Ամփոփուեցին «Հայ ինքնութեան որակների պահպանումը<br /> խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովի առաջին նիստի<br /> արդիւնքները<br />


Ամփոփուեցին «Հայ ինքնութեան որակների պահպանումը
խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովի առաջին նիստի
արդիւնքները

  • 25-04-2010 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Հայ ինքնութեան որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովի ապրիլի 25-ի առաջին նիստը նախագահում էր ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնեանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Ա.Մելքոնեանը խօսեց ինքնութեան ձեւաւորման հարցում միջավայրի ազդեցութեան մասին: Նա անթոյլատրելի համարեց խառնամուսնությունների հետեւանքով հայ ինքնութեան որակների պահպանման գործընթացը վտանգի տակ դնելը: «Խառնամուսնությունները եւ ազգային ինքնութիւնը Հայ Սփիւռքում. հայեացք Երեւանից» թեմայով զեկույցով հանդէս եկաւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աշխատակից, պատմական գիտութիւնների դոկտոր Էդուարդ Մելքոնեանը: Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ եւրոպական մի շարք երկրներում հայերի խառնամուսնությունների թուի վերաբերեալ: Զեկուցողը անհանգստացնող համարեց յատկապէս այն փաստը, որ խառնամուսնությունները նպաստում են էթնոմշակութային ձուլման գործընթացին: «Խառնամուսնությունները` որպէս սոցիալ-մշակոյթային երեւոյթ եւ դրանց ուսումնասիրութեան ազգաբանական առումները» թեմայով զեկուցեց պատմական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աշխատակից Մխիթար Գաբրիէլեանը: Նա դիտարկելով երեւոյթը ազգաբանական առումով` կարեւորեց յստակ վիճակագրական տվյալներ ունենալու, ընդհանուր քարտեզագրում կատարելու անհրաժեշտութիւնը: Զեկուցողը վտանգաւոր համարեց նոր էթնիկ միջավայրին ինտեգրուելու, ադապտացիոն գործընթացներն արագացնելու նկատառումով հայ երիտասարդների, յատկապէս Հայաստանից վերջին շրջանում հեռացած, հրաժարումը ազգային-մշակոյթային արժէքներից: «Սփիւռքահայ խառնամուսնական ընտանիքները 1946-1948թթ. ներգաղթի տարիներին» թեմայով զեկույցով հանդէս եկաւ պատմական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աշխատակից Արմէնուհի Ստեփանեանը: Նա անդրադարձաւ Հայաստանում ներգաղթեալ խառնամուսնական ընտանիքների ինտեգրման խնդիրներին, որոնք ի յայտ էին եկել լիովին իրար հակասող միջավայրերում ապրող արեւմտահայերի եւ արեւելահայերի միջեւ առաջացած տարբերութիւնների հետեւանքով: Խորհրդաժողովի առաջին նիստի զեկույցների մասը եզրափակեց պատմական գիտութիւնների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աշխատակից Լիլիա Վարդանեանը` «Որոշ դիտարկումներ Լոս-Անջելէսի հայ համայնքի խառնամուսնությունների վերաբերեալ» թեմայով զեկուցմամբ: Նա անդրադարձաւ այն խնդրին, որ Լոս-Անջելէսի հայկական համայնքում գոյութիւն ունի խիստ տարբերակում` «հայաստանցի հայ», «պարսկահայ» եւ «ախպար»: Տիկին Վարդանեանը կարեւորեց այն փաստը, որ տեղի հայերը, ձգտելով արագ ինտեգրուել բնակութեան երկրի հասարակութեանը, միջավայրին, միաժամանակ ամէն կերպ փորձում են պահպանել իրենց հայկական ինքնութիւնը: Նիստի աւարտին ծաւալուեց քննարկում, որին ակտիւօրէն մասնակցում էին նաեւ համաժողովի մասնակից սփյուռքահայերը: Ամփոփելով առաջին նիստի արդիւնքները` նախագահող Ա.Մելքոնեանը անհրաժեշտ համարեց վերականգնել նախկինում գերիշխող այն մտածելակերպը, որ «հայի հետ ամուսնութիւնը` ամուր եւ առողջ ընտանիք ունենալու ամենաառաջին երաշխիքն է»:
  -   Հասարակութիւն