Բաքւում անցկացուելիք գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի<br /> մասնակցութեան վերաբերեալ որոշում դեռեւս չի կայացուել<br />


Բաքւում անցկացուելիք գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի
մասնակցութեան վերաբերեալ որոշում դեռեւս չի կայացուել

  • 20-03-2010 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ գումարուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի ընդլայնուած ժողով: Ինչպէս տեղեկացրին Մայր Աթոռի մամլոյ դիւանից, նախորդ ժողովի արձանագրութեան հաստատումից յետոյ խորհրդի անդամները ձեռնամուխ են եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստին ներկայացուել են Մայր Աթոռի 2009թ. գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսատնտեսական զեկոյցը: Օրակարգում ընդգրկուած էին Հայ եկեղեցու նուիրապետական Աթոռներին, ներեկեղեցական ու միջեկեղեցական կեանքին առնչուող հարցեր: Ժողովում ամփոփուել են մարտի 16-18-ը Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտօնական այցի արդիւնքները: Գերագոյն հոգեւոր խորհրդում գնահատանքով է ընդունուել այցի կազմակերպիչ յանձնախմբի կողմից իրականացուած աշխատանքների մասին զեկոյցը: Նորին սրբութիւնը տեղեկացրել է նաեւ, որ Մոսկուայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի եւ Կիրիլ Ա պատրիարքի անունից փոխանցուել է հրավէր` մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքւում կայանալիք ԱՊՀ եւ բալթեան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովին: Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետը յայտնել է Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից յետոյ վերջնական որոշում կկայացուի գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցութեան վերաբերեալ: Այնուհետեւ անդրադարձ է կատարուել Վեհափառ Հայրապետի եւ նրա շքախմբի` փետրուարի 17-19-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւն կատարած այցին, որը կազմակերպուած էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ծննդեան 91-րդ, քահանայական ձեռնադրութեան 70-րդ եւ պատրիարքական գահակալութեան 20-րդ տարեդարձերի առիթով միջոցառումներին մասնակցելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի կողմից պատրիարքին տրուած «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը յանձնելու առիթով: Գերագոյն հոգեւոր խորհուրդը, քննարկելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչուած հարցերը, ողջունել է Հայոց պատրիարքին Նորին սրբութեան արած առաջարկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնում Սրբոց Յակոբեանց միաբանութեան ընդհանուր ժողով գումարելու վերաբերեալ: Գերագոյն հոգեւոր խորհուրդն ի գիտութիւն է ընդունել նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկոյցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից պատրիարքի ընտրութեան ընթացքի վերաբերեալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատուութիւնը, որ Թուրքիայի իշխանութիւններին ներկայացուել է Աթոռակից պատրիարք ընտրելու վերաբերեալ դիմումը` սպասելով ընտրութեան անցկացման համար համապատասխան արտօնութեան տրամադրմանը: Ժողովականներին տեղեկացվել է նաեւ, որ կարգալոյծ է հռչակուել Արցախի թեմի հոգեւոր սպասաւոր Տ. Յակոբ աբեղայ Ապրեսեանը` կանոնազանց ընթացքի համար: Այսուհետ նա կարգվում է աշխարհականների դասում` կոչուելով աւազանի անունով` Միրզա Ապրեսյան: Օրակարգում քննութեան նիւթ է դարձել նաեւ թեմական, ներեկեղեցական վարչա-կառուցուածքային վերափոխումներ իրականացնելու ծրագիրը:
  -   Քաղաքական