ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ<br /> ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ

  • 30-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը յայտ էր ներկայացրել իր գրասենեակի աշխատակիցների աշխատավարձերը 50%-ով բարձրացնելու նպատակով 50-60 մլն դրամով աւելացնել գրասենեակին յատկացուելիք գումարի դափը, սակայն կառավարութիւնը 2009թ.-ի պետբիւջէի նախագծում ամրագրել է այդ գումարի նախկին չափը: Ինչպէս ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում նշեց ֆինանսների փոխնախարար Պաւել Սաֆարեանը, խարհրդարանի կողմից ընտրուած կառոյցներից որեւէ մէկում դրոյքաչափերի փոփոխութիւն չի նախատեսուել: Ըստ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանի, ՄԻՊ գրասենեակի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական հարց է, եւ ինքը հետապնդում է ԱԺ կողմից ընտրուած այլ մարմինների հետ իր ղեկավարած կառոյցի կարգավիճակի փաստացի հավասարեցման խնդիր: Համաձայնելով, որ Սահմանադրական դատարանի եւ Վերահսկիչ պալատի աշխատակիցների դրոյքաչափերը եւս չեն փոփոխուել, նա միաժամանակ նշեց, որ հավելավճարների հաշուին այդ կառոյցների ղեկավարների եւ աշխատակազմի փաստացի աշխատավարձերը 2-3 անգամ աւելի են: Պաշտպանը տեղեկացրեց, որ իր գրասենեակի 40 աշխատակիցներից 5-ը հեռացել են, եւս 2-ը պատրաստւում են տեղափոխուել այլ աշխատանքի: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ խնդիրը ոչ միայն ցածր աշխատավարձն է, այլ նաեւ այն, որ ՍԻՊ-ի գրասենեակում աշխատանքի տարիները որպէս ստաժ չեն հաշուարկւում: Պաշտպանի խօսքերով, իր կողմից այդ հարցը բազմաթիւ անգամ բարձրացուել է բոլոր մակարդակներով, սակայն իրեն ասուել է, որ դա քաղաքական որոշման խնդիր է, որի լուծման մասին խոստումներն այդպէս էլ չեն կատարուել: Ինչպէս նշեց պատգամաւոր Ռաֆիկ Պետրոսեանը, համաձայն «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» օրէնքի գրասենեակի ֆինանսաւորման յայտը պէտք է ներկայացնի Պաշտպանը, եւ բիւջէի նախագծում պէտք է նշուած լինի նրա կողմից ներկայացուած ֆինանսաւորման չափը: Իսկ եթէ կառավարութիւնն առարկութիւններ ունի, ապա նրա ներկայացուցիչը խարհրդարանում քննարկումների ժամանակ պէտք է հիմնաւորի կառավարութեան առարկութիւնները: Նոյն օրէնքում ամրագրուած է նաեւ, որ Մարդու իրաւունքների պաշտպանը պէտք է ստանայ նոյն չափի աշխատավարձ, որքան ՍԴ-ի նախագահը:
  -   Տնտեսութիւն