ԾԱՂԿԱԶԱՐԴ<br />


ԾԱՂԿԱԶԱՐԴ

  • 26-03-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրեայ տոնն Է (Զատկից մէկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նախաքրիստոնէական հեռաւոր ժամանակներից: Տոնի ծիսական արարողութիւնների մեծ մասը նուիրուած է գարնան զարթոնքին, եւ, պատահական չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ երգոցի» մի հատուածը ամբողջութեամբ բնութեան գովքն է անում. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում...»: Գարնանը բնութիւնն սկսում է ծաղկել, փթթել եւ արգասավորվել, հետեւաբար, ծաղիկների առատութեան երեւալու հետ է կապուած տոնի Ծաղկազարդ անուանումը: Միւս` ժողովրդական տարբերակը` Շառզարդար (ծառով զարդարված կամ ծառը զարդարել), դարձեալ գարնան գալուստն է խորհրդանշում, երբ, ի նշան դրա, մարդիկ ուռենու կամ ձիթենու օրհնուած ճյուղերով զարդարում էին իրենց տունն ու բակը, անասուններին: Յետոյ այդ ոստերը խնամքով պահում էին ու գործածում` որպէս պահպանակ մրրիկի եւ փոթորկի ժամանակ, նաեւ այրում էին ու մոխիրը քամուն տալիս` փորձանքից զերծ մնալու համար: Ժողովուրդը օրհնուած ոստերի մէջ խորհրդաւոր մի ուժ էր տեսնում, որի միջոցով կարող էր պաշտպանուել բնութեան արհավիրքներից, որոնք կարող էին ոչնչացնել հունձքը, այգին, պտղատու ծառերը: Անցեալում Ծաղկազարդի տոնին սովորություն էր եկեղեցում ծառ զարդարելը, ինչպէս նաեւ նրա ճիւղերից պտուղներ կախելը, որը ոչ միայն արտայայտում է տոնի Ծառզարդար անուանումը, այլեւ աղերսներ ունի պտղաբերության պաշտամունքի հետ (պտուղներ կախելը): Մաղաքիա արք. Օրմանյանի վկայութեամբ, «Այդ անունով (Ծաղկազարդ) կոչում ենք Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնը, որը Զատկից մի շաբաթ առաջ է կատարւում, սակայն ոչ աւետարանական պատմութեան, ոչ աւանդական հիշատակության եւ ոչ էլ օրուայ արարողութեան մէջ ծաղկի խօսք չկայ: Ուրիշ ազգերի մէջ էլ այդ իմաստով բան չկայ, հետեւաբար, Ծաղկազարդ անունը զուտ հայերէն լինելով, տօնական կամ քրիստոնեական ծագում էլ չունի: Իրաւացի կլինի ենթադրել, թէ Ծաղկազարդը Վարդավառ անուան նման հին ու հեթանոսական տոն է հայերի մօտ, որը ժամանակների եւ պարագաների նմանութեամբ Երուսաղեմ գալու տոնին խառնուեց եւ մէկի անունը միւսին տրուեց»: Ծաղկազարդը նաեւ երիտասարդության տոն է: Այդ մասին վկայում են տոնին կատարւող սովորութիւնները: Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստները, աղջիկները նաեւ եղունգները հինա էին դնում: Նշանված տղաները արմատախիլ էին անում մատաղ ուռենին եւ ճիւղերը զարդարում գույնզգույն լաթի կտորներով, թելի վրայ շարված չամչահատիկներով, մրգերով եւ եռասայր մոմերով: Մինչեւ կէսգիշեր երիտասարդները Եկեղեցի էին շտապում: Առաջինը տեղ հասնողը խփում էր զանգը, միւսները գնում էին քահանային արթնացնելու: Նշանված տղաները զարդարված ծառերով կանգնում էին իրենց հարսնացուների առաջ: Մերձաւոր կանանցից մէկը ծառի վրայ մի եռասայր մոմ էր վառում ու ընծաներ տալիս նշանվածներին: Ժամերգութիւնը ձգւում էր գրեթէ մինչեւ լուսաբաց, խլանալով չըխկչըխկանների աղմուկով, որ երեխաները պատրաստում էին յատկապէս այդ օրուայ համար: Առաւօտեան, ծառերն օրհնելուց յետոյ, ժողովուրդը` գերազանցապէս երիտասարդներ, ծառերից մէկական ճյուղ պոկելով, տուն էին տանում, այն տնկում հողի մէջ, որ արմատ տայ, կամ կախում էին խնոցուց: Այն գցում էին նաեւ կրակը, որպէսզի կաթը եռացնելիս չմակարդվի: Այդ գիշեր, յաճախ, նախնական համաձայնութեամբ, նոր զույգերի նշանադրություն էր կատարւում: Եկեղեցում տղայի մայրը ընտրած աղջկա մատին մատանի էր դնում, գլխին` գլխաշոր գցում, որից յետոյ վերջինս նշանված էր համարւում: Այս սովորություններն, անշուշտ, կապ ունէին տոնի խորհրդի ու իմաստի հետ. այլաբանորեն այդ բոլորը առնչւում էին բնութեան ծաղկումի, արգասավորման հետ` կատարվելով յատկապէս գարնանը: Տոնի օրը պատանիները ճըռճըռան ու կարկաչա հարելով, երգելով ման էին գալիս տնետուն եւ Զատկի համար ձու հաւաքում: Լեռնային Ղարաբաղի որոշ գիւղերում կանայք մոմերով գնում էին գերեզմանատուն եւ այրուող մոմերն ամրացնում իրենց հանգուցեալների գերեզմանաքարերին. ողջ գերեզմանոցը փայլփլում էր կրակներից: Ծաղկազարդին, չնայած պաս էր, պատրաստւում էին անուշեղեններ` նազուկ, փախլավա, ուրիշ թխվածքներ ու համեղ կերակուրներ: Արտակ արք. Մանուկեանը ցավով նկատում է, որ «Ծաղկազարդի տոնակատւսրութեան հին սովորոյթները, տոնախմբութիւնները, յատկապէս գարնանային եղանակի պաշտամունքը, դարերի ընթացքին մոռացվեցին, եւ այժմ այդ բոլորից մնաց միայն գեղեցիկ բառը` Ծաղկազարդ, որպէս բացահայտիչ հին-հին տոնախմբութիւնների»: Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպէս մանուկների օրհնութեան օր` նկատի ունենաով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնություն Դաւթի որդուն»: Իսկ ընդհանրապես Յիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերը, ինչպէս նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրայ: Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների` Յիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատուելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսաւորութիւն: Ձիթենին համարուել է իմաստության, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարւում է Ծաղկազարդի նախատոնակը, բացւում է խորանի վարագոյրը, իսկ յաջորդ օրը` ժամերգությունից յետոյ, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: «Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց յետոյ: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Ծննդեան օրը մոգերի բերած ընծաները: Յիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպէս Թագավոր` յաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանութիւն պարգեւող»,- ասուած է Արարատեան Հայրապետական թեմի մամլոյ դիւանի հաղորդագրութեան մէջ: Ծաղկազարդի օրը սովորաբար եկեղեցիներում մանուկների օրհնութեան կարգ է կատարւում:
  -   Հասարակութիւն