Հայկական Հարցն Այսօր. II - 3 II.


Հայկական Հարցն Այսօր. II - 3 II.

  • 28-03-2011 19:25:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ռամկավար Մամուլ Մարտ 28, 2011 Միջազգային իրաւական մակարդակ 4. Արցախեան գործը Միջազգային դատավարութեան ձեւ կարող է ընդունել նաեւ հայ ժողովրդի` Արցախին, ներառեալ նրա շուրջն ազատագրուած բնիկ հայկական տարածքին տիրելու անօտարելի իրաւունքը: Այդ իրաւունքն իրացուելու է կա՛մ Հայաստանի Հանրապետութեան հետ վերջնական` դէ-իուրէ վերամիաւորման, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման միջոցով: Այսպիսի իրական հնարաւորութեան վրայ է մատնացոյց անում Կոսովոյի անկախութեան հռչակման մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2009 թ. Դեկտեմբերի 1-ից մինչեւ 2010 թ. Յուլիսի 22-ը քննուած նախադէպային գործը: ՄԱԿ-ի բարձրագոյն դատական ատեանի խորհրդատուական վճռում եզրակացուեց, որ 2008 թ. Կոսովոյի անկախութեան միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրաւունքին, քանի որ միջազգային օրէնսդրութեան մէջ բացակայում է որեւէ դրոյթ, որը կարող էր արգելել Կոսովոյին հռչակելու իր անկախութիւնը: Դրանով իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց Սերբիայից Կոսովոյի անկախութեան ինքնահռչակումը: Այդուամենայնիւ, պէտք է յստակ գիտակցել, որ Հայկական հարցի ռազմավարական իրողութիւնների բերումով երկարաժամկէտ հեռանկարում ,մէկ ազգ, երկու պետութիւնե (ՀՀ եւ ԼՂՀ) տարբերակը վտանգաւոր է եւ կարող է հայկական կողմի համար ընդունելի համարուել միայն իբրեւ ձեւական ու միջանկեալ լուծում (այս հարցն աւելի մանրամասն կը քննարկենք աւելի ուշ): Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ վերոթուարկեալ գործերից որոշներն, այս կամ այն փաթեթաւորմամբ, կարող են մտցուել միջազգային դատական ատեաններ ոչ թէ Հայաստանի, այլ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, բնականաբար` ճիշդ հակառակ պահանջներով եւ պատմական փաստերի լիակատար աղաւաղմամբ: Ուստի Հայաստանն ակամայ կարող է յայտնուել միջազգային դատարաններում, հետեւաբար ձեռքի տակ պէտք է ունենայ Հայկական հարցի միջազգային իրաւական թղթապանակը, ինչը նախատեսում է ամէնօրեայ տքնաջան աշխատանք` արդէն այսօրուանից: 5. Եկեղեցական գործերի շարք. Հայոց եկեղեցին ընդդէմ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի Ներկայիս Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) եղել է հայ ամենամեծ հողատէրն ու սեփանակատէրը: Ցեղասպանութեան տարիներին հայ կղերը կրել է անդառնալի մարդկային կորուստներ. սպանուել են հազարաւոր հոգեւորականներ, որոնք հայ ժողովրդի հաւաքական գիտելիքի, մշակոյթի, աւանդոյթների եւ սովորոյթների եզակի կրողն էին: 1915 թուականից մինչեւ այսօր Թուրքիայում ամբողջութեամբ կամ մասամբ ոչնչացուել են հազարաւոր հայկական եկեղեցիներ ու վանքեր, իսկ մի մասը վերածուել է մզկիթների: Հայկական եկեղեցիները խորհրդային եւ յետ-խորհրդային Ադրբեջանում նոյն ճակատագրին են արժանացել, մի քանիսը հռչակուել են ,աղուանականե եւ ,վերանորոգմանե ենթարկուել` միմիայն հայկական հետքերը ջնջելու նպատակով: ՀԱԵ-ի, ինչպէս նաեւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու եւ Հայ Աւետարանական Եկեղեցու պատմամշակութային արժէքները, վիթխարի անշարժ գոյքը եւ հարուստ ունեցվածքը բռնագրաւուել ու թալանուել են: 1990-ական թթ. Սկզբին Վրաստանի, Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի տարածքում կար մի քանի հարիւր հայկական եկեղեցի` կանգուն եւ կիսաւեր վիճակում: ԽՍՀՄ փլուզումից յետոյ վրաց պետութիւնը եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին ոչ միայն հրաժարուեցին հայկական եկեղեցիներն ու վանքերը վերադարձնել օրինական տիրոջը` ՀԱԵ-ին, այլեւ դրանցից շատերը վրացական հռչակեցին, աւելին` առ հասարակ չճանաչեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրաւական կարգավիճակը: Իրավիճակը կարելի է պատկերացնել թեկուզ միայն Թիֆլիսի օրինակով. եթե 1899 թ. այնտեղ կար հայկական 27 եկեղեցի եւ մէկ վանք, ապա այսօր այնտեղ գործում է ընդամէնը երկուսը, իսկ հայկական հինգ եկեղեցի վրացիները յայտարարել են ,վիճելիե: Հայ Առաքելական Եկեղեցին պետութիւնից անջատ` առանձին իրաւաբանական անձ է: Կառուցուածքային առումով ՀԱԵ-ն համազգային կազմակերպութիւն է, որի վարչականօրէն ինքնիշխան չորս նուիրապետական աթոռներն են` Նամազ Անիի հայկական տաճարի աւերակներում, 2010թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնները եւ Երուսաղէմի ու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքութիւնները (վերջին երեքն ընդունում են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահութիւնը): ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանն անկախ պետութիւն հռչակելուց յետոյ ՀԱԵ-ն, օգտուելով միջազգային քաղաքական համակարգի արմատական ձեւափոխումից, կարող էր դիմել նորագոյն միջազգային իրաւական մեխանիզմներին եւ նրանց հիման վրայ մշակէր եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման ինքնուրոյն գործողութիւնների ծրագիր: Սակայն դա չարուեց: Այդուհանդերձ, նման ծրագիր չմշակելու մեղքն ընկնում է ոչ այնքան ՀԱԵ-ի, որքան ՀՀ ղեկավարութեան վրայ, որը չկարողացաւ համարժէք քաղաքականութիւն մշակել հայ-թուրքական հակամարտութեան եւ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման վերաբերեալ: Ընդհակառակը` Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքականութիւնը բոլոր 19 տարիների ընթացքում եղել եւ մնում է պարտուողական, իսկ վերջին մի քանի տարիներին` պարզապէս աաանձնատուական: Այդ քաղաքականութեան ,գլուխգործոցըե դարձան ցիւրիխեան մեռելածին արձանագրութիւնները, որոնք 2009 թ. Հոկտեմբերի 10-ին ստորագրելով` Հայաստանի Հանրապետութիւնն ինքը հրաժարուեց Թուրքիայի նկատմամբ որեւէ պահանջից: Փաստօրէն, այդ արձանագրութիւններն ստորագրելով` ՀՀ-ն կրաւորականօրէն հաշտւում է Հայոց ցեղասպանութեան աղիտալի արդիւնքների հետ` հայության տարածքային, մշակութային, բարոյական եւ նիւթաֆինանսական կորուստներն այլեւս չհամարելով փոխհատուցման (եւ, առ հասարակ` հատուցման) ենթակայ հարց: Այսպիսի իրավիճակում ՀԱԵ-ն պարզապէս անկարող էր Թուրքիայի դէմ միանձնեայ գործադրել դատական հետապնդման միջազգային իրաւական մեխանիզմները, յատկապէս եթէ նկատի ունենանք, որ Հայոց եկեղեցին մինչեւ այսօր չի ապաքինուել ցեղասպանութեան եւ դրան անմիջապէս յաջորդած խորհրդային մբողջատիրութեան եօթանասունամեայ ժամանակաշրջանի հետեւանքներից, իսկ սառը պատերազմի տարիներին դառնալով գերտէրութիւնների առճակատման զոհը, ենթարկուել էր ցաւալի եւ կազմալուծիչ բաժանման: Մինչդեռ հայկական պետութեան եւ Սփիւռքի կառոյցների աջակցութեան պարագայում Հայ Առաքելական Եկեղեցին (բացառութեամբ թուրքական կառավարութեան ճնշման տակ գտնուող Կ. Պոլսի Հայոց պատրիարքութեան) այսօր էլ կարող է մշակել եւ միջազգային իրաւական ատեաններին ներկայացնել իր սեփական` ավտոնոմ ծրագիրը` առանձին վերցուած եկեղեցական ոլորտում Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման վերաբերեալ, որը կը ներառի հետեւեալ հիմնական դրոյթ-պահանջները (մանրակրկիտ մշակուած իրաւաբանական ձեւակերպումներն ապագայի խնդիր են). ա) ՀԱԵ-ի հոգեւոր-վարչական իրաւասութեանը յանձնել (վերադարձնել) մինչեւ 1915 թ. եղած բոլոր հայկական եկեղեցիները եւ/կամ այն հողատարածքները, որտեղ դրանք գտնուել են. բ) բարոյական ու ֆինանսական փոխհատուցում վճարել ցեղասպանութեան տարիներին հայկական եկեղեցիների ոչնչացման, նրանց ունեցուածքի եւ պատմամշակութային արժէքների բռնագրաւման ու կողոպուտի, ինչպէս նաեւ հազարաւոր հայ հոգեւորականների սպանդի դիմաց. գ) ՀՀ եւ այլ պետութիւնների հայ քաղաքացիներին իրաւունք տալ ազատօրէն այցելել եւ իրականացնել իրենց հոգեւոր պահանջմունքները Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներում գտնուող ՀԱԵ-ի սրբավայրերը. դ) ՀԱԵ-ի հետ համաձայնեցնել Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում գտնուող հայ եկեղեցական ճարտարապետութեան յուշարձանների պահպանման եւ վերականգնման աշխատանքները, եթէ այդպիսիք իրականացուեն տուեալ պետութիւնների տարածքներում, ինչպէս նաեւ ՀԱԵ-ին թոյլ տալ սեփական միջոցներով իրականացնել նմանատիպ վերականգնողական ծրագրեր: Մշոյ Ս. Կարապետ Վանք, 1923թ. Մշոյ Ս. Կարապետ Վանքը մեր օրերում Հե՛նց հայ-թուրքական հակամարտութեան հանդէպ ինքնուրոյն դիրքորոշման բացակայութեան, ինչպէս նաեւ Թուրքիայից ու միջազգային համայնքից յստակօրէն մշակուած պահանջներ չունենալու պատճառով էլ 2010 թ. Հայ Առաքելական Եկեղեցին յանկարծակիի բերուեց թուրքական քարոզչամեքենայի հերթական հակահայկական գործողութեան` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ,վերականգնմանե եւ այդ առթիւ այնտեղ անցկացուելիք Սուրբ Պատարագի առջեւ: Փոխանակ դատապարտելու այդ ,վերականգնումըե, որն իրականացուել է առանց նրա օրինական տիրոջ` Հայ Առաքելական Եկեղեցու եւ վերջինիս կողմից գործուղուած հայ միջնադարյան ճարտարապետութեան ու արուեստի մասնագէտների մասնակցութեան (այդ օրն Աղթամար կղզու վրայ թուրքական իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնուող Կ. Պոլսի Հայոց պատրիարքութեան ձեւական ներկայութիւնն ակնյայտօրէն ստիպողական բնոյթ ունէր) եւ այդ հնարանքը գնահատելու որպէս հայկական սրբավայրի անարգում ու շեմքից իսկ մերժելու թշնամի պետութեան` Թուրքիայի հրաւէրը` ներկայ գտնուելու Ս. Խաչ եկեղեցում անցկացուելիք Ս.Պատարագին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, պաշտօնական Երեւանի ցուցումով, սկզբում նոյնիսկ յայտարարեց այնտեղ պատուիրակութիւն ուղարկելու իր մտադրութեան մասին ու միայն վերջին պահին մերժեց թուրքական կանչը: Ընդ որում` այդ մերժումը պատճառաբանուեց թուրքերի կողմից Ս. Խաչի գմբեթին խաչ տեղադրելն անորոշ ժամանակով յետաձգելու հանգամանքով, կարծե՛ս թէ թուրքերին մերժելու համար այլ պատճառներ գոյութիւն չունէին: Մինչդեռ իսկական սրբապղծութիւն պէտք էր համարել արդէն այն, որ յանցագործ երիտթուրքերի հակահայկական ուղեգծի շարունակողները` Հայոց ցեղասպանութեան փաստը հերքող թուրքական պետութեան պարագլուխներն առ հասարակ համարձակուել էին այդ լկտի ծաղրը ձեռնարկել` ,վերանորոգելե իրենց իսկ կողմից չճանաչուած զոհերի սրբատունը ու այդպիսով անամօթաբար ընդունել պատմական յուշարձանների պահպանողի եւ վերականգնիչի ազնիւ կեցուածք: Ժամանակն է արդէն, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իրեն հեռու պահի դրսից թելադրուող, այդ իսկ պատճառով` հայկական շահերի տեսակէտից անմեղսունակ ՀՀ արտաքին քաղաքականութիւնից: Իբրեւ հայ ժողովրդի աւանդական ազգային-կրօնական կազմակերպութիւն, որն ունի իրաւական ինքնուրոյնութիւն, պատմական հեղինակութիւն, միջազգային կարգավիճակ եւ բարեկամական կապեր համաշխարհային քրիստոնէական եկեղեցիների հետ, Հայ Առաքելական Եկեղեցին պարզապէս պարտաւոր է պայքարել հայութեան ոտնահարուած կրօնական եւ եկեղեցական իրաւունքների վերականգնման ու Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում մնացած հայկական պատմա-եկեղեցական ժառանգութեան փրկութեան համար, անկախ նրանից, թէ նշուած երկրների նկատմամբ տուեալ պահին ինչ քաղաքականութիւն է վարում Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնը: Որպէսզի մօտաւոր պատկերացում կազմենք Հայ եկեղեցու գործի ահռելի ծաւալի մասին, նկատենք միայն, որ դիւանական նիւթերի նորագոյն հետազոտութիւնների համաձայն, ցեղասպանութեան տարիներին թուրքերն ամբողջութեամբ կամ մասամբ ոչնչացրել են 2538 հայկական եկեղեցի եւ 451 վանք[1], որոնց ճնշող մեծամասնութիւնը պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն: Հայոց եկեղեցին ընդդէմ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի դատավարութիւնների համար միջազգային իրաւական հիմք կարող են դառնալ մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պայմանագրեր, այդ թւում` ,Զինուած հակամարտութեան դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին կոնվենցիանե (ընդունուել է 1954 թ. Հաագայում, Թուրքիան ստորագրել է 1965 թ.), 1972 թ. ընդունուած ,Մշակութային եւ բնական համաշխարհային ժառանգութեան պահպանման մասին կոնվենցիանե, վերն արդէն հիշատակուած ,Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիանե ու ՄԱԿ-ի եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունուած այլ համաձայնագրերը: 6. Առանձին գործեր` հայերի եւ նրանց ընտանիքների անշարժ գոյքի եւ ունեցուածքի մասին Սա միակ միջազգային իրաւական ասպարէզն է, ուր համաշխարհային հայութիւնը, թէեւ մեծ ուշացումով, բայց արդէն մուտք է գործել: Առ այժմ եզակի դատական հայցերը, որոնք յարուցել են ցեղասպանութեան զոհ դարձած հայերի անմիջական ժառանգները, վերաբերել են հիմնականում իրենց նախնիների` արեւմտյան բանկերում եւ ապահովագրական ընկերութիւններում կուտակուած ակտիվներին: Սակայն 2010 թ. Դեկտեմբերին ԱՄՆ-ի դաշնային դատարանում յարուցուեց շատ աւելի լուրջ գործ. ամերիկահայ երեք հայցուոր պահանջել են Թուրքիայի Հանրապետութիւնից, Թուրքիայի Կենտրոնական բանկից ու ,Զիրաաթե բանկից փոխհատուցում` իրենց հողատարածքի ,անօրինական բռնագրաւման եւ [այն օգտագործելու միջոցով] անարդար հարստացման դիմացե: Խնդրոյ առարկայ հողակտորն Ինջիրլիքում տեղակայուած ամերիկեան ռազմա-օդային բազայի տարածքի մաս է կազմում: Առաջիկայում սպասւում են նմանատիպ նոր գործերի յարուցումներ, այդ թւում` Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրի վերաբերեալ. այդ շէնքը գտնւում է Գասապեանների ընտանիքին պատկանած հողերի վրայ: Այս, ինչպէս եւ նախորդ գործերի կապակցութեամբ, համապատասխան փաստաթղթերն առկայ են: Հնարաւոր կամ պարտադրուած (ադրբեջանական կամ թուրքական կողմի նախաձեռնած) միջազգային դատավարութիւնը Հայկական հարցի վերը թուարկուած բաղկացուցիչ մասերից իւրաքանչիւրի նկատմամբ պահանջելու է հայկական կողմից բարձրագոյն պրոֆեսիոնալ մակարդակի գիտելիքներ միանգամից մի քանի մասնագիտացուած բնագաւառներում, ներառեալ ժամանակակից միջազգային իրաւունքը` իր բազմազան դրսեւորումներով, առարկաներով եւ նախադէպերով, միջազգային յարաբերութիւններն ու համաշխարհային քաղաքականութիւնը, հակամարտութիւնների պատմութիւնը մեր տարածաշրջանում եւ այլն: Հարկաւոր է, ի վերջոյ, հասկանալ, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտութիւնները, ամէնից առաջ, պետութիւնների ու ժողովուրդների մտաւոր առճակատում են: Դժուար չէ նաեւ նկատել, որ հայութեան հիմնական միջազգային իրաւական խնդիրները միմեանցից անջատ քննարկուելու դէպքում չեն կարող ստանալ հայկական կողմի համար ընդունելի լուծում: Հետեւաբար, դրանց ամուր եւ հմուտ կապակցումն ընդհանուր փաթեթի մէջ հայկական դիւանագիտութեան եւ իրաւագիտութեան առաջնահերթ խնդիրը պէտք է լինի: Պարադոքսալ կերպով` Հայաստանում այդպիսի կապակցումը ցայսօր համարւում է քաղաքական տաբու, թէեւ համոզիչ պատճառաբանութիւններ այս առթիւ, բնականաբար, ոեւէ մէկը չի բերում: (Շարունակելի) ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ Քաղաքական Գիտութիւնների Դոկտոր Երեւան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը