսկէ դարի» նուաճումների հիման վրայ Մեծ Հայքում` Հայոց Բագրատունեաց թագաւորութեան (885-1045թթ.) եւ յաջորդ ժամանակներում, եւ Կիլիկիայի Հայկական պետութիւնում (1080-1198թթ.` իշխանութիւն, 1198թ. յունուարի 6-ից մինչեւ 1375թ.` թագաւորութիւն) հայկական մշակոյթն ու կրթութիւնը հասան նոր բարձունքների: Գլաձորի համալսարանում (1280-1340թթ.), որը ժամանակակիցներն անուանում էին «Մայր իմաստութեան» «Տուն իմաստութեան», «Երկրորդ Աթէնք», եւ Տաթեւի համալսարանում (1390-1435թթ.), շարունակելով նախորդ դարաշրջանների աւանդոյթները, դասաւանդում էին եռեակ (քերականութիւն, ճարտասանութիւն եւ փիլիսոփայութիւն) եւ քառեակ (թուաբանութիւն, երաժշտութիւն, երկրաչափութիւն եւ աստղաբաշխութիւն)` «եօթ ազատ արուեստներ» կազմող առարկաների հիման վրայ, որոնց համակարգմանը, իր ժամանակին, մեծապէս նպաստել էին Դաւիթ Անյաղթի աշխատութիւնները: Հայ միջնադարեան մշակոյթը, ի մի բերելով նախորդ դարաշրջանների նուաճումները, նոր արժէքներ ներդրեց ազգային եւ համաշխարհային մշակոյթի գանձարանում: Ըստ Վալերի Բրիւսովի բնորոշման. «Հայաստանը Եւրոպայի եւ Ասիայի աւանգարդն է». վաղուց առաջարկուած այս բանաձեւը ճիշտ է բնորոշում հայ ժողովրդի տեղը մեր աշխարհում: ,հայ ժողովրդի պատմական առաքելութիւնը` թելադրուած նրա զարգացման ողջ ընթացքով, Արեւելքի եւ Արեւմուտքի սինթեզը որոնելն ու գտնելն է: Եւ այս ձգտումն էլ աւելի ամբողջական արտայայտուել է Հայաստանի գեղարուեստական ստեղծագործութեան, նրա գրականութեան եւ պօէզիայմէջ»: Աշխարհաքաղաքական գործընթացների արդի փուլում, պատմական ճշմարտութիւնը միջքաղաքակրթական երկխօսութեան անկիւնաքարը համարելով, Վլադիմիր Եակունինը գրում է. ,մարդկային հասարակութիւնները մշտական շարժման մէջ գտնուող, մշտապէս զարգացող ինքնութիւններ են: Նրանց էւոլիւցիայի փիլիսոփայութիւնը որոշւում է պատմական պայմաններով, որոնցում դրանք ձեւաւորուել են: Տարբեր ժամանակաշրջաններում այդ գործընթացը ձեռք է բերում տարբերակուող ասպեկտներ, այն միշտ ուղիղ է, աւելին` կանխատեսելի... Խելամիտ կը լինէր սահմանուած նպատակներին մօտենալ եւ հետեւողական ապրոքսիմացիայի գործընթացում միջոցներ ընտրել` հաւատարիմ մնալով պատմական ճշմարտութեանն ու չխախտելով ունիւերսալի եւ առանձնայատուկի միասնութիւնը ժողովուրդների եւ ռասաների մերձեցմանն ուղղուած միջքաղաքակրթական երկխօսութեան դերի եւ տեղի մասին բանավէճերի գործընթացում»: Քաղաքակրթութիւնների երկխօսութեան հայեցակարգում հիմնարար գաղափարը համաշխարհային անվտանգութեան ճգնաժամի կանխման սկզբունքն է : Դրանով իսկ անկախ ժողովուրդների եւ պետութիւնների համագործակցութիւնը մշակոյթների երկխօսութեան [28] միջոցով դիտարկւում է որպէս կարեւոր սկզբունք քաղաքակրթութիւնների միջեւ երկխօսութիւնում: Գոյաբանական սկզբունքի տեսանկիւնից, ելնելով քաղաքակրթութիւնների երկխօսութեան գաղափարի կարեւորութիւնից` Վ.Սէգեսվարին գրում է. «Միջքաղաքակրթական երկխօսութիւնը պէտք է հիմնուած լինի փոխըմբռնման վրայ», որը ,պահանջում է հաւատարիմ լինել սեփական քաղաքակթական արժէքներին եւ աշխարհայեացքին` գնահատելու համար միւսներից ունեցած տարբերութիւնները: Մենք չենք կարող հասկանալ գոյաբանութեան հիմնարար կարգը եւ իրերի էական կարգը տիեզերքում` առանց դրանցում մեր տեղի»: Մարդկութեան քաղաքակրթական ապագայի փիլիսոփայական իմաստաւորումը հենւում է քաղաքակրթութիւնների երկխօսութեան ուղիների բացայայտման եւ խորացման վրայ` հիմք ընդունելով առանձին վերցրած իւրաքանչիւր ժողովրդի եւ ընդհանրապէս համաշխարհային քաղաքակրթութեան պատմական փորձը : Անհրաժեշտ է գիտակցել եւ միջազգային մակարդակով իրականացնել իւրաքանչիւր ժոովրդի պատմամշակութային ժառանգութեան (ճարտարապետական յուշարձաններ, արուեստի գործեր, ձեռագրեր եւ այլն) պաշտպանութիւնը, յատկապէս` հայ ժողովրդի, իր հայրենիքի տարածքում` ներառեալ նրա պատմական մասերը: Դա կարող է համաշխարհային քաղաքակրթութեան անվտանգութեան երաշխիք լինել քաղաքակրթութիւնների երկխօսութեան միջոցով: Գիրը միջքաղաքակրթական շփման կարեւոր օղակ է պատմամշակութային ժառանգութեան համակարգում: Ինքնուրոյն եւ թարգմանական գրականութեամբ ներկայացուած հայ դպրութիւնը, լեզուական, հոգեւոր-մշակութային, էթնո-ժողովրդագրական եւ սոցիալ-քաղաքական առանձնայատկութիւններով բնութագրուող պատմական իրողութիւնների համատեքստում` քաղաքակրթական-միջմշակութային կապերի զարգացման հարուստ աւանդոյթներ ունի, որոնք նպաստում են քաղաքակրթութիւնների երկխօսութեանը: «Նորավանք» Էդուարդ Լ.Դանիէլեան
  -   Յօդուածներ