Վաւերագրական ֆիլմ կնկարահանուի Իրանի հայկական համայնքի մասին<br />


Վաւերագրական ֆիլմ կնկարահանուի Իրանի հայկական համայնքի մասին

  • 10-02-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը փետրուարի 10-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) մշակոյթի եւ իսլամական կապերի կազմակերպութեան նախագահ, ԻԻՀ Նախագահի խորհրդական Մեհդի Մոստաֆավիի գլխաւորած պատուիրակութեանը: Երկու երկրների Հայրենիք-Սփիռք եւ մշակոյթային յարաբերութիւններին առնչուող հարցերի քննարկման համատեքստում կողմերը նշել են, որ հարեւան պետութիւնների պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի եւ Իրանի համագործակցութեան յետագայ զարգացման ուղղութեամբ շահագրգռուածութեան մասին: Ըստ զրուցակիցների, հայ-իրանական յարաբերութիւնների զարգացմանը նպաստում են համացանցով հաղորդակցվելու, արբանեակային հեռուստատեսությունով Հայրենիքից հեռարձակւող հաղորդումներին հետեւելու հնարաւորութիւնները: Մ.Մոստաֆավին նշել է, որ Իրանում հայերը մեծ յարգանք են վայելում: Նա հրաւիրել է ՀՀ սփիւռքի նախարարին այցելել Իրան` առաւել մօտիկից ծանօթանալու համայնքի խնդիրներին, կրթական եւ մշակոյթային օջախներին: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Իրանի հայկական համայնքի մասին վաւերագրական ֆիլմ նկարահանելու վերաբերեալ: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը խօսուել է նաեւ Իրանում հայոց լեզուի դասագրքերի հրատարակման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ հայաստանեան մի քանի դպրոցներում պարսկերէն լեզուի խորացուած ուսուցում կազմակերպելու մասին:
  -   Հասարակութիւն