ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁԵՒԱՒՈՐՄԱՆ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ<br /> ՊԱՀԱՆՋԻՆ<br />


ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁԵՒԱՒՈՐՄԱՆ ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ
ՊԱՀԱՆՋԻՆ

  • 12-10-2007 20:25:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իր անունով կոչւող դաշինքի ղեկավար Իւլեա Տիմոշենկոն համաձայնել է խորհրդարանական կոաիցիայի եւ կոալիցիոն կառավարութեան ձեւաւորման վերաբերեալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի բոլոր պահանջներին: Այս մասին նա յայտնել է մամլոյ ասուլիսում: «Մենք ընդունել ենք նախագահի այն պայմանը, որ ներքին գործերի նախարարի թեկնածութիւնը, որ ըստ Սահմանադրութեան կոալիցիան է առաջարկում, առաջարկելու է նախագահը»,- ասել է Տիմոշենկոն: Ըստ նրա, նախագահի երկրորդ պայմանը նախարարների կաբինետի մասին օրէնքի նոր խմբագրութեան ընդունումն էր: «Մեր երկու թիմերը (ՅՈՒՏԴ-ն եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն») ամբողջովին համաձայնեցրել են օրինագիծը: Չի մնացել ոչ մի տարաձայնութիւն, եւ մենք պատրաստ ենք այն քննարկել առաջնահերթ, մինչեւ կառավարութեան ձեւաւորումը»,- յայտարարել է Տիմոշենկոն: Նախագահի երրորդ պահանջը եղել է 2008 թուականի ընթացքում հանրաքուէի դնել Սահմանադրութեան նոր խմբագրութիւնը: «Մենք համաձայնեցրել ենք նաեւ նոր Սահմանադրութեանն առնչուող ընթացակարգային հարցերը,- ասել է Տիմոշենկոն:- Դա համընկնում է մեր թիմի պահանջներին` հանրաքուէով որոշել կառավարման ձեւը, այնուհետեւ ընդունել նոր խմբագրութիւնը»:
  -   Միջազգային