Վիկտոր Կոնոպլով. Ճանաչե՞լ է արդեօք Ռուսաստանը հայոց
ցեղասպանութիւնը


12-04-2010 18:45:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ռեգնում» լրատուական գործակալութիւնը հրապարակել է բանաստեղծ, nashasreda.ru, armnn.ru ինտերնետ-նախագծերի հեղինակ Վիկտոր Կոնոպլովի «Ճանաչե՞լ է արդեօք Ռուսաստանը հայոց ցեղասպանութիւնը» յօդուածը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների: 1995 թուականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանութեան դատապարտման մասին» յայտարարութիւն: Տասնհինգ տարի անց ուզում ենք կրկին անդրադառնալ այդ փաստաթղթին, քանի որ ճիշտ բառերը, որ արձանագրուած են նրանում, մնացել են սոսկ բարի յայտարարութիւն: Յայտարարութիւն, որովհետեւ անցած տարիների ընթացքում, Ռուսաստանը էական գործնական քայլեր չի արել տուեալ յայտարարութեյան իրականացման ուղղութեամբ: «Հիմնուելով անհերքելի պատմական փաստերի վրայ, որ վկայում են 1915-1922 թուականներին Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերի բնաջնջման մասին», մեր իշխանութիւնները հնարաւորութիւն չգտան դրանք ներկայացնելու համաշխարհային հանրութեանը եւ խթանելու հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, թէեւ հենց «Ռուսաստանի նախաձեռնութեամբ եւրոպական մեծ տերությունները դեռեւս 1915 թուականին Թուրքական կայսրութեան գործողութիւնները հայ ժողովրդի նկատմամբ որակեցին իբրեւ «հանցագործութիւն մարդկութեան դէմ»: Սակայն, ո'չ կենտրոնական հեռուստաալիքներում (թերեւս ապրիլի երրորդ տասնօրեակին անյարմար ժամանակ), ո'չ ԶԼՄ-ներում, ո'չ պատմութեան դասագրքերում տուեալ թեման իր զարգացումը չգտավ: Յայտարարելով, որ Պետական դուման «ապրիլի 24-ը դիտարկում է որպէս ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր», օրէնսդիրներն այդպէս էլ այն չընդգրկեցին յիշարժան օրերի ցանկում: Մինչդեռ, որոշ երկրների օրենսդրութեամբ պատասխանատւութիւն է սահմանուած ցեղասպանութեան փաստը ժխտելու համար: Ապրիլի 24-ին որոշ երկրներում անցկացւում են սգոյ հանրահաւաքներ եւ երթեր: ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում կառուցոուած են ցեղասպանութեան զոհերի յուշարձաններ: Ռուսաստանում նման յուշարձաններ մինչ օրս չկան: Միայն անցած տարի, այն բանից յետոյ, երբ Ռուսաստանի հայերի միութիւնը որոշում ընդունեց ֆինանսավորել յուշահամալիրի շինարարութիւնը, Մոսկուայի քաղաքային դուման համաձայնեց քննութեան առնել նրա կառուցման նախագիծը: Աւաղ, քաղաքական նպատակահարմարությունը թոյլ չի տալիս մեր երկրին հրապարակավ ցուցադրելու զգացմունքների եւ մտադրութիւնների անկեղծութիւն հայերի հանդէպ: 1915 թուականին «եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը իր պատմական հայրենիքում իրագործուեց Ռուսաստանը քանդելու համար պայմաններ ստեղծելու նպատակով», եւ դրա համար մենք ըստ ամենայնի օգնում էինք հայերին: Յետագայ տարիներին քաղաքական նպատակահարմարությունը` պայքարն ընդդէմ Անտանտի, ինչպէս նաեւ Կովկասի խորհրդայնացման գաղափարը հանգեցրին Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի դաշինքին: Այդ դաշինքի արդիւնքը եղավ Սեւրի խաղաղ պայմանագրի (1920 թ. օգոստոսի 10), Ալեքսանդրապոլի թալանչիական պայմանագրի (1920 թ. դեկտեմբերի 2-3) չճանաչումը եւ Հայաստանի յետագայ սրընթաց խորհրդայնացումը: Թեպետեւ Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, սակայն, Մոսկուայի (1921 թ. մարտի 16), այնուհետեւ Կարսի պայմանագրով (1921 թ. հոկտեմբերի 13) Խորհրդային Ռուսաստանի այն ժամանակուայ իշխանութիւնները եւ նրանց դրածոները Խորհրդային Հայաստանից փաստորեն աւարտեցին Հայաստանի բաժանումը, Թուրքիային նվիրելով աւելի քան 20 հազար քառ. կմ տարածք եւ հայաբնակ Նախիջեւանը յանձնելով Ադրբեջանի իրաւասութեանը: Դրանից բացի, հենց խորհրդային իշխանութիւնը սկզբում չմիջամտեց Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ տարածքների ինքնակամ միաւորմանը նախկինում իր պետականութիւնը չունեցած Ադրբեջանին, յետոյ նաեւ հենց այնպէս Լեռնային Ղարաբաղը նուիրաբերեց Խորհրդային Ադրբեջանին: Պետական դուման իր յայտարարութեյան մէջ անդրադարձաւ միայն հայոց ցեղասպանութեան մէկ բաղկացուցչի` մարդկանց ոչնչացմանը մէկ պետութեան կառավարութեան կողմից: Անուշադրութեան մատնուեցին Սասունի, Տրապիզոնի, Կոստանդնուպոլսի, Էրզրումի, Կիլիկիայի, Ադանայի, Հալեպի, Թուրքիայի միւս շրջանների ջարդերի բազմահազար զոհերը 1894-1909 թուականների ժամանակամիջոցում: Մի կողմի վրայ մնաց մշակոյթային ցեղասպանութիւնը, որ ներառում է հայ ժողովրդի պատմութեան, կրօնի եւ մշակոյթի յուշարձանների նպատակաուղղուած ոչնչացումը: Օսմանեան Թուրքիայում իրականացուած ցեղասպանութիւնը դատապարտելիս ուշադրութեան չառնվեց այն, որ հայերի, իբրեւ ազգի, բնաջնջման էստաֆետը շարունակեց նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութիւնը, 1920 թուականի մարտին հակահայկական քաղաքականութեան զոհասեղանին դնելով Շուշիում ապրող մօտ 10 հազար հայերի: Ցեղասպանութիւնն իր շարունակութիւնն ունեցաւ ուծացման քաղաքականութեամբ: Թուրքիայում, ողջ մնացած հայ երեխաներին տալիս էին մուսուլմանական ընտանիքներին, դրանով իսկ կտրելով նրանց հայրենի արմատներից եւ քրիստոնեական հավատից: Տարբեր գնահատումներով այդպիսի երեխաների թիւը կազմում էր մօտ 300 հազար: Հազարաւոր հայեր` լքելով հայրենիքը եւ հաստատվելով օտարութեան մէջ, ձուլվեցին տեղի բնակչութեանը, կորցրին կապը ցեղակիցների հետ, մոռացան լեզուն, մշակոյթը, աւանդոյթները: Կիսատ-պռատությունը եւ անհետեւողականությունը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին երկար պատմութեան մէջ կետադրության բոլոր նշանները դնելու հարցում հանգեցրեց նրան, որ արդէն 80-ականների վերջում հայերի դահիճներ Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի հետեւորդների մէջ վերածնվեց հայկական հարցը վերջնականապէս լուծելու ցանկութիւն: Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշումը (1988 թ. փետրուարի 18) առիթ դարձաւ հայկական պերմանենտ ջարդերի համար` Սումգայիթ (1988 թ. փետրուարի 26-29), Կիրովաբադ (1988 թ. նոյեմբերի 21-27), Բաքու (1990 թ. յունվարի 13-19): 1991 թուականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը նոր ուժով բորբոքեց հակահայկական տրամադրությունները Ադրբեջանում, որ վերաճեցին ղարաբաղցի հայերի դէմ պատեազմական գործողութիւնների: Անտարբեր չմնաց եւ Թուրքիան, որ մինչ այդ բաւական լաւ մաքրել էր քսաներորդ դարասկզբի իրադարձութիւնների մասին յիշողութիւնը: Օգտվելով Ադրբեջանի ղարաբաղեան պատերազմից, նա փակեց Հայաստանի հետ սահմանը: Այդ տարիներին շոշափելի էր ռուսական ռազմական եւ տնտեսական օգնութիւնը Հայաստանին: Սակայն, դարձեալ, քաղաքական նպատակահարմարությունը թոյլ չտուեց Ռուսաստանին կանգնեցնել ցեղասպանութեան ուժ հաւաքող թափանիվը: Այսօր մենք տեսնում ենք, թէ ինչպէս Ադրբեջանում եւ Թուրքիայում աւելի ու աւելի բարձր է հնչում նրանց ձայնը, ովքեր ձգտում են հայկական պետականութեան լիակատար վերացման: Հայոց լեզւում հիմնարար մի դարձված կայ, որ արտայայտում է օգնելու անկեղծ, սիրով ու տխրությամբ լի ցանկութիւն` «ցավդ տանեմ»: Մի ժամանակ վաղուց այդ արտայայտութիւնը հայերն ասում էին իրենց բարեկամ ռուս ժողովրդին: Եվ ոչ միայն ասում էին, այլեւ ցոյց տալիս կոնկրետ գործերով: Եվ մեր ժողովուրդը արձագանքում էր փոխադարձությամբ: Այսօր մենք կրկին պէտք է սատարենք մեր բարեկամներին, օգնենք վերականգնել պատմական արդարութիւնը: Բայց ոչ խաղաղ-հանդարտ յայտարարութիւններով, այլ աղմկաձայն գործերով: Չէի կամենայ մտածել, որ Ռուսաստանը «ձգտելով վերածնել ռուսական պետութեան մարդասիրական աւանդոյթները», գործնականօրէն հայոց ցեղասպանութիւնը կճանաչի միայն պոստֆակտում կատարվելուց յետոյ: Որպէս կատարուված փաստ: Վիկտոր Կոնոպլյով, բանաստեղծ, ինտերնետ-նախագծերի հեղինակ Չակերտված մեջբերումները կատարուված են Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դումայի 1995 թուականի ապրիլի 14-ին ընդունած «1915-1920 թթ. հայ ժողովրդի ցեղասպանութիւնը դատապարտելու մասին» յայտարարութիւնից:
 

  -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին