Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները<br /> հռչակագիր են ստորագրել<br />


Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները
հռչակագիր են ստորագրել

  • 26-04-2010 19:59:00   |   |  Քաղաքական
ԲԱՔՈՒ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների` այսօր Բաքւում տեղի ունեցած հանդիպման արդիւնքում ստորագրուել է հռչակագիր,- տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում նշւում է, որ հանդիպման մասնակիցներն այն դիտարկում են որպէս Հայ Առաքելական եկեղեցու եւ Կովկասի մահմեդականների վարչութեան միջեւ Ռուս Ուղղափառ եկեղեցու միջնորդութեամբ սկսուած խաղաղաստեղծ երկխօսութեան զարգացում: «Հաւատարիմ մնալով նախորդ յայտարարութիւնների ոգուն` մենք յուսով ենք, որ յետագայում էլ կնպաստենք մեր ժողովուրդների խաղաղ գոյակցութեան սկզբունքների առաջընթացին եւ բանակցութիւնների միջոցով փոխընդունելի որոշումների մշակմանը»,- նշւում է հռչակագրում: Հոգեւոր առաջնորդներն ընդգծել են, որ նման ձեւաչափով հանդիպումների աւանդոյթն իր նպաստն է բերել Ղարաբաղեան հակամարտութեան զինուած փուլի դադարեցմանը, որը չի վերաճել միջկրոնական դիմակայութեան: Փաստաթղթում նաեւ նշւում է, որ հանդիպման մասնակիցներն այսօր առանձնապէս կարեւորում են համագործակցութեան հոգեւոր կողմնորոշիչներին հետեւելը. «Կրօնի ներուժը, որը բարութեան, խաղաղութեան, գթութեան, համբերատարութեան կոչ է անում, պէտք է խաղաղարար ուժ լինի: Հաւատում ենք, որ մեր համատեղ ջանքերը կօգնեն յաղթահարել միջազգային թշնամանքը: Կենսականօրէն կարեւոր է չթոյլատրել վերադարձը վիճելի հարցերի ռազմական ճանապարհով լուծմանը: Մեր խաղաղապահ ջանքերով կպահպանենք մարդկանց յոյսը, որ ներկայիս բաժանումները, սահմաններն ու թշնամանքը վերանան, քանի որ եթէ պատերազմը շարունակուի` աւարտ չի ունենայ»: Եռակողմ հանդիպման մասնակիցները համարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ բարիդրացիութեան հասնելու համար անհրաժեշտ է ընդլայնել շփումները` վստահութեան ամրապնդման նպատակով: «Խաղաղութեան եւ համաձայնութեան հասնելու ճանապարհը խրթին է, պահանջում է կամքի ուժ եւ մեծ աշխատանք, սակայն մենք յաջողութեան հոյս ունենք»,- նշւում է հռչակագրում:
  -   Քաղաքական