«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ - 2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ - 2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

  • 21-07-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում յուլիսի 19-ին անուանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագութիւն» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարուեց «Ոսկէ ծիրան» երեւանեան 5-րդ միջազգային կինոփառատօնի աւարտը: Կինոնկարի երեւանեան պրեմիերային ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, բարձրաստիճան այլ հիւրեր, կինոաշխարհի յայտնի դէմքեր: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խօսքերով, «Ոսկէ ծիրան»-ը մեծ նշանակութիւն ունի հայ ազգի համար. «Այն ցոյց է տալիս ոչ միայն հզօր ազգի կինոարվեստը, այլեւ միւս ազգերի կինոարվեստն է բերում Հայաստան»: Ֆիլմի աւարտից յետոյ «Լաթար» հիւրանոցային համալիրում կայացած հանդիսութեան ժամանակ յայտարարուեցին «Ոսկէ ծիրան»-ի այս տարուայ մրցանակակիրների անունները: Գլխաւոր «Ոսկէ ծիրան»-ը լաւագոյն խաղարկային ֆիլմի համար շնորհուել է մոսկվաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանին` «Ջրահարսը» կինոնկարի համար: Խաղարկային մրցոյթի «Արծաթէ ծիրան»-ը կիսվել է երկու ռեժիսորների միջեւ. թաիլանդցի Ադիտյա Ասարաթին` «Հրաշալի քաղաքը» եւ իսրայելցի Էրան Ռիկլիսին` «Կիտրոնի ծառը» ֆիլմերի համար: Նոյն անուանակարգում ժիւրիի դիպլոմի է արժանացել նաեւ իրանցի կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիին` «Աշխարհի եզրը» ժապաւենի համար: Վաւերագրական ֆիլմերի մրցոյթում գլխաւոր «Ոսկէ ծիրան»-ին է արժանացել նիդեռլանդցի Մեյրա Աշերը` «Կանայք շատ բան են տեսնում» ֆիլմի համար: Իսկ «Արծաթէ ծիրան»-ին` հնդկուհի Նիշտա Ջաին` «Լաքշմին եւ ես» կինոնկարի համար: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի «Ոսկէ ծիրան»-ը տրուել է ամերիկահայ երիտասարդ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանին` «Կապույտ ժամը» ֆիլմի համար: Իսկ «Գաթայ» կինոնկարի ռեժիսոր Դիանա Մկրտչեանին շնորհուել է «Արծաթէ ծիրան»-ը: Ժիւրիի դիպլոմն այս մրցոյթում ստացել է «Ջրառատ. Մանրապատումներ» ֆիլմը ներկայացրած Մարիամ Օհանյանը: «FIPRESCI»-ի ժիւրիի անդամները որոշում էին կայացրել մրցանակը յանձնել «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ֆիլմի ռեժիսոր Հուսէյն Կարաբեյին` Թուրքիայից: Կինոռեժիսորը շահել էր նաեւ Էկումենիկ ժիւրիի դիպլոմը: Իսկ Էկումենիկ ժիւրիի բարձրագոյն գնահատականին է արժանացել Էրիկ Նազարեանի «Կապույտ ժամը» ֆիլմը:
  -   Մշակոյթ