ՄԱՐՏԻ 21-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ<br /> ԱՇԽԱՐՀԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ<br />


ՄԱՐՏԻ 21-ԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
ԱՇԽԱՐՀԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

  • 18-01-2008 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 21-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Խաղաղութիւն աշխարհին» համերգ: Ինչպէս յայտնում է www.worldpeaceevents.com կայքը, առաջին անգամ տարբեր երկրների առաջատար արուեստագէտներ եւ կատարողներ կհանդիպեն` ունենալով աշխարհում խաղաղութեանը նպաստելու ընդհանուր տեսլական: Իրադարձութեանը ամբողջ աշխարհում 2 մլրդ մարդ է հետեւելու հեռուստատեսութեան, ինտերնետի, թերթերի եւ ամսագրերի միջոցով: Այս միջոցառումը նման է «Live 8» կոչւող համերգներին եւ վերջերս կազմակերպուած «Live Earth»-ին: «Խաղաղութիւն աշխարհին» յատուկ բարեգործական միջոցառումների նպատակն է երաժշտութեան միջոցով նպաստել խաղաղութեան հաստատմանը: «Մենք շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն ենք եւ հրաւիրում ենք միւս բոլոր ընկերութիւններին, կազմակերպություններին եւ խմբերին` միանալու մեզ` աջակցելու Խաղաղութեանը նուիրուած մեր միջոցառումներին եւ խաղաղութիւն հաստատելու մեր տեսլականին»,- նշւում է www.worldpeaceevents.com կայքում: Ըստ կայքի` այս միջոցառումը «Խաղաղութեան բաց հռչակագիր» է: Նախաձեռնութեան նպատակն է միաւորել ամբողջ աշխարհի մարդկանց` երաժշտութեան միջոցով իրար կապելով Արեւելքն ու Արեւմուտքը, կազմակերպել «Խաղաղութիւն աշխարհին» յատուկ բարեգործական միջոցառումներ առաջատար երաժիշտների, դերասանների, բարձրաստիճան պաշտօնեաների եւ երկրների առաջնորդների մասնակցութեամբ եւ դրանց լուսաբանումը հեռուստատեսութեան, ռադիոյի, թերթերի, ամսագրերի եւ ինտերնետի միջոցով, միաւորել տարբեր ազգութիւնների եւ կրօնների պատկանող մարդկանց մարդասիրութեան դրօշի ներքոյ, երաժշտութեան միջոցով նպաստել խաղաղութեան հաստատմանը, ստացուած հասոյթները յատկացնել բարգործությանը: Ինչպէս նկատել է «Խաղություն աշխարհին` յանուն կեանքի» միջոցառումների խօսնակ Արքայազն Ալին, անկախ կրոնական պատկանելութիւնից` մենք պէտք է հարգենք իրար եւ միասին ապրենք խաղաղութեան դրօշի ներքոյ: Նշենք, որ 2008թ.-ին կայանալիք «Խաղաղութիւն աշխարհին` յանուն կեանքի» միջոցառումներին մասնակցելու են հրաւիրուած Անդրեա Բոչելլին, Մադոննան, Մըրայա Քերին, Փոլ Մաքքարթնին, Քայլի Մինոուգը, Սելին Դիոնը, Ռիկի Մարտինը, Սթիվի Ուանդերը, Թինա Թըրները եւ շատ ուրիշ անհատ կատարողներ եւ խմբեր:
  -   Միջազգային