Քոբուլեթիի բնակիչները անհրաժեշտ են համարում կիրակնօրեայ<br /> հայկական դպրոցի ստեղծումը<br />


Քոբուլեթիի բնակիչները անհրաժեշտ են համարում կիրակնօրեայ
հայկական դպրոցի ստեղծումը

  • 15-04-2010 14:24:00   |   |  Հասարակութիւն
ՔՈԲՈՒԼԵԹԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բաթումի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիւ Տեր Արարատ Գումբալյանի նախաձեռնութեամբ, Քոբուլեթիում տեղի ունեցաւ հայ հասարակայնութեան հանդիպումը Աջարիայի հայերի միութեան մամլոյ քարտուղար Ա. Յովհաննիսեանի եւ Աջարիայի «Մեր ապագան» հայկական երիտասարդական ասոցիացիայի նախագահ Պ. Աբրահամեանի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել կապերը համայնքների միջեւ եւ մշակել ապագայի ընդհանուր ծրագրեր: Ա. Յովհաննիսեանը հակիրճ նկարագրեց Աջարիայի հայ համայնքի ընդհանուր վիճակը, պատմեց նրա զարգացման ծրագրերի մասին: Մասնաւորապէս նա յայտնեց, որ ծրագրւում է առաջիկայում բացել Աջարիայի հայերի միութեան գրասենեակ Քոբուլեթիում, ինչը թոյլ կտայ աւելի արդիւնաւէտ աշխատել հանրութեան հետ, աւելի արագ արձագանքել եւ լուծել խնդիրները: Ինչպէս նշեց Տեր Արարատ Գումբալյանը, «Հայկական եկեղեցին հոգեւոր եւ ազգային նկարագրի պատվարն է: Եկեղեցին նպաստում է հայոց լեզուի, մշակոյթի պահպանմանը, պատմութեան ուսումնասիրմանը, աւանդոյթների ամրապնդմանը, ինչպէս նաեւ արթնացնում հայրենասիրութեան ոգին»: Հոգեւոր հովիւ Տեր Արարատը քոբուլեթցի հայերին կոչ արեց մասնակցել յիշարժան միջոցառումներին: Այսպէս, ապրիլի 24-ին նշուելու է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը: Հայոց ցեղասպանութեան 95-ամեակի միջոցառումների թեման շարունակեց Պ. Աբրահամեանը, որը պատմեց Բաթումի հայ եկեղեցու եւ Աջարիայի «Մեր ապագան» հայ երիտասարդական ասոցիացիայի նախատեսած ծրագրի մասին: Ծրագիրը ներառում է սեմինար, «Հայոց ցեղասպանութիւնը» վաւերագրական ֆիլմի ցուցադրում, մոմավառություն, հոգեհանգստեան պատարագ, ինչպէս նաեւ ծաղիկներ կդրուեն խաչքարին: Այնուհետեւ տեղի ունեցաւ երկխօսութիւն դահլիճի հետ: Քոբուլեթիի բնակիչների հարցերին պատասխանեց Տեր Արարատ Գումբալյանը: Կարեւորագոյն հարցերից մէկը հայկական դպրոցի ստեղծումն էր, որի առնչութեամբ Տեր Արարատը խոստացաւ աջակցել եւ Քոբուլեթիում հիմնել հայկական կիրակնօրեայ դպրոց հայոց լեզուի եւ գրականութեան ուսումնասիրման համար, այն դպրոցի օրինակով, որ գործում է Բաթումում Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից: Հանդիպմանը հանդէս եկան Բաթումի հայկական դպրոցի աշակերտները եւ կիրակնօրեայ դպրոցի սովորողները, որոնք ընթերցեցին հայ մեծ բանաստեղծների բանաստեղծութիւնները: Հանդիսաւոր մասին նաեւ մասնակցեց եկեղեցական մանկական երգչախումբը, որը կատարեց հոգեւոր երգեր: Այցի աւարտին քոբուլեթահայ համայնքի երեխաները նուէրներ ստացան Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հոգեւոր հովիւ Տեր Արարատից: Ինչպէս Բաթումից հաղորդում է hayernaysor.am-ի թղթակիցը, այս հանդիպումը փոքրիկ տոն եղավ ինչպէս Քոբուլեթիի բնակիչների, այնպէս էլ Բաթումից ժամանած հիւրերի համար: Դահլիճում տիրում էր հայկականութեան ոգին, անսահման սէր եւ նուիրուածութիւն իրենց Հայրենիքին: Նինա Գափոյան
  -   Հասարակութիւն