ՄԻՆՉ ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՈՒԱԾ ԷԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ...<br />


ՄԻՆՉ ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՈՒԱԾ ԷԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ...

  • 25-02-2008 18:05:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ Վերջին շաբաթներին, մինչ ամերիկահայերը կլանուած էին Ամերիկայի եւ Հայաստանի նախագահական ընտրություններով, այլ հետաքրքիր զարգացումներ էլ են եղել, որոնք կարող էին վրիպել հանրութեան ուշադրութիւնից: Ահա իմ որոշ դիտարկումները հակիրճ. -- Փոխնախագահ Դիք Չեյնին եւ Պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը յաջորդ ամիս այցելելու են Թուրքիա` զինուորական եւ քաղաքացիական մի քանի բարձրաստիճան պաշտօնեաների ուղեկցութեամբ: Նրանցից առաջ Թուրքիա էին այցելել Միացեալ շտաբերի պետի տեղակալ, գեներալ Ջեյմս Քարթռայթը, փոխնախարարի գլխաւոր օգնական եւ հակաահաբեկչական ծառայութեան համակարգողի տեղակալ Ֆրենկ Ուրբանչիք կրտսերը եւ Արդարադատութեան նախարար Մայքլ Մաքըսեյը, որոնք անցեալ շաբաթ Անկարա սլացան: Այնպիսի տպաւորութիւն է, թէ Չեյնին եւ միւսները օգուտ են քաղում իրենց պաշտօնավարութեան վերջին տարուց եւ հարկատուների հաշուին ճամփորդում արտասահմանում, կամ միգուցէ նրանք մի հերթական վտանգաւոր արկածախնդրությու՞ն են ծրագրում Մերձաւոր Արեւելքում: -- Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանութեան ինստիտուտի գործադիր տնօրէն, պրոֆ. Իսրայել Չերնին մտաածմունքի տեղիք տուող վերլուծութիւն է գրել, որը վերնագրուած է «Հոգեկան խանգարման եւ Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանութեան նման յայտնի ցեղասպանութիւնների ժխտման միջեւ հնարաւոր յարաբերութիւնների հարցը»: Դր. Չերնին, որը գործող հոգեբոյժ է, հարց է տալիս. «արդեօ՞ք Հոլոքոստը կամ այլ ցեղասպանությունները հերքողներից ոմանք իրականում խենթ են կամ աւելի քաղաքավարի գիտական ձեւակերպմամբ` հոգեկան հիւանդ: Չէ՞ որ դրա ակնյայտ դրսեւորումը` այն հիմնական յայտարարութիւնը, թէ ցեղասպանութեան խոշոր պատմական եղելությունը, (որը, ինչպէս ամբողջ աշխարհը գիտի, տեղի է ունեցել) երբեք տեղի չի ունեցել, խենթություն է»: Պրոֆ. Չերնին նաեւ գրում է. «Շատ հնարաւոր է, որ տուեալ հերքողը տառապի անհատի վարքագծի bona fide տիպի պարանոյիդային շեղումով կամ նոյնիսկ հոգեկան պարանոյիդային է'լ աւելի վատ վիճակում լինի»: Թէեւ Չերնիի ախտորոշումը անակնկալ չէ հայերի համար, սակայն լաւ է այս տհաճ խնդրի առթիւ ստանալ հոգեկան առողջութեան գծով մասնագէտի տեսակետները: Թուրքական կառավարութիւնը, որը Եւրամիութեան պաշտօնեաների մեծ ճնշման տակ է, շուտով խորհրդարանին կներկայացնի «Թրքութիւնը վիրաւորելու» մասին Թուրքական քրէական օրէնսգրքի տխրահռչակ 301-րդ յօդուածի բարեփոխուած տարբերակը: Այս օրէնքը գործածուել է դատական կարգով հետապնդելու համար բոլոր նրանց, ովքեր համարձակուել են արտասանել «Հայոց ցեղասպանութիւն» բառերը, ներառեալ Հրանտ Դինքին, Օրհան Փամուքին եւ Էլիֆ Շաֆակին: Այս անհեթեթ օրէնքի վերանայուած տարբերակով էլ կարելի կլինի դատական կարգով հետապնդել բոլոր նրանց, ովքեր վիրաւորում են թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետութեանը, Պետութեանը, Խորհրդարանին, դատարաններին, զինվորականությանը եւ ոստիկանութեանը: «Բարեփոխուած» օրէնքը ոտնահարողները կարող են ենթարկուել մինչեւ 24 ամիս բանտարկութեան: Դժուվար է պատկերացնել, որ այս դրակոնյան օրէնքը Թուրքիային արժանի կդարձնի միանալու քաղաքակիրթ եւրոպական երկրների դասին: -- «Թըրքիշ դեյլի նյուզի» թղթակից Էլիֆ Օզմենեկի հաղորդման համաձայն` չբաւարարուվելով այն ծիծաղելի յայտարարութեամբ, թէ «մուգ մաշկ ունեցող» ամերիկացիները այն թուրք նավաստիների ժառանգներն են, որոնք դարեր առաջ նաւաբեկութեան էին ենթարկուել ԱՄՆ-ի արեւելյան ափին, որոշ թուրքեր այժմ պնդում են, թէ իրենք բնիկ ամերիկացիների (ամերիկեան հնդկացիների) արիւնակից բարեկամներն են: Յօդուածը նաեւ պնդում է, թէ թուրքերենի եւ բնիկ ամերիկեան լեզուների միջեւ նմանութիւններ կան: Որոշ թուրքեր, որոնք ներկայ են եղել Նյու Յորքում «ԱՄՆ-ում Ստամբուլի համալսարանի սաների միաւորման» կազմակերպած վերջին համաժողովին, հարցնում էին, թէ արդեօ՞ք թուրքերն այժմ կարող են Միացեալ Նահանգներ գալու այցագրեր ստանալ իրենց նոր յայտնաբերուած ամերիկացի-հնդկացի ազգականների հրաւէրով: Այս արտառոց համաժողովի իրական օրակարգն ի յայտ բերեց Սաների միաւորման նախագահ Ալի Չինարը, հանդիսաւոր կերպով յայտարարելով. «ԱՄՆ Սենատում (ոչ աւել, ոչ պակաս) 15 բնիկ ամերիկացի սենատոր կայ: Այդ պատճառով, ես այս համաժողովը դիտարկում եմ նաեւ որպէս կարեւոր տարր` թուրքական լոբբին ամրապնդելու եւ ԱՄՆ Սենատում եղած դրա աջակիցների թիւն աւելացնելու հարցում»: -- «Թուդեյս Զաման» թերթի յայտնի թուրք մեկնաբան Ալի Հ. Ասլանը արձագանքել է «Օբամայի հասցէին Էրդողանի արած վիրաւորական բառերը ընտրութիւններից յետոյ կարող են վնասել Թուրքիային» վերնագիրը կրող իմ նախորդ նիւթին: Փետրուարի 8-ի իր յօդուվածում պրն. Ասլանը գրում է. «Վատ լուր` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Հաշուի առնելով ԱՄՆ-ի «Սուպեր երեքշաբթի»-ի նախնական ընտրութիւնների արդիւնքները` Բարաք Օբաման, որին Էրդողանը «խարազանեց» այն բանից յետոյ, երբ նա խոստացաւ ճանաչել այսպէս կոչուած «Հայոց ցեղասպանութիւնը», երբեք այդքան մօտ չի եղել 2008թ. նախագահական ընտրութիւններին Դեմոկրատական կուսակցութեան կողմից առաջադրուելու համար յաղթանակին»: Եթէ սենատոր Օբաման նոյեմբերին հաղթի, ամերիկայերի մէջ կարող է ցանկութիւն առաջանալ յիշեցնելու նրան թուրք վարչապետի վիրաւորական բառերը, որպէսզի նա համապատասխան կերպով վերաբերուի Թուրքիային: -- Վերջապէս, նոր ձեւաւորուած «ԱՄՆ-ի ազերիների ցանցը» յայտարարեց, որ իր «400 հազար» անդամները սատարելու են նախագահի հանրապետական թեկնածու Ջոն մաքքեյնին: Բոլոր ամերիկացիների նման ադրբեջանցի-ամերիկացիները եւս ունեն իրենց նախընտրած թեկնածուին սատարելու իրաւունք: Միակ խնդիրն այն է, որ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող եւ քուէարկելու համար գրանցուած ադրբեջանցիների թիւը երեւի թէ մի քանի հազարից աւելի չէ: Սենատոր մաքքեյնը լաւ կաներ, որ յոյսը չդներ մի բուռ ադրբեջանցիների վրայ` իր քաղաքական ապագան ապահովելու գործում:
  -   Յօդուածներ