ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՈՇՈՒԻ ՄՐՑՈՅԹՈՎ<br />


ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՈՇՈՒԻ ՄՐՑՈՅԹՈՎ

  • 13-10-2008 17:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս կատարւում են մրցոյթի նախապատրաստական աշխատանքները, որը որոշելու է նոր ԱԷԿ-ի շինարար կազմակերպութեանը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Էներգետիկայի նախարարութեան մամլոյ քարտուղար Լուսինէ Յարութիւնեյանը: Այն առնչութեամբ, թէ ինչ ֆիրմաներ են մասնակցում մրցոյթին, մամլոյ քարտուղարը նշեց, որ այժմ ոչինչ յայտնի չէ, քանի որ մրցոյթի անցկացման նախապատրաստական աշխատանքները դեռեւս ընթացքի մէջ են գտնւում: Յիշեցնենք, որ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստեանի յայտարարութեյան համաձայն, 2011 թուականին Հայաստանում կսկսուի նոր ատոմային էլեկտրակայանի շինարարութիւնը: Ընթացիկ տարուայ վերջին կառավարութեան քննարկմանը կներկայացուի նոր ԱԷԿ-ի մասին օրինագիծ: Աւելի վաղ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանը յայտնել էր, որ նոր բլոկը կառուցուելու է գործող կայանի տարածքում, այն ունենալու է 1000 մվտ հզորութիւն: Կայանը ծրագրւում է կառուցուել 5-7 տարուայ ընթացքում: Մեծամօրի ԱԷԿ-ը նորով փոխարինելու համար Հայաստանին օգնելու իրենց պատրաստակամութիւնն են արդէն յայտնել ինչպէս ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այնպէս էլ Ռուսաստանը: Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որ շահագործման են յանձնուել համապատասխանաբար 1976 եւ 1980 թթ.: 1988 թուականի դեկտեմբերեան երկրաշարժից յետոյ ԽՍՀՄ կառավարութեան յատուկ որոշմամբ կայանը կանգնեցուեց: 1995 թ. նոյեմբերի 5-ին, 6,5 տարուայ պահածոյացումից յետոյ, վերագործարկվեց ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկը: ՀԱԷԿ-ը ներկայումս տարեկան արտադրում է 2 մլրդ. կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանի էլեկտրաէներգետիկական ճիւղի հեռանկարային զարգացման ծրագիրը մշակուած երկու հիմնական տարբերակով` միջուկային եւ անմիջուկային: Հայաստանի կառավարութիւնը 2006 թուականին յայտարարեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկէտը կը լրանայ 2016 թուականին:
  -   Տնտեսութիւն