Ռուբեն Հակոբյան. Ընդդիմության միավորմանը խոչընդոտող հիմնական ուժը ՀԱԿ-ն է՝ իր առաջնորդով


Ռուբեն Հակոբյան. Ընդդիմության միավորմանը խոչընդոտող հիմնական ուժը ՀԱԿ-ն է՝ իր առաջնորդով

  • 11-04-2011 16:34:42   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին երեք տարիների ընթացքում ընդդիմության միավորմանը խոչընդոտող հիմնական ուժը եղել է ՀԱԿ-ն՝ իր առաջնորդով։ Լրագրողների հետ ապրիլի 11-ի հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։ Ըստ նրա, Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերաձեւումների շեմին է, սպասվում են նոր վերադասավորումներ։ Ռ.Հակոբյանի դիտարկմամբ, Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պարզ դարձավ, որ սկսվել է երկխոսություն վերջինիս եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ։ Ավելին, այդ երկխոսությունը միջնորդավորված է։ Ռ.Հակոբյանը հիշեցրեց, որ այդ օրերին Հայաստանում էր գտնվում Հայաստանի հարցով ԵԽ համազեկուցող Ջոն Պրեսկոտը, որի հետ պայմանավորվածությունների մի մասը հրապարակվեց, իսկ «մյուս մասի մասին կարելի է ենթադրել»։ Ռ.Հակոբյանն ընդգծեց, որ իշխանություններին ներկայացված հիմնական պահանջները՝ Ազատության հրապարակի «ազատագրում», քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտիմեկյան դեպքերի բացահայտման հավաստիացումներ, կամ իրականացվել են, կամ էլ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Ըստ նրա, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն «առանց ամպագոռգոռ բառերի» ցույց տվեց, որ կարելի է մտնել հրապարակ, հանդիպումներ ունենալ իրեն սատարող 20 հազար քաղաքացիների հետ։ Քաղբանտարկյալների խնդիրն էլ լուծման ընթացքում է։ Ռ.Հակոբյանի համոզմամբ, մարտիմեկյան դեպքերի բացահայտման հարցում նույնպես «պայմանավորվածությունն ինչ-որ չափով կիրականացվի». պատասխանատվության կենթարկվեն ոստիկանության «միջինից մի քիչ բարձր պաշտոնյաներ», որոշակի պատասխանատվություն կկրեն նաեւ գործարարների անվտանգության աշխատակիցները, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, դիպուկահարներ եղել են նաեւ ոչ պետական ուժային կառույցներից։ Ռ.Հակոբյանը հայտարարեց նաեւ, որ իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ որոշակի պայմանավորվածություններ կան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ինչն, ըստ նրա, երկուստեք շահեկան է։ ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների դեպքում խորհրդարանում կունենա պայմանավորված թվով ներկայացվածություն, իսկ հերթական ընտրությունների պարագայում, ըստ Ռուբեն Հակոբյանի, ընդդիմադիր դաշտում իր գերիշխող դիրքը զիջած «ՀԱԿ-ից կմնա ընդամենը կամուֆլյաժը»։ Այս դիտարկման օգտին է խոսում այն, որ նվազում է հանրահավաքների մասնակիցների թիվը, եւ այդ միտումը կշարունակվի։ ԱԺ արտահերթ ընտրությունները ձեռնտու են նաեւ ՀՀԿ-ին. կոալիցիոն հայտարարության ստորագրումից հետո այդ կուսակցությունն ապահովեց իր գերիշխող դիրքը իշխանական կառույցում եւ, ըստ էության, նրանից է կախված, թե քաղաքական մյուս ուժերից որը որչափ ներկայացված կլինի խորհրդարանում։
  -   Քաղաքական