ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՆԱԳԱՒԱՌԻ<br /> ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ՇՈՒՐՋ 126,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹԵԱՆԸ` 8,3 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄ<br />


ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՆԱԳԱՒԱՌԻ
ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ՇՈՒՐՋ 126,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹԵԱՆԸ` 8,3 ՄԼՐԴ
ԴՐԱՄ

  • 28-10-2008 19:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի պետբիւջէի նախագծով կրթութեան բնագաւառի ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ գիտութեան գծով ծախսերի, կազմում են շուրջ 126,4 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի հաստատուած ցուցանիշից աւելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ 22,2 տոկոսով: Գիտութեան բնագաւառի ծախսերը նախատեսուած են 8,3 մլրդ դրամի չափով: 2008թ.-ի ճշտուած բիւջէի նկատմամբ ծախսերի աճը կազմում է շուրջ 1,4 մլրդ դրամ կամ շուրջ 21 տոկոս: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պաւել Սաֆարեանը: Ըստ նրա, կրթութեան բնագաւառում հիմնական գերակայութիւնն է համարւում հանրակրթութեան ոլորտը, որին 2009թ.-ի պետբիւջէի նախագծով նախատեսուել է ուղղել 71 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշի նկատմամբ աւելի է շուրջ 16 մլրդ դրամով կամ 28,8 տոկոսով: Ծախսերի աճը հիմնականում պայմանաւորուած է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողների աշխատավարձերի գումարի աճով` շուրջ 12,4 մլրդ դրամով, պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների աճով` 679 մլն դրամով` կապուած աշխատավարձերի բարձրացման հետ: Նախագծով ծախսերի որոշակի աճ է նախատեսւում կրթութեան բնագաւառի նաեւ այլ ոլորտների համար. մասնաւորապէս, բարձրագոյն կրթութեան գծով նախատեսուել է շուրջ 7,6 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշի նկատմամբ աւելի է 957,1 մլն դրամով կամ 14,4 տոկոսով: Աճը հիմնականում պայմանաւորուած է աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով լրացուցիչ միջոցների նախատեսմամբ, նաեւ կրթաթոշակի ֆոնդի գծով ծախսերի աճով` սովորողներնի թուաքանակի աւելացմամբ պայմանաւորուած: Բացի պետբիւջէի միջոցներով նախատեսուած մի շարք ծրագրերից, 2009թ.-ին նախատեսւում է նաեւ իրականացնել Կրթութեան որակի եւ համապատասխանութեան, ինչպէս նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ նպատակային ծրագրերը: Ըստ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Սպարտակ Սեյրանեանի, բանակցութիւններ են տարւում Համաշխարհային բանկի հետ շուրջ 210 նախադպրոցական հիմնարկների աշխատանքները ֆինանսաւորելու համար: Նշուեց նաեւ, որ իրականացուելիք կրթական ծրագրերի շրջանակներում 2009թ.-ին համակարգչային եւ ինտերնետային կապի ծառայութիւնների ծախսերը նախատեսւում են ցանցում արդէն ընդգրկուած 644 դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման եւ պահպանման, ինչպէս նաեւ նշուած ցանցում եւս 300 դպրոցի ընդգրկման հաշուարկով: Ներդրումներ են նախատեսուած նաեւ 151 հանրակրթական դպրոցներ համակարգիչներով համալրելու համար: ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի նախագծով գիտութեան ծախսերը կուղղուեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Գիտութեան զարգացումը պէտք է ընթանա «Գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան մասին» ՀՀ օրէնքի եւ գիտութեան ու գիտատեխնիկական քաղաքականութեան հիմնադրույթներով, ըստ որի, պետութեան կողմից գիտութեան ֆինանսավորումը կիրականացուի բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ֆինանսաւորման ձեւերով: Բազային ֆինանսաւկորում ստացող կազմակերպութիւնների համար նախատեսուել է շուրջ 5,1 մլրդ դրամ` 2008թ.-ի շուրջ 3,9 մլրդ դրամի դիմաց: Այդ թւում, հիմնարար եւ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող կիրառական հետազօտութիւնների իրականացման ծրագրի գծով նախատեսուած է 2,45 մլրդ դրամ: 2008թ.-ի նկատմամբ 620 մլն դրամով աճը հիմնականում պայմանաւորուած է գիտաշխատողների միջին հաշուարկային աշխատավարձը մօտ 6 տոկոսով եւ տնտեսական ու այլ ծախսերը տուեալ գիտական կազմակերպութեան բազային ֆինանսաւորման ընդհանուր ծաւալի 20-30 տոկոսի չափով աւելացմամբ: Բազային ֆինանսաւորման աճը նաեւ պայմանաւորուած է գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսաւորման աճով: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսաւորման համար նախատեսւում է 1,07 մլրդ դրամ` 2008թ.-ի 943 մլն դրամի դիմաց: Աճը պայմանաւորուած է հիմնականում ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան պատուէրով կատարւող յատուկ գիտահետազօտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով ծախսերի աւելացմամբ: Պայմանագրային ֆինանսաւորման համար նախատեսուած է շուրջ 1,55 մլրդ դրամ` 2008թ.-ի 1,46 մլրդ դրամի դիմաց: 2009թ.-ի պետբիւջէի նախագծով, ինչպէս եւ ընթացիկ տարում, առանձին ծրագրով նախատեսւում է նաեւ 549,9 մլն դրամ` գիտաշխատողներին գիտական աստիճանների համար հաւելավճարներ տրամադրելու նպատակով: 2008թ.-ին գիտութեան դոկտորների համար սահմանուել է 20 հազար դրամ, իսկ թեկնածուների համար` 10 հազար դրամ (մօտ 33 ԱՄՆ դոլար) հաւելավճար:
  -   Տնտեսութիւն