Ջավախահայութիւնն իր ազգային ինքնուրոյնութեան համար պայքարի ուղին ընտրելուց բացի այլընտրանք չունի


Ջավախահայութիւնն իր ազգային ինքնուրոյնութեան համար պայքարի ուղին ընտրելուց բացի այլընտրանք չունի

  • 14-04-2011 15:09:45   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայկական բարձրաւանդակում հայութեան ժողովրդագրական, հետեւապէս նաեւ պետական կայացման համար անվիճելիօրէն կարեւորագոյն դեր է խաղալու Ջավախքի հայապահպանման խնդրի ճակատագիրը: Ինչպէս եւ Արցախը, Ջավախքը Հայաստանի Հանրապետութիւնից դուրս մեր պատմական հայրենիքի բաղկացուցիչ մասն է, որը դեռեւս պահպանում է իր հայկական նկարագիրը: Ուստի Ջավախքի հայկական նկարագրի շարունակականութեան ապահովումը նուազ կարեւոր չէ, քան հայկական Արցախի պահպանումը: Սակայն հայութիւնը, ոչ այնքան հասկանալի պատճառներով, ազգապահպանման գործընթացներում որոշակի չափով աչքաթող է անում Ջավախքի հայապահպանութեան խնդիրը: Եթէ այս զգուշաւոր վերաբերմունքը մասամբ արդարացուած է պաշտօնական Երեւանի քաղաքական ուղեգծի պարագայում, ապա խիստ անբացատրելի, անընդունելի եւ դատապարտելի է հայկական կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ անհատների մակարդակով: Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում քաղաքացիական հասարակութեան կառոյցների պարտքն է ժամ առ ժամ հետեւել ջավախքահայութեանը յուզող խնդիրներին եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան խնդիրներին համաչափ մօտեցումով աջակցել դրանց լուծմանը: Ջավախահայութիւնը եւ վրացահայութիւնը Վրաստանում ապրող հայութիւնը բաժանւում է երկու մեծ խմբի, որոնք են` ջավախահայութիւնը /այդ խմբի մէջ ընդգրկւում է Սամցխե-ջավախք նահանգի եւ Ծալկայի շրջանի հայ բնակչութիւնը/ եւ վրացահայութիւնը /hիմնականում Թբիլիսիի եւ շրջակայ բնակավայրերի հայ բնակչութիւնը/: Վրացահայութիւնը մեծամասամբ հայախօս չէ` վրացախօս եւ ռուսախօս է, համախմբուած չէ, իր ազգային կարգավիճակից բխող իրաւունքներին գիտակ չէ եւ ամենակարեւորը` կազմակերպուած պայքար չի տանում իր ազգային նկարագիրը պահպանելու համար: Ջավախքի հայութիւնն ընդհակառակը` մեծամասամբ հայախօս է, որոշակիօրէն կազմակերպուած, գիտակցում է իր իրաւունքները: Ջավախահայի մօտ չկայ փոքրամասնութեան կամ հիւր լինելու սինդրոմը, որը մեծապէս շեշտուած է թիֆլիսահայի մօտ: Ջավախքում Վրաստանը հայաթափման ծրագիր է իրականացնում, իսկ թիֆլիսահայութեան նկատմամբ տարուող քաղաքականութիւնը հետապնդում է այն ձուլելու նպատակ: Յանուն Ջավախքի տարուող պայքարը ունի երկու դրսեւորումներ. առաջինը` պայքար Ջավախքում վրաց իշխանութիւնների կողմից հաստատուած ոստիկանական հալածանքների դէմ, երկրորդը` պայքար յանուն ջավախքահայութեան ինքնորոշման, այսինքն` նրա քաղաքական, լեզուակրթական, կրօնական, մշակութային իրաւունքների իրացման: Ջավախքի խնդիրը հայ - վրացական ներկայ միջպետական յարաբերութիւնների համատեքստում Վերջին շրջանում նկատւում են հայ-վրացական միջպետական յարաբերութիւնների ջերմացման որոշակի միտումներ: Այս միտումները թիֆլիսահայութեան եւ Ջավախքից դուրս Վրաստանում ապրող հայութեան վրայ դրական ներգործութիւն կարող են ունենալ, եթէ, ի հարկէ, Հայաստանի իշխանութիւնները այս մերձեցմանը զուգահեռ մշակեն եւ իրականացնեն Թբիլիսիի հայ համայնքի ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, համայնքային կեանքի աշխուժացմանն ուղղուած ծրագրեր: Այստեղ մեծ նշանակութիւն կարող է ունենալ Վրաստանում ՀՀ դեսպանութեան առաւել ակտիւ աշխատանքը: Հայ-վրացական յարաբերութիւնների բարելաւման այս հերթական շրջանը ջավախքահայութեան պայքարի ընթացքի վրայ որեւէ ազդեցութիւն չի ունենալու, այնպէս, ինչպէս որեւէ ազդեցութիւն չեն ունեցել անցեալում հայ-վրացական յարաբերութիւնների որոշակի սառեցման ժամանակաշրջանները: Ջավախքահայութեան իրաւունքների համար տարուող պայքարը հայ-վրացական պետական յարաբերութիւններին շաղկապուած չի՛ կարող լինել: Այդ պայքարի սուբյեկտներն են մի կողմից` ջավախքահայութիւնը, միւս կողմից` Վրաստանի իշխանութիւնները: ՀՀ իշխանութիւնները պէտք է ու պարտաւոր են բարձրաձայնել խնդիրները, սակայն իրաւունք չունեն ջավախքահայութեան փոխարէն ստանձնել նրա դատը, նամանաւա՛նդ վրաց իշխանութիւնների հետ բանակցութիւններում զիջումներ կատարել ջավախքահայութեան ազգային իրաւունքների հաշուին: Նման բանի մենք ականատես եղանք ՀՀ նախագահ Քոչարեանի կառավարման տարիներին, երբ ռուս-վրացական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանութիւնները Ջավախքի հաշուին կատարեցին անիմաստ եւ անընդունելի զիջումներ, որոնց ջավախքահայութեան հոգեվիճակի վրայ բացասական ազդեցութիւնն առկայ է առ այսօր: Հայ-վրացական միջպետական յարաբերութիւնները երկու պետութիւնների` կարճաժամկէտ, միջին եւ երկարաժամկէտ շահերի վրայ կառուցուող, փոփոխուող երեւոյթներ են: Ջավախքի հարցը բոլորովին այլ է: Այնտեղ ընթացող զարգացումները հայութեան համար շատ աւելի լուրջ եւ ճակատագրական նպատակների եւ շահերի հետ են կապուած: Ջավախքի խնդիրը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաբնակ Սամցխե-ջավախք-ծալկայ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակութիւնը բխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում Վրաստանի առանցքային դերից: Հասկանալի եւ ողջունելի պատճառներով միջազգային եւ տարածաշրջանային ուժերը փորձում են Ջավախքը զերծ պահել անդառնալի զարգացումներից: Դա թելադրւում է տարածաշրջանով անցնող էներգակիրների անվտանգութեան ապահովման հրամայականով եւ Հայաստան – Ադրբեջան – Թուրքիայ քաղաքական զարգացումներով: Սակայն Ջավախքում կայունութիւնն ամէն գնով ապահովելու ձգտումն այսօր յանգեցրել է նրան, որ արեւմտեան տէրութիւնները եւ միջազգային կառոյցները, արձանագրելով ջավախքահայութեան նկատմամբ վրաց իշխանութիւնների խտրական քաղաքականութեան դրսեւորումները, որեւէ գործնական քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղութեամբ: Ջավախքահայութիւնը մնում է ոստիկանական ռեժիմի մամլիչի տակ, ոտնահարւում են նրա տարրական իրաւունքները, իսկ միջազգային կառոյցները, աչք փակելով այդ փաստերի վրայ, թմբկահարում են Ջավախքում նորանոր սոցիալ-տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերի իրականացման մասին: Արդիւնքում խնդիրները մնում են չլուծուած, իսկ իրավիճակը կայունանալու փոխարէն հետզհետէ էլ աւելի է սրւում ու մտնում փակուղի: Ջավախքը ներվրացական քաղաքական գործընթացներում 2012 եւ 2013 թուականներին Վրաստանում յաջորդաբար անցկացուելու են խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններ: Որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ Սաակաշուիլին վերջին ընտրութիւններում կարողացել է յաղթել ջավախքահայութեան եւ ադրբեջանաբնակ շրջանների բնակչութեան ձայների ճնշող մեծամասնութիւնը ստանալու հաշուին: Սակայն, հակառակ դրան, կենտրոնական իշխանութիւնները ջավախքահայութեան լեզուի, քաղաքական ներկայացուածութեան եւ կրօնական պահանջներից եւ ոչ մէկի ուղղութեամբ որեւէ զիջում չեն կատարել: Այս անգամ եւս, ջավախահայութեան ձայնը կարող է վճռորոշ լինել Վրաստանի ընտրական գործընթացների համար: Ջավախահայութիւնն ունի բոլոր հնարաւորութիւնները էթնիկ իրաւունքների պահանջներով որպէս մէկ ընտրազանգուած ներկայանալ մրցակցող ուժերին: Հարց է ծագում. իսկ ի՞նչն է խանգարում դրան: Ինչու՞ ջավախահայութիւնը չի կարողանում իր իրաւունքների օգտին շահարկել իր ընտրական ձայները: Պատճառը վրաց իշխանութիւնների քաղաքականութիւնն է, որի տարրերն են` ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումը, Ջավախքում հայկական կուսակցութեան գրանցման արգելքը, հայկական եկեղեցուն կարգավիճակ չտալը, Ջավախքում հայկական համալսարանի ստեղծման մերժումը, տեղական ուժային կառոյցների միջոցով վախի մթնոլորտի տարածումը: Արդէն հասկանալի է` տարիներ շարունակ Ջավախքում արմատաւորուած այս երեւոյթներն ունեն մէկ նպատակ` զերծ պահել ջավախքահայութեանը քաղաքական գործօն դառնալու հնարաւորութիւնից, որովհետեւ այդ քաղաքական լծակը կարող է վճռորոշ լինել ամբողջ տարածաշրջանում իրականացուող գործընթացների վրայ: Դրանով պէտք է բացատրել նաեւ Ջավախքում Սաակաշուիլիի վարչակարգի կողմից կատարուող բոլոր անիրաւութիւնների եւ անօրինականութիւնների նկատմամբ Վրաստանում արեւմտեան կառոյցների լուռ մեղսակցութիւնը: Այսօր Վրաստանի հայ բնակչութիւնը վրաց իշխանութիւնների հակաժողովրդավարական քաղաքականութեան թիրախ է, եւ այդ քաղաքականութեան անպատժելիութիւնը երաշխաւորում են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը եւ այլ ամերիկեան կ'առոյցնէր: Ջավախահայութիւնը` տէր իր քաղաքական ճակատագրին Ջավախահայութեան պայքարը, անցնելով կորուստների միջով, այսօր զգալի ձեռքբերումներ է արձանագրել: Ամենակարեւորը` փոփոխուել է իրավիճակի գնահատումը, վերացել են բոլոր հնարաւոր թիւրիմացութիւններն ու թիւրըմբռնումները: Հայութեանն այսօր յայտնի է հակահայ գործընթացին մասնակից Թբիլիսիի կամակատար հայ մանկլաւիկների անունները, եւ պարզ է, թէ Ջավախքի ներսում ովքեր են իրական ուժերը, ովքեր` միֆ: Վրաստանում 2010թ. մայիսին կայացած վերջին ՏԻՄ ընտրութիւնների ջավախահայութեան կողմից զանգուածային բօյկօտելը սրա արդիւնքն էր: Իրավիճակի այս թափանցիկութիւնը մեծ հեռանկարներ է բացում նոր սերնդի գործիչների համար: Ջավախքի քաղաքական շրջանակները հասունացել են եւ այլեւս զերծ են մնում չկշռադատուած, պառակտողական, ծայրահեղական միջոցառումներից եւ զոհ չեն գնում անիմաստ սադրանքներին: Միւս կողմից միջազգային հանրութիւնը միանշանակ գիտակցել է, որ ջավախահայութեան դժգոհութեան հիմքում ընկած են ոչ թէ սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ Սաակաշուիլու հակաժողովրդավարական, մենատիրական, ոստիկանութեան սուինների վրայ յենուող վարչակարգի խտրական քաղաքականութիւնը ջավախքահայութեան նկատմամբ: Համացանցում մեծ քանակութեամբ միջազգային զեկոյցնէր կան Ջավախքում տեղի ունեցող անօրինական գործընթացների մասին: Դիմակները պատռուել են: Սակայն, ի հակադրութիւն այս ամէնին, վրաց իշխանութիւններին յաջողուել է Ջավախքում իրենց հայ մանկլաւիկների միջոցով բանտարկել, երկրից արտաքսել կամ մեկուսացնել ջավախահայ ազգային-քաղաքական հիմնական գործիչներին: Վահագն Չախալեանին բանտարկելով եւ Շիրակ Թորոսեանի մուտքը Ջավախք արգելելով` Թբիլիսին փորձեց եւ մասամբ կարողացաւ գլխատել ջավախահայութեան քաղաքական ուժը: Վահագնի պարագայում սակայն, յաջողուեց իրավիճակը շրջել. այսօր ոչ թէ Վահագն է վրացական պետութեան պատանդը, այլ ընդհակառակը, Սաակաշուիլու վարչախումբն է իր անօրինական քայլի պատանդը դարձել: Եւրոդատարանում Վահագն Չախալեանի գործի սպասուող քննութիւնը կարող է աւելի եւս շեշտաւորել այս իրողութիւնը: Հայկական կողմը պարտաւոր է հասնել նրան, որ վրաց իշխանութիւնների համար նոյն ծանր հետեւանքներն ունենա նաեւ Շիրակ Թորոսեանին Վրաստան մուտք գործելն արգելելու փաստը: Սպասելի է նաեւ, որ շուտով ջավախքեան իրականութեան մէջ կը յայտնուեն նաեւ նոր սերնդի գործիչներ, որոնք թրծուած կը լինեն Ջավախքում եւ Ջավախքի շուրջ վերջին տասնամեակում ընթացող բաւականին հարուստ քաղաքական գործընթացների արդիւնքում: Ներկայումս ջավախահայը շփոթուած է վրացական ուժային կառոյցների ճնշումների առջեւ, նա չգիտի ում դիմել իր տարրական իրաւունքների խախտման դէպքում, քանի որ որեւէ վստահութիւն չունի վրաց կառոյցների նկատմամբ: Համապատասխան հմտութիւններ եւ փորձ ունեցող հայկական իրաւապաշտպանական կառոյցները պարտաւոր են տեղում ծրագրեր իրականացնել` ուղղուած ջավախքահայութեան իրաւագիտակցութեան եւ իրաւական պաշտպանուածութեան մակարդակի բարձրացմանը: Այս ուղղութեամբ կայ գործունէութեան անսահմանափակ դաշտ: Համոզվծ եմ, որ մօտ է ժամանակը, երբ հայ քաղաքական, լեզուակրթական, կրօնական եւ մշակութային իրաւունքների համար տարուող պայքարի կենտրոնը Երեւանից նորից կը տեղափոխուի Ջավախք: Ապագա միտումներ Խորհրդային իշխանութիւնների ազգային քաղաքականութեան արդիւնքում կազմաւորուած բազմազգ Վրաստանն անկախութիւն ձեռք բերելուց յետոյ ցանկանում է դառնալ ազգային միատարր պետութիւն: Սա ինչքան անտրամաբանական, նոյնքան անիրականանալի նպատակ է, քանի որ իրենք` վրացիները, փոքրամասնութիւն են կազմում երկրի էթնիկ այլ տարրերի /հայեր, ադրբեջանցիներ, մէգրելներ, աջարներ, սուաններ եւ այլն/ նկատմամբ: Վրաստանի` որպէս բազմազգ պետութեան, զարգացումը կարող է ընթանալ երկու մոդելով` լիբանանեան կամ շուեյցարական: Առաջինի դէպքում երկրի բաղկացուցիչ ազգութիւններն անդադար փորձելու են իրենց կամքը պարտադրել մնացածներին՝ յայտնի հետեւանքներով: Երկրորդի պարագայում իւրաքանչիւր էթնիկ խումբ իրականացնելու է սեփական զարգացման առաքելութիւնը` առանց վտանգելու ընդհանուրի կայունութիւնը: Ներկայ պահի դրութեամբ Վրաստանն ընթանում է Լիբանանի ճանապարհով եւ, այդպիսի պայմաններում, ջավախահայութիւնն իր ազգային ինքնուրոյնութեան համար պայքարի ուղին ընտրելուց բացի այլընտրանք չունի: Ջավախքը չի հայաթափուելու, այնտեղ կամ ապահովուելու են ջավախքահայութեան բնականոն զարգացման պայմանները, կամ իրավիճակը մտնելու է աւելի թէժ փուլ` ներքաշելով տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներով յղի նոր հակամարտութեան մէջ: Հայութիւնը պէտք է անի իրենից կախուած ամէն ինչ, որպէսզի խուսափի վերջին սցենարով իրավիճակի զարգացումից: Մեր ազգային գերխնդիրն է, որպէսզի ջավախահայութիւնը տարածաշրջանի խնդիրներով շահագրգիռ քաղաքական ուժերին ներկայանայ իր ազգային իրաւունքներին գիտակից, ընդունելի եւ տեսանելի ծրագրերով, կայուն եւ կանխատեսելի գործելաոճով եւ իր ձեռքը վերցնի Ջավախքի աշխարհաքաղաքական ներուժը տնօրինելու լծակները` յանուն Ջավախքի հայապահպանման ու բարօրութեան: Սեւակ Արծրունի, Հայրենադարձութեան եւ հիմնաւորման «Երկիր» ՀԿ միութեան նախագահ Ապրիլ 2011թ.
  -   Յօդուածներ