ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԼԻԱԶՕՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ ԻՐԱՆԻՆ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԼԻԱԶՕՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՐՈՒԱԾԵԼՈՒ ԻՐԱՆԻՆ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

  • 15-10-2007 16:02:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սահմանադրական լիազօրութիւններ չունի առանց Կոնգրեսի համաձայնութեան հարուած հասցնելու Իրանին: Այս մասին յայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խօսնակ Նենսի Փելոսին: «Ես չեմ կարծում, որ նախագահի ունեցած որեւէ լիազօրութիւն թոյլ է տալիս նրան Իրան մտնել առանց Կոնգրեսի կողմից ակտի»,- հոկտեմբերի 14-ին Էյ Բի Սի հեռուստաընկերութեան եթերում յայտարարել է Փելոսին: Հաստատելով, որ տուեալ պահին Բուշը այդպիսի խնդրանքով Կոնգրես «չի դիմել», Ներկայացուցիչների պալատի խօսնակը յիշեցրել է, որ «ԱՄՆ-ի ցանկացած նախագահ, եթէ մեր երկիրը ենթարկուել է յարձակման..., շատ լուրջ լիազօրութիւններ ունի պատասխանելու այդ երկրին, բայց միւս բոլոր դէպքերում նա պարտաւոր է դիմել Կոնգրեսին»: Փելոսին դէմ է արտայայտուել նաեւ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպութիւն յայտարարելու եւ այդ կորպուսի կառոյցների եւ զինծառայողների դէմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի Սենատի վերջերս ընդունած բանաձեւին:
  -   Միջազգային