ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի ուղերձը<br /> Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ <br />


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի ուղերձը
Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ

  • 24-04-2010 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից ստացուել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի ուղերձը Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ: Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջութեամբ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը, ցեղասպանութիւն, որ պետականօրէն ծրագրուեց եւ իրագործուեց 95 տարի առաջ Օսմանեան Թուրքիայում: Ոչնչացուեց, տեղահանվեց ու հայրենազրկվեց ստեղծարար ժողովրդի մի ստուար հատուած, որի միակ մեղքը հայ լինելն էր: Դա ոչ միայն ոճրագործութիւն էր մի ժողովրդի հանդէպ, այլեւ հանցագործութիւն էր համայն մարդկութեան նկատմամբ: Որեւէ ժողովուրդ ոչ բարոյապէս, ոչ ֆիզիկապէս, ոչ հոգեպէս չի կարող պոկուել հրաժարուել իր յիշողութիւնից, որում հոգու պարտք ու ոգու կանչ կայ, հայրենազրկման ցաւ: Հայոց ցեղասպանութիւնը երբեւիցե վիճարկելի չէ ու չի լինելու` անկախ ցեղասպանութիւնը որպէս խաղաքարտ օգտագործելու ` ոմանց ցանկություններից ու գործողութիւններից: Որեւէ փաստաթուղթ չի կարող կասկածի տակ դնել Օսմանեան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան փաստը կամ սակարկութեան առիթ դառնալ դրա համար: Որեւէ գործընթաց չպէտք է ընկալվի ու դիտարկվի որպէս հրաժարում ցեղասպանութեան ճանաչումից: Պատմութեան միջով առաջ քայլելը չպիտի լինի պատմութիւնն ուրանալու ճանապարհով: Մարդկությունն իրականութիւնը պիտի տեսնի 20-րդ դարի առաջին եւ առայժմ լիարժէք չդատապարտված ցեղասպանութիւնը կատարողների ապաշխարանքի միջոցով: Այդ ապաշխարանքը պարտք է ոչ միայն 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում իրականացուած հայոց ցեղասպանութեան զոհերի ու նրանց սերունդների, ոչ միայն ողջ հայ ժողովրդի, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ: Ցեղասպանութիւնն իրականացրածի խարանը կրող ժողովուրդն ու երկիրն իրաւունք չունեն համարուել քաղաքակիրթ հասարակութեան անդամ, եթէ այսօր էլ շարունակում են ապրել այն նոյն հոգեբանութեամբ ու մտածելակերպով, ինչով որ իրականացուեց 1915 թուականի հայոց ցեղասպանութիւնը: Որեւէ մէկը ոչ միայն չի կարող, այլեւ` իրաւունք չունի մոռանալ չսպիացող վերքը` եղեռնը, որովհետեւ պատմական արդարութեան վերականգնումը խառնուած է մեր հոգու զգացմունքների հետ: Բայց նաեւ պիտի կարողանանք դրանից ուժ ստանալ եւ գտնել ապագայի այն տեսլականը, որը չի խոչընդոտի հայ ժողովրդի ու Հայաստանի առաջընթացին, կխթանի մեր դերակատարութիւնը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում»:
  -   Քաղաքական