Գիտական բարոյականութեան ու գիտութեան մէջ պատեհապաշտութեան մասին


Գիտական բարոյականութեան ու գիտութեան մէջ պատեհապաշտութեան մասին

  • 13-04-2011 17:07:42   | Հայաստան  |  Յօդուածներ
(Հ. Դեմոյեանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» յօդուածի առթիւ) Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրօնային փոստով տարածուեց այդ հաստատութեան տնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Հայկ Դեմոյեանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» յօդուածը (հայերեն, ռուսերէն եւ անգլերէն տարբերակներով)։ Նոյն օրն այդ յօդուածը հրապարակուեց Հցթի-ի, ինչպէս նաեւ Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում։ Հցթի-ի` ակադեմիականութեան յաւակնող, առաւել եւս՝ օտար լեզուներով հրապարակուող որեւէ յօդուած պէտք է համապատասխանի գիտական պատասխանատուութեան ու բարոյականութեան ամենախիստ պահանջներին, քանի որ այդ թանգարան-ինստիտուտը՝ իր անուան, կոչման եւ տեղադրութեան (Ծիծեռնակաբերդ) բերումով մեր պետութեան ու հանուր հայութեան համար ունի գերկարեւոր նշանակութիւն։ Ցաւօք, աշխարհով մէկ տարածուած, ծաւալով ոչ մեծ այդ յօդուածը (հայկական տարբերակում՝ ընդամէնը 949 բառ) շատ առումներով թերի է, ներառեալ պատմական փաստերի սխալ ներկայացումներ ու պատեհապաշտական մեկնաբանումներ, գիտական բարոյականութեան խախտումներ, չհիմնաւորուած եզրակացութիւններ, կեղծ-գիտականութիւն… Առաջին, գիտական չէ բուն հարցադրումը՝ Արցախում (Ղարաբաղ) թուրքերի ցեղասպանական փորձերի քննարկումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բարձր Դռան վարած ընդհանուր քաղաքականութիւնից անջատ։ Մասնաւորապէս՝ հեղինակն անարդարացիօրէն առանձնացնում է 1720-ական թուականներին Ղարաբաղի հայոց դիմադրութիւնը ճնշելու օսմանեան փորձերը, անտեսելով թուրքերի նոյնական քաղաքականութիւնը հարեւան Սիւնիքի, Երեւանի, հայկական այլ շրջանների ու բնակավայրերի դէմ։ Խառնափնթոր ու անհիմն է նաեւ Դեմոյեանի հետեւեալ եզրակացութիւնը. «Ղարաբաղեան հարցի կարգաւորման վերաբերեալ թուրքական մօտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանութիւնների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից» (շարադրանքի լեզուն այսպէս խառնակ է բնագրում - Գ. Յ.)։ Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանութիւնների իրականացման փորձադաշտ» թէկուզ միայն այն բանի շնորհիւ, որ խնդրոյ առարկայ ժամանակահատուածներում (1720-ական, 1918-1921 եւ 1990-ական թուականներ) այնտեղ կային հայկական զինուած ուժեր, որոնք, ինչպէս ընդունում է ինքը Դեմոյանը, արդիւնաւէտ դիմադրութիւն ցոյց տուեցին օսմանեան ու ադրբեջանական զօրքերին։ Ուստի՝ Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է՝ թելադրուած ներկայ պահին յարմարուելու ցանկութեամբ։ Տարածաշրջանային ներկայ իրավիճակից բխող մտածողութիւնը Դեմոյեանին բերում է Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելու քաղաքականապէս սնանկ եւ յոյժ վնասակար դիրքորոշման: Ահաւասիկ դրա ապացոյցները` վերցրած Դեմոյեանի յօդուածից. «Ղարաբաղեան հիմնահարցում թուրքական միջամտութիւնն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ մղուող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցութիւնը…», «Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականութեան մէջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար…»։ Միթէ՞ Հցթի-ի տնօրէնը տեղեակ չէ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է բոլոր առումներով` թէ՛ ազգաբանօրեն, թէ՛ տնտեսապէս, թէ՛ մշակութապէս, թէ՛ լեզուական տեսակէտից, թէ՛ պատմականօրեն, թե՛, վերջապէս՝ ռազմական առումով, դեռ չնշելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիաւորման հռչակագիրը, որը մինչեւ օրս չեղեալ չի յայտարարուել։ Դեմոյեանը չգիտե՞, որ Հայաստանը, իբրեւ հայոց հայրենիքը բնորոշող հասկացութիւն, ներառում է թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, թէ՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, նաեւ` հարեւանների բռնագրաւած հայկական տարածքները (ցաւօք, «Հայաստան» եւ «Արցախ-ղարաբաղ» հասկացութիւնները տարբերակողները չափազանց շատ են ՀՀ իշխանական վերնախաւում ու նրանց սպասարկող պալատական «փորձագէտների» լեգէոնում)։ Փաստօրեն, Դեմոյեանը՝ Ղարաբաղը որպէս առանձին մի երկիր ներկայացնելով, կամայ թէ ակամա, կեղծ-պատմագիտական դրոյթ է պաշտպանում եւ իբրեւ այդպիսին, հող է նախապատրաստում արտաքին ուժերի՝ սկզբից Լղհ-ն Հհ-ից, իսկ արցախցիներին` ԼՂՀ տարածքից դուրս ապրող հայերից անջատելու, այնուհետեւ նրանց միմեանց հակադրելու վտանգաւոր, ազգակործան ծրագրերի համար։ Երկրորդ, Հ. Դեմոյեանը կոպտօրէն խախտում է գիտական բարոյականութեան տարրական նորմերը, լռութեան մատնելով քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանի՝ «1720-ական թթ. հայոց ապստամբութիւնը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկուելու վտանգը» (The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997) անգլերէն մենագրութիւնը: Այդ աշխատութեան մէջ Ա. Այվազեանը, բազմալեզու սկզբնաղբիւրների եւ գիտական գրականութեան ծաւալուն հիմքի վրա, հայ պատմագիտութեան մէջ առաջին անգամ առաջադրել եւ ապացուցել է այն վարկածը, որ Հայաստանի ամբողջ տարածքի վրայ հայերին ի սպառ բնաջնջելու ծրագրերն ու գաղափարներն Օսմանեան կայսրութեան իշխող շրջանակներում սաղմնաւորուել են հէ՛նց 1720-ական թուականներին։ Ի թիւս Այվազեանի նշած մի շարք այլ պատճառների, այդպիսի տրամադրութիւններն առաջացել են յատկապէս այն կատաղի դիմադրութիւնից, որ հայերը ցոյց տուեցին Արեւելեան Հայաստան ներխուժած օսմանեան բանակներին Արցախում, Սիւնիքում, Երեւանում, Լոռիում եւ հայկական ազատագրական շարժման մի շարք այլ կենտրոններում։ Ըստ Այվազեանի, Օսմանեան կայսրութեան պետական քաղաքականութիւնն ի սկզբանէ ուղեկցուել է ցեղասպան մտայնութեամբ ու գաղափարախօսութեամբ։ Այդ քաղաքականութեան իրագործմանը նպաստել են նաեւ յստակ մշակուած մեխանիզմները, որոնցից մէկը ֆեթուան էր՝ կայսրութեան մուսուլման բարձրագոյն հոգեւորականութեան կրօնաիրաւական որոշումը։ Կարճ ասած՝ Այվազեանի մենագրութեան մէջ (որն, ի դէպ, վաղուց արդէն գիտական շրջանառութեան մէջ է մտել, բազմաթիւ գրախօսութիւնների արժանացել, նաեւ ամբողջութեամբ զետեղուել համացանցում) քննութեան են ենթարկուած շատ հարցեր ու հարցադրումներ, որոնց Դեմոյեանն անդրադառնում է իր վերոնշեալ յօդուածում, այդ թւում՝ 1720-ական թուականներին Արցախում (եւ Սիւնիքում) օսմանեան զօրքերին պատճառուած պարտութիւններն ու մարդկային կորուստները (Այվազեանի մենագրութեան էջ 4-20), հայերին ոչնչացնելու մտադրութիւնները (էջ 21-32), գերի ընկած օսմանցի զօրահրամանատար Սալեհ փաշայի խոստովանութիւնը (էջ 39-40)։ Փաստօրեն, Այվազեանի ամբողջ գիրքը առաջադրում եւ քննում է ճիշտ այն նոյն խնդիրները, որոնց մասին գրում է Դեմոյեանը: Վերջինս դրանք ներկայացնում է իբրեւ ի՛ր մտքի արգասիք` չյիշատակելով մինչ այդ արուած աշխատանքը։ «Օսմանեան կայսրութիւնում բնաջնջման որոշումներ ընդունելն ու դրանք իրագործելը» ենթագլխում (էջ 33-36), հայ պատմագրութեան մէջ Այվազեանն առաջին անգամ ներկայացրել ու վերլուծել է 1720-ական թուականներին շիաների ու քրիստոնեաների ոչնչացման վերաբերեալ Օսմանեան կայսրութեան գերագոյն մուֆթիի արձակած կրօնաիրաւական որոշումները՝ ֆեթուաները, այնինչ Դեմոյանը, չյիշելով Այվազեանի գրքի մասին, գրում է. «1725 թուականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու յատուկ ֆեթուայ (հրաման) արձակեց օսմանցիներին յաջող դիմադրութիւն կազմակերպած հայերի դէմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցիների մուտքը դէպի Բաքու շրջափակելու համար»։ Այս ասելով՝ Դեմոյեանը կրկնակի սխալ է թոյլ տալիս. 1) սուլթանը չէր կարող ֆեթուայ արձակել, քանի որ դա Օսմանեան կայսրութեան բարձրագոյն հոգեւոր հեղինակութեան՝ շէյխ-ուլ-իսլամ տիտղոսը կրող մեծ մուֆթիի բացառիկ իրաւասութիւնն էր։ Սուլթանը նրան էր դիմում պետական կարեւորութիւն ունեցող հարցերով, իսկ ֆեթուան իր արձակման պահից ինքնըստինքեան մտնում էր ուժի մէջ եւ նոյնիսկ սուլթանն իրաւասու չէր դա չեղեալ յայտարարել։ 2) 1725 թ. հայերի ոչնչացման վերաբերեալ իբր արձակուած յատուկ ֆեթուայի մասին պատմական տեղեկութիւններ չկան, գոնէ առ այսօր չեն յայտնաբերուել։ Յայտնի են Կ. Պոլսում հրապարակուած ընդամէնը երկու նմանատիպ ֆեթուաներ՝ համապատասխանաբար 1723 եւ 1730 թուականներին, երկուսն էլ առաջին հերթին ուղղուած Իրանի շիաների դէմ, ու պակաս չափով՝ քրիստոնեաների դէմ (տե՛ս Այվազեանի նշուած աշխատութիւնը, էջ 33-36)։ Հ. Դեմոյեանը մէջբերում է Ղարաբաղում 1725 թ. գերուած օսմանցի զօրահրամանատար Սալեհ փաշայի հարցաքննութեան ժամանակ արած յայտարարութիւնը, ուր նա յայտնում է հայերին ու շիաներին բնաջնջելու սուլթանի «հրամանի» մասին, որի արձակման ժամանակը, սակայն, չի յստակեցւում։ Հայ պատմաբանը, առաւել եւս Հցթի-ի նման պատասխանատու կառոյցի ղեկավարը պարտաւոր է իմանալ, որ սուլթանի հրամանը եւ ֆեթուան բոլորովին տարբեր բանէր են։ Ուշագրաւն այն է սակայն, որ Սալեհ փաշայի խոստովանութիւնն ամբողջութեամբ մէջբերուած ու մեկնաբանուած է նաեւ Այվազեանի նշուած ուսումնասիրութեան մէջ (էջ 39-40)։ Այվազեանի գրքի հետ չափից շատ այս համընկնումները լուրջ մտորումների տեղիք են տալիս… Արմէն Այվազեանը, վերլուծելով Սալեհ փաշայի տուած ցուցմունքը, ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրում է աշխարհառազմավարական «սեպի» այն դերին, որ կատարում էին Սիւնիքում եւ Արցախում (ոչ միայն Արցախում, ինչպէս գրում է Դեմոյեանը՝ ելնելով ներկայ քաղաքական իրադրութիւնից) կենտրոնացած հայկական զինուած ուժերը. «Հայկական Սղնախներն ի վիճակի էին որեւէ պահի կտրելու օսմանեան զօրքերի եւ արեւելեան Այսրկովկասի որոշ շրջանները ռազմակալած նրանց սուննի դաշնակիցների՝ կովկասցի լեռնականների միջեւ եղած հաղորդակցութեան կարեւոր ուղիներն ու այդպիսով իրական պատնէշ էին օսմանեան ծաւալապաշտութեան դէմ» (էջ 39): Դեմոյեանի մեկնաբանութիւնը նոյնատիպ է. «18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդէպ թրքական մօտեցման ծագումնաբանութիւնը, որոնց յետագայում Թուրքիան կը մեղադրուի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մէջ» (շարադրանքի լեզուն այսպէս խառնակ է բնագրում,- Գ. Յ.)։ Այվազեանը չափազանց հետաքրքրական մի տեղեկութիւն էլ մէջբերում է մխիթարեան միաբան Եղիա վարդապետի` 1725 թ. մարտի 9-ին Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն հասցէագրած նամակից (էջ 28-29)։ Նամակում ասւում է. «Թագաւորը (սուլթան Ահմեդ Գ-ը,- Գ. Յ.) կատաղած է հայերի վրայ եւ բազմիցս ցանկացել է Պարսկաստանի դէպքերի պատճառով հայերին ի սպառ բնաջնջել, բայց մուֆթին հայերին բնաջնջելու ֆեթուայ չի արձակել» [«թագաւորն տաղտկացէալ է ի հայոց եւ բազմիցս կամեցէալ է բնաւ զհայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուէալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զհայս»]։ Այվազեանի նոյն մենագրութեան մէջ նշուած է, որ Ղարաբաղում հայերը գերի էին վերցրել Սալեհ փաշային 1725 թ. մարտի 3-4-ին (էջ 20, էջ 70, ծան. 72)։ Իսկ, ինչպէս նշեցինք, Եղիա վարդապետի նամակը գրուել է 1725 թ. մարտի 9-ին, այսինքն՝ Սալեհ փաշայի հարցաքննութեան ժամանակ հայերին բնաջնջելու վերաբերեալ յատուկ ֆեթուայ գոյութիւն չի ունեցել։ Այդուհանդերձ՝ 1720-ական թուականներին Արեւելեան Հայաստանի (ոչ միայն Ղարաբաղի) հարիւր հազարաւոր հայեր ենթարկուեցին կոտորածի, բռնի տեղահանութեան եւ գերեվարութեան։ Կարծում եմ, ասուածը բաւարար է, որպէսզ պարզ լինի, որ Հ. Դեմոյեանը պարզապէս պարտաւոր էր յղում կատարել Արմէն Այվազեանի «1720-ական թթ. հայոց ապստամբութիւնը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկուելու վտանգը» մենագրութեանը, քանի որ վերջինիս մէջ, ինչպէս վերն արդէն նշուեց, առաջին անգամ բարձրացուել եւ մասնագիտօրէն վերլուծուել են այն խնդիրները, որոնց Դեմոյեանն անդրադառնում է իր մարտի 10-ի յօդուածում։ Հցթի-ի տնօրէնի՝ ուրիշի հեղինակային իրաւունքի խախտման փաստի դիմաց՝ զաւեշտալի է դիտւում Հցթի-ի տարածած հետեւեալ եռալեզու ծանօթագրութիւնը. «Բոլոր իրաւունքները պաշտպանուած են: Հցթի-ի կայքի յօդուածների մասնակի կամ ամբողջական մէջբերումներ անելիս յղումը պարտադիր է»: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայում պէտք է լրջօրէն զբաղուեն Հ. Դեմոյեանի կողմից գիտական բարոյականութեան խախտման նշածս դէպքով, ինչպէս նաեւ մեզանում տարածում գտած բոլոր նման դէպքերով։ Եթէ մենք իրօք ուզում ենք, որ Հհ-ում գիտութիւնն ապագայ ունենա, ապա գիտական բարոյականութեան բոլոր տեսակի խախտումներին պէտք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները։ Յիշեցնենք, որ ընդամէնը մէկ ամիս առաջ Գերմանիայի պաշտպանութեան նախարար Կարլ Թէոդոր ցու Գուտտենբերգին զրկեցին ինչպէս իր պաշտօնից, այնպէս էլ իր դոկտորական աստիճանից այն պատճառով, որ իր աւարտաճառում փոխառել էր հատուածներ տարբեր հրապարակումներից ու ելոյթներից՝ առանց համապատասխան յղումներ անելու։ Գերմանական մամուլը այդ չկայացած գիտնականին անուանեց «պարոն Copy-Paste»… Երրորդ, Հ. Դեմոյեանի յօդուածի բոլոր երեք տարբերակները (հայերեն, ռուսերէն եւ անգլերէն) լիքն են մտքի, մեղմ ասած, անյաջող կառուցուածքներով ու լեզուաոճական սխալներով, որոնք անթոյլատրելի են նոյնիսկ ուսանողական ռեֆերատի համար։ Որպէսզի ասուածը չհնչի իբրեւ մերկապարանոց մեղադրանք, ստորեւ մի քանի նախադասութիւն մէջբերենք յօդուածի հայերէն տարբերակից, մեկնաբանութեամբ հանդերձ (մեր սոյն հրապարակման ռուսերէն տարբերակում բերուած են նմանատիպ օրինակներ Դեմոյեանի ռուսերէն շարադրանքից). 1. Հետեւեալ անմշակ ու թերի կէտադրութեամբ երկար նախադասութեան նոյնիսկ մի քանի անգամ ընթերցումը թոյլ չի տալիս հետեւել հեղինակի մտքին. «Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառեալ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականութիւնը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկիւնից շատ արդիական է թւում եւ յղումները պատմական փաստերին, այս տեսանկիւնից օգնում են լոյս սփռել Ղարաբաղեան հարցի շուրջ «թուրքական ռազմավարութեան» ակունքների վրայ»: 2. Լեզուաոճական առումով խառնափնթոր, նոյնքան երկար հետեւեալ նախադասութեան մէջ երեք անգամ գործածուել են «փորձ» բառը, երկուական անգամ էլ՝ «կողմից» եւ «ուղղակի/ուղղակիօրէն» բառերը. «Չէի ցանկանայ պնդել, որ ցեղասպանութեան երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականութիւն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցութիւնն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացման եւ հայ բնակչութեան արտաքսման փորձերը թոյլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիօրեն, ներգրաւուած էր Ղարաբաղում հայերի դէմ նոր ցեղասպանութիւն իրագործելու փորձի մէջ»: 3. Հաւանաբար, միայն Դեմոյեանին ու նրա քաղաքական հովանաւորներին է յայտնի, թէ Թուրքիան ինչպէս կարող էր առհասարակ Ղարաբաղեան հիմնահարցի (տեքստում՝ «դրա») «հանգուցալուծման մասը» լինել՝ ինչպէս ուղղակի, այնպէս էլ՝ լեզուաիմաստային առումով. «Ղարաբաղեան հիմահարցում թուրքական միջամտութիւնն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ մղուող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցութիւնը Թուրքիային վերածեց աւելի շատ հիմնախնդրի, քան թէ դրա հանգուցալուծման մասը»: 4. ա) Դեմոյեանը չարաշահում է յատուկ եզրոյթների գործածումը («Pax Ottomanica», «զրոյական խնդիրներ», Realpolitik), բ) դարձեալ ընկնում է նոյնաբանութեան մէջ՝ կրկնելով «սեփական պատմութիւն» արտայայտութիւնը, գ) թոյլ է տալիս կոպիտ տառասխալ (պէտք է լինի ոչ թէ «վերաշարադրումն», այլ «վերաշարադրման»). «Թուրքիան պէտք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դէմ իրագործած ցեղասպանութիւնները, իսկ սեփական պատմութեան վերաշարադրումն անհրաժեշտութիւնը բխում է սեփական պատմութեան ու յիշողութեան հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնութիւնների ճգնաժամերի յաղթահարման համար»: 5. Ստորեւ մէջբերուած պարբերութեան առաջին նախադասութեան մէջ Դեմոյեանը պնդում է, որ Թուրքիան գործուն մասնակցութիւն է ունեցել ղարաբաղեան պատերազմին, իսկ յաջորդ նախադասութեան մէջ այդ երկիրը ներկայացնում է որպէս «պասիւ դիտորդ» (ի դէպ՝ հայերէնում «պասիւ» բառի համարժէքը «կրաւորականն» է)։ Երկրորդ նախադասութեան մէջ կրկնուած է «դառնալ» բայը. «...Թուրքական կանոնաւոր բանակի հարիւրաւոր զինուորներ եւ սպաներ, ներառեալ տասը գեներալ, ներգրաւուած էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դէմ իրականացուող ռազմական գործողութիւններում: Կրկին Թուրքիան դարձաւ պարտուած կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքուի ստորացուցիչ պարտութիւնների պասիւ դիտորդը»: «Հայկական ինքնապաշտպանական ուժերի դէմ իրականացուող ռազմական գործողութիւններում» ներգրաւուած թուրք գեներալների՝ Դեմոյեանի նշած թիւը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Պարզապէս՝ ադրբեջանական բանակի ընդհանուր թուաքանակը չէր բաւարարի 10 թուրք գեներալի համար։ Ընթերցողին մնում է միայն տարակուսել, թէ Դեմոյեանը որտեղի՞ց է հայթայթել այդ` բացայայտօրէն չափազանցուած թիւը։ Երկէջանի բաբելոնեան շարադրանքի արդիւնքում, Դեմոյեանը բնականաբար չէր կարող արդարացուած եզրակացութիւնների յանգել։ Այսպէս, նա, ի միջի այլոց, ամփոփում է. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետութիւնները ձեւաւորուել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդիւնքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետութիւնների համար»: Թուրքիան ազգային պետութիւն ներկայացնելուն վերաբերելով մեծ վերապահումով, անհնար է անմիջապէս չառարկել Ադրբեջանի կապակցութեամբ՝ այդ ե՞րբ այնտեղ հասցրեցին ազգային պետութիւն ստեղծել, երբ Ադրբեջանական Հանրապետութեան տարածքում բնակուող բազմաէթնիկ տարրերից դեռ նոր-նոր է ադրբեջանցի ազգ գոյեանում: Միւս կողմից, հեղինակը չի ճշտում՝ ե՞րբ եւ ի՞նչ «լուրջ հետեւանքներ» են ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի համար նրանց իրագործած ցեղասպանութիւնները։ Ի հեճուկս Դեմոյեանի՝ մենք ականատեսն ենք հակառակ իրականութեան՝ ցեղասպանութիւններն ունեցել են աղէտալի հետեւանքներ այն ժողովուրդների համար, ում նկատմամբ դրանք իրագործուել են, եւ ոչ միշտ՝ այն պետութիւնների համար, որոնք դրանք իրագործել են։ Հայ ժողովուրդը երկար ժամանակ է, ինչ քաղում է քսաներորդ դարի առաջին ու տակաւին անպատիժ մնացած ցեղասպանութեան դառը պտուղները, այսօր էլ դեռ գտնուելով կեանքի ու մահուան եզրագծին (բաւարար է այն աղէտալի փաստի արձանագրումը, որ ազգի թուաքանակի աւելի քան երկու երրորդն այսօր ապրում է հայկական գերիշխանութիւնից դուրս գտնուող երկրներում, ինչն ըստ էութեան նշանակում է ձուլում՝ «սպիտակ ջարդ»)։ Առանց հիմնաւորման ճամարտակել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխներին գալիք ինչ-որ անորոշ «լուրջ հետեւանքների» մասին ոչ այլ ինչ է, քան անլուրջ մօտեցում, ցանկալին իրականութիւն ներկայացնելու մանկական բարբաջանք, պատրանք, որոնք գիտութեան հետ որեւէ կապ չունեն։ Մի քանի խօսք եւս լեզուական անհարթութիւնների մասին, որոնք հարիր չեն նոյնիսկ աշակերտին: Շարադրանքում առկայ են օտարաբանութիւններ, ինչպէս ռուսերէնի любой բառի` արեւելահայերէնին (վերջին տարիներին նաեւ վերջինիս միջոցով արեւմտահայերէնին անցած) «ցանկացած» թարգմանութիւն-յիմարութիւնը, որ համազգային ախտի է վերածուել եւ որից կարծես փրկութիւն չունենք (Դեմոյեանը գործածում է, օրինակ, «ցանկացած խոչընդոտ» ցնդաբանութիւնը. խելքը գլխին ո՞ր մարդը խոչընդոտ կը ցանկանայ), հայերէն համարժէքներ ունեցող օտար բառերի գործածումը (օրինակ` «էքսպանսիայ»` «տարածում»-ի փոխարէն), յոգնակի գոյականներին եզակի բայեր կցելու տարրական սխալները («ձախողուեց ... փորձերը», «փորձերը ... հանդիսանայ» եւ այլն), օտարաբանութիւն յուշող «կողմից» բառի անհարկի կիրառումը, եւ լեզուական բազմաթիւ այլ սխալներ: Պէ՞տք է պր. Դեմոյեանին ու բոլորին յիշեցնել, թէ հայոց լեզուի անաղարտութեան պահպանումը օրէնքով ամրագրուած պարտաւորութիւն է: Ի դէպ, անհարթութիւններ ու սխալներ կան նաեւ օգտագործուած գրականութեան ընդամէնը երեք աղբիւրների յղումներում: Հեղինակը իր իսկ հեղինակած «Турция и Карабахский конфликт» աշխատութեան անուան մէջ Карабахский-ն յիշատակում է Карабахской սխալ ձեւով: Այս սխալը առկայ է խնդրոյ առարկայ յօդուածի թէ՛ հայերէն եւ թէ՛ ռուսերէն շարադրանքների յղման աղբիւրներում, ինչը վկայում է, որ հեղինակը գերազանց է իւրացրել Copy-Paste տեխնոլոգիան… Աւելին՝ Դեմոյեանի յօդուածում ինքն իր գրքի հրատարակութեան տարեթիւն (Турция и Карабахский конфликт в конце XX - начала XXI веков: историко-сравнительный анализ. - Ер.: Авторское издание, 2006) հետ է տարել ոչ աւել, ոչ պակաս՝ 11 տարով` 2006-ի փոխարէն նշելով 1995 թ.։ Ին՞չ է սա՝ անփութութիւ՞ն, լուրջ հարցեր սեփական յիշողութեա՞ն հետ, թէ՞ կանխամտածուած կեղծիք։ Վերջում նկատեմ, որ Դեմոյեանը ճիշտ կաներ, եթէ Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեան մասին ելոյթով հանդէս գար փոքր-ինչ աւելի վաղ՝ «հայ-թուրքական հաշտութեան» «մեղրամսի» ժամանակաշրջանում։ Ի վերջո, Թուրքիան միայն «ներկայիս» չէ, որ Հհ-ին նախապայմաններ է առաջադրում, ինչպէս փորձում է իր ընթերցողին հաւատացնել Դեմոյեանը: Այդ նախապայմանները հնչել են Թուրքիայի կողմից ՀՀ անկախութիւնը ճանաչելու վայրկեանից, ինչի ապացոյցը այդ պետութեան` իր հարեւան Հհ-ի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չհաստատելու ռազմավարական հետեւողական դիրքորոշումն է: Ինչպէս յայտնի է, Հայկ Դեմոյեանը մեռելածին «ֆուտբոլային դիւանագիտութեան» մոլի ջատագովներից էր ու թերեւս միակ դիպլոմաւոր հայ պատմաբանը, որը կողմ էր արտայայտւում պատմաբանների հայ-թուրքական յանձնաժողով ստեղծելու վերաբերեալ ՀՀ քաղաքական ղեկավարութեան ընդունած անխոհեմ որոշմանը։ Քաղաքականութեան մէջ` պատեհապաշտութիւնը երբեմն պարտադրեալ է, բայց գիտութեան մէջ` բոլոր պարագաներում անբարոյ է։ Հ. Գ. Վերեւը նշուած լեզուական սայթաքումները հերիք չէին կարծես: Բացարձակապէս անընդունելի է այն, որ Հցթի-ի էլեկտրօնային լրատուն ունի միայն անգլերէն անուանում՝ Museum G-Brief, Electronic Periodical of the Armenian Genocide Museum & Institute, Yerevan, Armenia: Ո՞վ է իրաւունք տուել Հցթի-ի ղեկավարութեանը` ոտնահարել ՀՀ Սահմանադրութեան 12-րդ` «Լեզուական» յօդուածն ու «Լեզուի մասին» օրէնքը, որի առաջին յօդուածը յայտարարում է, թէ ՀՀ պետական լեզուն (կ'ուզենայի որ շեշտուած լինէր` պետական միակ լեզուն)` հայերէնը «սպասարկում է հանրապետութեան կեանքի ԲՈԼՈՐ ոլորտները» (մեծատառերը իմն են - Գ. Յ.): Բացի այդ՝ աշխարհով մէկ ցրուող այդ լրատուի՝ դարձեալ միայն անգլերէնով ներկայացուած հրատարակման տուեալների սիւնակում ՀՀ Գիտութիւնների Ազգայի Ակադեմիան ներկայացուած է որպէս ոչ թէ Հցթի-ի վերադաս կառոյց, այլ` … ճիշտ հակառակը` Հցթի-ին ենթակայ հիմնարկութիւն, ահա այսպէս՝ National Academy of Sciences of the Armenian Genocide Museum-Institute… Հանրայայտ երգի նմանողութեամբ էլ եզրափակենք` հէնց այսպէ՛ս էլ Հայոց ցեղասպանութեան ակադեմիական ինստիտուտ ենք ղեկավարում… ԳԵՒՈՐԳ ԵԱԶԸՃԵԱՆ (պատմ. գիտ. թեկնածու) gevorgyazichyan@gmail.com 25 մարտի 2011 թ. Երեւան
  -   Յօդուածներ