ԸՍՏ ՀՏՖ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՅՑ. 2008»-Ի,<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱԹՎՈՎ ԱՌԱՋԻՆՆ է ԱՊՀ-ՈՒՄ<br />


ԸՍՏ ՀՏՖ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԶԵԿՈՅՑ. 2008»-Ի,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱԹՎՈՎ ԱՌԱՋԻՆՆ է ԱՊՀ-ՈՒՄ

  • 17-06-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «Համաշխարհային առեւտրի խթանման զեկոյց. 2008»-ի, Հայաստանը առեւտրի խթանման մակարդակի համաթվով 118 երկրների մէջ զբաղեցնում է 61-րդ տեղը` գրաւելով առաջին տեղը ԱՊՀ երկրների միջեւ եւ գերազանցելով Ուկրաինայի (68), Ադրբեջանի (78) եւ Ռուսաստանի (103) ցուցանիշները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակութեան ցանցի հայաստանեան գործընկեր «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազոտական կենտրոնից, ՀՏՖ-ի կողմից առաջին անգամ հրատարակուած զեկոյցը վերլուծում է երկրների միջեւ ապրանքների ազատ հոսքերի հիմքում ընկած գործօնների արդիւնաւէտութիւնն ապահովելու պայմաններն ուսումնասիրուած երկրներում: Ըստ Զեկոյցի շուկայի մուտքի ազատութեան ենթահամաթվի, որով Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, երկրում իրականացyող տնտեսական քաղաքականութիւնը բաւականաչափ խթանում է օտարերկրեայ արտադրանքի ներհոսքը երկիր: Միւս կողմից, յատկապէս անբարենպաստ է սահմաններում կարգաւորման ազդեցութիւնը առեւտրի վրայ (87-րդ տեղ): Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքը բնութագրող ենթահամաթվով Հայաստանը 77-րդն է, իսկ ոլորտի գործարար միջավայրի համաթվով` 53-րդը: Ըստ ենթահամաթվերի բնութագրիչ առանձին 10 հենասյուների, միջազգային առեւտուրը պայմանաւորող գործօններից Հայաստանում յատկապէս արդիւնաւէտ են տարիֆային եւ ոչ տարիֆային սահմանափակումները (14-րդ տեղ) եւ գործարար միջավայրը կարգաւորող օրենսդրական դաշտը (47-րդ տեղ): Համաձայն Զեկոյցի, ոլորտում Հայաստանի ցուցաբերած արդիւնքներից առաւել խոցելի են մաքսային կարգաւորման արդիւնաւէտութիւնը (103-րդ տեղ), սահմաններում կարգաւորող մարմինների գործունէութեան թափանցիկությունը (92-րդ տեղ), փոխադրամիջոցների առկայութիւնը եւ որակը (89-րդ տեղ), ինչպէս նաեւ տեղեկատուական եւ հաղորդակցման միջոցների հասանելիութիւնը եւ որակը (86-րդ տեղ): Առեւտրի խթանման համաթվով համաշխարհային առաջատարներ են Հոնկոնգը եւ Սինգապուրը, որոնք առաջատար դիրքեր են գրաւում միջազգային առեւտրի բացությամբ եւ ներդրումներ ներգրաւելու կարողութեամբ:
  -   Տնտեսութիւն