ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ ԱՆՑԿԱՑՈՒԵԼՈՒ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԸ ԱՆՑԿԱՑՈՒԵԼՈՒ Է
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 02-07-2008 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այգեգործների միջազգային կազմակերպութեան նախաձեռնութեամբ յունիսի 15-21-ին Իտալիայի Մատերա քաղաքում կազմակերպուել է Ծիրանի 14-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան ներկայացուցիչները: Ինչպէս յուլիսի 2-ի ասուլիսում յայտնեց գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը, սիմպոզիումի շրջանակներում կազմակերպուած ցուցահանդէսում հայկական ծիրանը իր համային յատկանիշներով գրաւել է առաջին տեղը: Միաժամանակ որոշուել է, որ Ծիրանի միջազգային 15-րդ սիմպոզիումը անցկացուելու է Հայաստանում: Ս.Աւետիսեանի խօսքերով, Եվրոմիությանում գոյութիւն ունեն ծիրանի համար մշակուած յատուկ ստանդարտներ, որոնց պէտք է համապասխանեցնել հայկական ծիրանը: Ըստ փոխնախարարի, այդ չափանիշներով կարեւորը ոչ միայն պտղի համային հատկանիշն է, այլեւ գոյնը, պահպանման ժամկէտները, պտղի խոշորությունը. այդ առումով հայկական ծիրանը զիջում է: Փոխնախարարը նշեց, որ եվրոպացիները պտուղ գնելով առաջին հերթին նայում են տեսքին, այլ ոչ թէ համին. մասնաւորապէս, միջազգային շուկայում բաւականին բարձր է գնահատւում կարմրավուն ծիրանը: Ս.Աւետիսեանը յայտնեց, որ նախատեսւում է մինչեւ սիմպոզիումի կազմակերպումը համագործակցել ծիրանի մշակության տեխնոլոգիաներով զբաղուող միջազգային կենտրոնների հետ, որպէսզի հայկական ծիրանի մշակության համար նոր ուղիներ գտնուեն: Փոխնախարարի խօսքերով, թէեւ Հայաստանը համարւում է ծիրանի հայրենիք, սակայն «այսօր մենք ծիրան մշակել չգիտենք»: Ըստ նրա, ծիրանի ծառերը լինելով բարձրաբուն` հնարաւորութիւն չեն տալիս, որպէսզի պտուղը հաւասարաչափ զարգանա, ինչը նպաստում է կորուստներին: Իսկ Եվրոպայում տնկվում են գաճաճ ծառեր, որոնց բարձրութիւնը չի գերազանցում 2-2,5 մետրը, արեւը ամբողջովին թափանցում է ծառի մէջ եւ պտուղը հասունանում է համաչափ: Բացի դրանից, այնտեղ այգիները պատւում են ցանցով, ինչի արդիւնքում ծառերը պաշտպանւում են կարկուտից եւ ցրտահարությունից: Ս.Աւետիսեանը յայտնեց, որ իրենք արդէն դիմել են ՄԱԿ-ի Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեանը, որպէսզի Հայաստանում գաճաճ այգիների տնկման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար աջացկություն ցուցաբերվի:
  -   Տնտեսութիւն